ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին:
Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել հայ հոգևոր մշակույթի ճանաչմանն ուղղված նրա գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է հոգևոր արժեքների պահպանությունը և նշել, որ Իտալիայի Մխիթարյան միաբանությունը՝ որպես գրատպության և կրթության գիտամշակութային կենտրոն, հարյուրամյակներ շարունակ հայրենանվեր առաքելություն է իրականացրել: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ՝ ընդգծելով կարդինալի դերն այդ համագործակցության սերտացման գործում:
Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին և խստորեն դատապարտել Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այդ օրերին ամբողջ աշխարհից Հայաստան ժամանող պաշտոնյաների ներկայությունը կլինի համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը, քանի որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր:
Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան և տպավորված է հայկական մշակույթով: Նա նշել է, որ կարևորում է հոգևոր և մշակութային արժեքների պահպանությունը և նույնիսկ հայկական խաչքարերի պահպանման հարցով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ և Սուրբ Աթոռի միջև բարեկամական կապերի ամրապնդման և հոգևոր-մշակութային համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:
Ազգային ժողով