Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք միտինգ անում. ինչ-որ ասում եք, ասեք խորհրդարանում». Մերուժան Տեր-Գուլանյան

Հոկտեմբեր 27,2014 17:50

«Ընդդիմադիր ուժերի՝ վերջին շրջանի հանրահավաքները, նրանց քաղաքակիրթ պահվածքը քաղաքական նոր կուլտուրա են բերում Հայաստան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը համաձայնեց, որ քաղաքական նոր մշակույթ է ձևավորվում, և հանրահավաքներն անցնում են հանդարտ, խաղաղ, առանց վիրավորելու, բայց. «Ի՞նչ ենք ուզում մենք՝ «միտինգավորներս»,- հարցնում է նա,- ասենք թե ելել ենք միտինգի, ի՞նչ ենք ուզում. ուզում ենք եղածը քանդե՞լ, թե՞ վերակառուցել: Մեծ տարբերություն կա սրանց միջև: Բացի այդ, ինձ համար անհասկանալի է մնում, թե ինչու են խորհրդարանական կուսակցությունները միտինգ հրավիրում, հրահրում, բորբոքում: Երբ դա անում են ոչ խորհրդարանական կուսակցությունները, ես հասկանում եմ նրանց. նրանք ուզում են խորհրդարան մտնել, ձայն ունենալ, և դա բնական է, բայց երբ խորհրդարանական կուսակցություններն են միտինգ հրավիրում, ես դա չեմ հասկանում. փառք Աստծո, խորհրդարանում այսօր ով ինչ ուզում է, ասում է: Էլ ինչո՞ւ եք միտինգ հրավիրում, ինչ որ ասում եք, ասեք խորհրդարանում, չէ՞ որ այնտեղ ամբիոն ունեք, խոսափող, խոսեք ինչքան ուզում եք և ինչ ուզում եք: Ինչո՞ւ եք ժողովրդին հանում իրար դեմ»:

Աբգար Ափինյանն էլ գտնում է, որ համատարած դժգոհություններին ու բողոքներին վերջ կտրվի միայն այն ժամանակ, երբ ասպարեզը տրամադրվի լավագույն մասնագետներին. «Ես կարծում եմ, որ չկա այնպիսի մարդ, որը դեմ լինի փոփոխություններին, սակայն ի՞նչ ուղղությամբ պիտի տարվեն այդ փոփոխությունները՝ հին, նախկին մեխանիզմո՞վ, երբ կուսակցություններն իրենց անորակ կադրերին բերում-լցնում էին կառավարություն՝ երկիրը տանելու հետընթացի ճանապարհով, թե՞ այլ ճանապարհ կա: Ես կարծում եմ, որ տնտեսական, սոցիալական բազմաթիվ խնդիրներ ընդամենը մեկ օրում կլուծվեն, եթե ոլորտները ղեկավարվեն մասնագետների կողմից, որովհետև մասնագետը գիտի ինչպես կարելի է կարճ ժամանակահատվածում լուծումներ փնտրել տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական ու գիտական հարցերի համար:

Այսօր մենք ունենք մի կառույց, որով իսկապես հպարտանում ենք. դա մեր բանակն է, որի ղեկավարը Արցախյան պատերազմի հերոս է: Նա պատերազմի մասին դասագրքերից ու հոլիվուդյան ֆիլմերից չի իմացել: Ահա թե ինչու մենք հպարտության արժանի բանակ ունենք»,- ասաց Ա. Ափինյանը:

Բանախոսներն անդրադարձան նաև այն հարցին, թե ինչ է սպասվում Հայաստանին Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո:

Պարզվում է՝ Երևանի գրողների միության նախագահը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությունում մեզ լավ օրեր են սպասվում. «Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ Հայաստանը կարող է շատ շահել,- ասում է նա,- ի վերջո, մեծ հնարավորություններ են բացվում բոլոր ոլորտներում: Խնդիրը միայն այն է, թե մենք կկարողանա՞նք արդյոք ճիշտ և արդյունավետ համագործակցել մեր գործընկերների հետ: Եթե կարողանանք, կշահենք: Մեզ, իսկապես, լավ օրեր են սպասվում»:

Մ. Տեր-Գուլանյանն էլ ասաց, որ թեև ինքը հոգու խորքում եվրոպամետ է, բայց այսօրվա իրավիճակը մեզ թելադրում է ասիական կողմնորոշում ունենալ. «Սակայն դա չի նշանակում, որ մեր երկիրը պիտի կառուցենք այնպես, ինչպես դա անում է Բելառուսը,- ընդգծեց նա,- մենք ազատ երկիր ենք և մեր ազատությամբ պիտի ապրենք: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի միջև մաքսային կետ դնել-չդնելուն, ապա այդ կետը չպիտի լինի: Եթե լինի, ուրեմն իզուր ենք մտնում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Եթե այդ պ-ն Մ.տեր-Գուլանյանին պայմանականորեն ընդունենք որպես մտավորական (առանց այդ ,,տիտղոսը,, չակերտների մեջ վերցնելու),ապա մնում է միայն զարմանալ նրա զարմանալու վրա:Տպավորություն է ստեղծվում,որ նա մի շաբաթ առաջ է իրենց գյուղից քաղաք տեղափոխվել և երևանյան անցուդարձից տեղյակ չէ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031