«Մեր ժողովրդի գերակշռող մեծամասնությունը գիտի, որ Հոկտեմբերի 27-ը` պետության դեմ այս աննախադեպ հարվածը, մինչեւ վերջ բացահայտված չէ, և քանի դեռ չունենք ժողովրդին պատկանող սահմանադրական իշխանություն, չի էլ բացահայտվի: Մեր քաղաքացիների խնդիրն է` որքան կարող ենք հանդուրժել այս վիճակը: Դրա համար անհրաժեշտ է, որ մեր ժողովուրդը միասին կանգնի և ունենա վերջապես այն իշխանությունը, որը հաշվետու է իրեն, որը պաշտպանում է իրեն, և որը ըստ արժանվույն «Մարտի մեկի», «Հոկտեմբերի 27-ի» և մնացած ոճիրների ծալքերը կբացի: Ներկա դրությամբ դա անհնար է, և, իհարկե, պիտի թաքցնեն»,- այսօր ասաց «Հոկտեմբերի 27»-ին սպանված Կարեն Դեմիրճյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Պանթեոն եկած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե Եռյակի ներսում առկա տարաձայնություններով հնարավո՞ր է իշխանափոխություն իրականացնել, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եթե մենք լուրջ մոտենանք Հոկտեմբերի 27-ի այս աննախադեպ հարվածին մեր պետության դեմ, ելքերը կգտնենք: Այդ ելքերը ենթադրում են միասնականություն, արժանապատվություն և ժողովրդի առջև հաշվետվողականություն. հույս ունենք, որ կհասնենք դրան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ