Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանում բազմաթիվ ապրանքների թանկացումներն անխուսափելի կլինեն»

Հոկտեմբեր 27,2014 18:07

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» կազմակերպությունը Կապանում «Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» թեմայով սեմինար էր կազմակերպել` նպատակ ունենալով հանրապետությունում նախատեսված ընդհանուր 20 սեմինարի շրջանակներում իրազեկել հանրությանը եւ բազմակողմանի տեղեկատվություն տրամադրել այս գործընթացի եւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Սեմինարի ընթացքում կապանցի մասնակիցներին ներկայացվեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության նախապատմությունը, գործընթացը, քննարկվեցին, թե ինչ քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ են սպասվում Հայաստանին ԵՏՄ-ում: Օրակարգում տեղ էին գտել նաեւ թեմաներ հայ-ռուսական հարաբերությունների եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Սեմինարի կազմակերպիչները ցուցադրեցին իրենց կատարած ուսումնասիրությունների հիման վրա պատրաստված տեսանյութերը, ներկայացրեցին թե ինչ գնաճ է սպասվում Հայաստանում ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում շուրջ 900 անուն ապրանքներ:

etm2 Etm
Սեմինարի կազմակերպիչները նշեցին, որ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի արած հայտարարություններն այն մասին, որ ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ Հայաստանի եւ Մաքսային Միության միջեւ ձեռքբերվել են համաձայնություններ, դրանք բացառապես ժամկետների վերաբերյալ էին:

«Սեպտեմբերին, երբ ի վերջո կարողացանք ստանալ այդ ցուցակները, պարզ դարձավ, որ բանակցությունները ոչ թե արտոնությունների մասին են, այլ ժամանակավոր արտոնությունների: Օրինակ ավտոմեքենաների թանկացումը չի լինի հունվարի 1-ից, այլ 5 տարի հետո, ապրանքների թակացումներն անխուսափելի կլինեն` մի մասը հունվարից, մի մասը մի առ ժամանակ հետո: 7000 անուն ապրանք թանկանալու է, 1700 անուն ապրանք կէժանանա, մի քանի հազարի գինն էլ նույնն է մնալու», -ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը եւ նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանում բազմաթիվ ապրանքների թանկացումներն անխուսափելի կլինեն, իսկ մի շարք որոշումներ Երեւանի փոխարեն կկայացվեն Մոսկվայում:
Կազմակերպության կատարած ուսումնասիրության համաձայն` էական թանկացումներ են սպասվում դեղորայքի շուկայում, կթանկանա սերմնացուն, շաքարավազը, ավտոմեքենաներն ու ավտոբուսները, նույնիսկ զուգարանի թուղթը եւ այլն:

«2013թ-ին Հայաստան է ներմուծվել 110 մլն դոլարի դեղորայք, ՀՀ-ում դեղորայքի ներմուծման համար գործում է զրոյական մաքսատուրք, իսկ ԵՏՄ-ում` 8-12 տոկոս: Քանի որ դեղորայքի մեծ մասը բերվում է Եվրոպայից եւ Ամերիկայից, ապա ակնհայտ է, որ դրանց գինը կբարձրանա առնվազն 8 տոկոսով: Շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10 տոկոս մաքսատուրք, եւ 2013 թվականին ներմուծվել է 40 մլն դոլարի շաքարավազ, ԵՏՄ-ի մաքսային օրենսգրքով շաքարավազի մաքսազերծումը շուրջ 4 անգամ թանկ է: Իսկ Հայաստանը շաքարավազ գերազանցապես ներմուծում է Բրազիլիայից եւ Ուկրաինայից, հետեւաբար գնի զգալի բարձրացում կնկատվի: Զգալիորեն կթանկանան նաեւ ավտոմեքենաները: Եթե այժմ 10-15 տարվա ավտոմեքենան Հայաստան ներմուծելիս վճարում ենք դրա արժեքի 40 տոկոսը, ապա ՄՄ-ին անդամակցելիս` այդ թիվը կարող է հասնել 230 տոկոսի: Կթանկանա նաեւ ավտոբուսները, որոնք Հայաստան են բերվում Չինաստանից, Ուկրաինայից եւ Հարավային Կորեայից», – նշված է ուսումնասիրության մեջ:

Դանիել Իոաննիսյանը նաեւ ընդգծեց, որ Հայաստանը որպես պետություն չի կարողանալու ինքնուրույն որոշել մաքսային քաղաքականությունը, որ պետության հետ ինչպիսի արտաքին առեւտրային հարաբերություն կառուցի, որտեղ մաքսակետ դնի, որտեղ`ոչ: Մի խոսքով` Հայաստանն անկախ մարմին չի լինելու այս ոլորտում: Նա նաեւ շեշտեց, որ այս ամբողջ ընթացքում հանրությունից գաղտնի էր պահվում ԵՏՄ-ի հետ բանակցությունների մանրամասները:

«Եվրամիությանն անդամակցելու պայմանագիրը կար դրված կայքում, իսկ ԵՏՄ-ի հետ պայմանագիրը գաղտնի էր պահվում: Մեր կազմակերպությունը արտգործնախարարությանը դատի տվեց, որպեսզի ստանա այդ պայմանագիրը: Սեպտեմբերի 3-ից մի տարի անցել էր, մենք չգիտեինք ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը: Մինչեւ դատարանի վճիռը գործը չհասավ, ի վերջո պայմանագիրը սեպտեմբերի վերջին տվեցին մեզ, իսկ այս ամբողջ ընթացքում ոչ մեկը չգիտեր ո՞ւր է գնում մեր երկիրը», ասաց նա:

Միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանն էլ նշեց, որ Եվրամիություն-Հայաստան բանակցություններից հետո կտրուկ ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումն անդրադարձավ Հայաստանի արտաքին վարկանիշի անկման վրա: Նա նաեւ հավելեց, որ Ֆրիդոմ հաուս միջազգային կազմակերպության ցուցանիշների համաձայն` Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշն ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, քան ԵՏՄ-ի կազմում ընդգրկված Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ցուցանիշը:

Հ/կ ներկայացուցիչների եւ տարբեր մասնագիտություն ունեցող կապանցիների մասնակցությամբ անցկացված սեմինարի ժամանակ քննարկում ծավալվեց նաեւ հայ-ռուսական հարաբերությունների, հայ-ռուսական ռազմական համագործակցության եւ այլ թեմաների մասին:

ԵՏՄ-ի, ԵՏՄ-Հայաստան համագործակցության հեռանկարների, հետեւանքների եւ այլ թեմաների մանրամասները` տեսանյութերում

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031