Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս» Հ/Կ) կազմել է «Մեդիագրագիտություն» ձեռնարկը եւ վերապատրաստել մի շարք մանկավարժների: Aravot.am-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանից հետաքրքրվեց, թե այս ընթացքում կենտրոնը մեդիա դաշտում ի՞նչ փոփոխություններ է արձանագրել: Նա դժվարացավ պատասխանել` պատճառաբանելով, որ փոփոխությունները արձանագրելու համար պետք է հետազոտություններ կատարել.
«Մենք հետազոտություն չենք կատարել, դժվարանում եմ այս մասին խոսել: Բայց ոչ միայն մենք ենք զբաղվում դրանով, կան փոքր կազմակերպություններ, որոնք երիտասարդների, երեխաների հետ են շատ աշխատել, որոշ դպրոցներում բավականին ակտիվ է եղել մեդիագրագիտությունը»:
Նունե Սարգսյանը հավելեց, որ մեդիագրագիտությունը լայն հասկացություն է, եւ իր մեջ ներառում է ինչպե՞ս հասկանալ եւ ինչպե՞ս ստեղծել մեդիան, այսինքն` այն տարբեր գաղափարների վրա է հիմնված: Նրա խոսքերով` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մեդիագրագիտությունը կրթության հիմքում է դրել. «Չէի ասի, թե մի անգամից ստացվում է, բայց ինչ-որ քայլեր արված են»:
Տիկին Սարգսյանը նշեց, որ ժամանակ առ ժամանակ հետազոտություններ պետք է կատարել` պարզելու համար, թե մեդիա դաշտում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել եւ ի՞նչ կարիքներ ունի հասարակությունը. «Հոկտեմբերի 27-28-ը տեղի ունեցող աշխատաժողովով մենք փորձում ենք փոքր մասշտաբով դա անել: Գուցե մեծ հետազոտություն չէ, բայց համենայն դեպս փորձագետային հարցման նման մի բան է, որը փորձում է մեզ ցույց տալ, իսկ ի՞նչ է փոխվել, ի՞նչ ենք արել եւ ի՞նչ կարող ենք անել որպես հաջորդ քայլ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ