«Եռյակում եղած յուրաքանչյուր ուժ իր առանձին պլաններն ունի: Իմ գնահատականով, այսօր իրականանում է միայն Գագիկ Ծառուկյանի նախանշած պլանները: Ինքը հստակ դառնում է այդ կոնտեքստի լիդերը, իր խոսքից է կախված ամեն ինչ: Ինքը չի թաքցնում դա, ցուցադրում է: Խորհուրդ կտայի քիչ երրորդ դեմքով ինքն իր մասին խոսեր, սիրուն չի: Հանրահավաքներից առաջ լավ կաներ պատրաստեր բանավոր խոսքը: Ես երեւի 100-ից ավելի հանրահավաքների եմ մասնակցել, բայց նույնիսկ երբ կարճ խոսք էր նախատեսված, ես պատրաստվում էի: Այնպես որ, ամոթ չի, թող նախապատրաստվի, վերջիվերջո ժողովրդի առաջ է ելույթ ունենում»,- այսօր լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսպիսի գնահատական տվեց՝ պատասխանելով հարցին, թե ինչ է լինելու «համաժողովրդական շարժման» վերջը:
Aravot.am-ի հարցին՝ այսօր կարո՞ղ ենք ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումը ԲՀԿ-ի մասով իրականացավ այն առումով, որ երբ ՀԱԿ դաշինքից անջատվեցին քաղաքական ուժեր, ասում էին, որ հնարավոր չի Գագիկ Ծառուկյանը իշխանափոխության գնա, հարթակում կանգնի՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանի մոտեցումները իրականացան, որովհետեւ այսօր ինքը դարձավ հստակ ընդդիմադիր զանգվածի լիդեր՝ ոչ իշխանություն լինելով: Մարդը չի էլ ընդունել, որ ինքը ընդդիմադիր է: Ոչ իշխանություն լինելով՝ ապահովեց հասարակական զանգված, որը Գագիկ Ծառուկյանին ընդունի որպես Հայաստանի հաջորդ նախագահի թեկնածու, որն իր ճանապարհով հստակ գնում է: Գիտեք, իշխանություններին քննադատել, ասել դուրս կգամ փողոց՝ դրանով ինձ չես զարմացնի, է: Ես Արտաշես Գեղամյան եմ տեսել: Այնպիսի ելույթներ՝ իշխանությունների եղբայրներից սկսած՝ ծնողներով դուրս եկած եւ հետո այսօրվա վիճակը: Դրանով ինձ զարմացնել չի լինի: Մանավանդ Գագիկ Ծառուկյանի ասածները շատ անմեղ ասած բաներ էին:
Վերջիվերջո խոսքը իրենն է, ինքն այս վերջին հանրահավաքում ապացուցեց, որ մարդ բերողն ինքն է, մարդիկ գալիս են իրեն լսելու, ոչ թե նրանց լսելու, իսկ դա ինձ համար, անկեղծ ասած, տխուր էր: Տխուր էր Լեւոն Տեր-Պետրոսյանի համար եւ Ստեփան Դեմիրճյանի: Ես Արտաշես Գեղամյանից էլ շատ բաներ եմ սովորել, ես չեմ ափսոսում, որ ձեռքը բռնել եմ ու հրապարակում կանգնել եմ: Րաֆֆի Հովհաննիսյանից էլ: Բայց այս պարագայում սրտի ցավ եմ զգում, չէի ուզենա այդ տեսնել»:
Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը Եռյակի միջոցով ինչքանո՞վ եք հնարավոր համարում՝ նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն այն անհատն է, ով իրավունք ունի հետ վերադառնալու, ով արժանիքներ ունի հետ վերադառնալու: Նույնիսկ Դաշնակցությունը նման բան չի հայտարարել: Այնպես որ, բացարձակ չէի բացառի: Կոնկրետ ՀԱԿ-ի մասով կասկածում եմ, ՀԱԿ-ը չի գնա դրան, բայց ԲՀԿ-ն, որն այսօր տերն է, որը ինքն է վճարում եւ ինքն է խմում շամպայնը, կարող է բերել, չեմ բացառի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ