Երիտասարդ ռեժիսոր, ԵԹԿՊԻ Կինոռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանող (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց) Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմն արժանացել է ղազախական «ԲԱՍՏԱՈՒ» ուսանողական ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։
Փառատոնը, որին այս տարին մասնակցել են 25 երկրի ավելի քան 190 ներկայացուցիչներ, անցկացվում է Ալմաթիում (նախկինում՝ Ալմա Աթա)։
«Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձեռնարկած քայլերի, կյանքի ընթացքը փոխելու փորձի մասին է: Նրանք այդ քայլերն անում են պարի միջոցով. բազում դժվարություններ հաղթահարելու գնով բեմ են բարձրանում: ԱՄՆ դեսպանատան եւ «Կյանքը առանց սահմանների» ծրագրի նախաձեռնությամբ իրականացրած «Աղջիկը լուսնի վրա» նախագիծը պարային ներկայացում է, որի մեջ ընդգրկված են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ։
Մի քանի ամիս հետեւելով ներկայացման փորձերին եւ կատարելով նկարահանման աշխատանքներ, Արեն Մալաքյանը փորձել է ավելի լայն բացել փակագծերը՝ ֆիքսելով հերոսների էմոցիաները՝ ոչ ստանդարտ իրավիճակներում։ Ֆիլմում հաշմանդամություն ունեցող երիտասարդները պրեմիերայից առաջ անկեղծանում են տեսախցիկի դիմաց՝ շատ անգամ չմանրամասնելով, թե ռեժիսորն ինչ դրդապատճառներով է անսովոր հարցադրումներով հանդես գալիս։
Նշենք, որ Արեն Մալաքյանն այս տարվա ընթացքում արժանանում է երկրորդ միջազգային մրցանակին։ 2014թ․-ի սկզբին Մալաքյանի «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով» կարճամետրաժ ֆիլմը Սոֆիայի «Նոր ալիք» միջազգային կինոփառատոնում հաղթեց «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։
Երիտասարդ ռեժիսորն ակտիվ կերպով ներառված է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կինոյի զարգացման ծրագրերում։ Անցյալ տարի Արենը մասնակցել է «Աշխարհը արեւածագից մինչեւ մայրամուտ» լեհական վավերագրական ֆիլմերի նախագծին, որի ընթացքում նկարահանել է «Տատ ու պապ» վավերագրական ֆիլմը, որն արժանացել է լեհական կինոդպրոցի պրոֆեսորների ուշադրությանը։
Հ․Գ․ «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի պրոդյուսերն է Էդգար Բաղդասարյանը, օպերատորներ՝ Մարտին Հովհաննիսյան, Վազգեն Մարտիրոսյան, մոնտաժը՝ Արեն Մալաքյանի։