Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյանը`Արտեմ Ասատրյանին. «Տարբեր եվրոպական երկրներ չունեն այն դեմոգրաֆիական խնդիրը»

Հոկտեմբեր 27,2014 16:51

«Զարմանում եմ, որ մշտապես պետությունը փորձում է հարմարեցնել օրենքները վարչարարությանը»,- այսօր խորհրդարանում, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու աղմկահարույց նախագծի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Լսումներին ներկա ՀՀ սոցապ նախարարը չհամաձայնեց պատգամավորի այս, ինչպես նաեւ մնացյալ դիտարկումների հետ: «Տարբեր եվրոպական երկրներ չունեն այն դեմոգրաֆիական խնդիրը, որն ունի Հայաստանը, չունեն ծնելիությունը խթանելու խնդիր, որն ունի Հայաստանը»,-շարունակեց ԲՀԿ-ական պատգամավորը`հակադարձելով կառավարության ներկայացուցիչների այն դիտարկումներին, որ նախագիծը գրելիս օգտվել են միջազգային փորձից:

«Ուրախ եմ, որ սա քննարկման առարկա է ու հուսով եմ, որ վերջնական քննարկման կներկայացվի այնպիսի նախագիծ, որը կբխի մայրերի շահերից»,- շարունակեց Էլինար Վարդանյանը`ընդառաջ գնալով նախարար Արտեմ Ասատրյանի կողմից պարբերաբար հնչող այն մտքին, որ նախագիծը քննարկման առարկա է եւ փոփոխությունների ենթակա: Ապա, արձագանքելով նախարարի արած այն դիտարկմանը, որ երեք անգամ նպաստներն աճել են, բայց ծնելիությունը չի աճել, պատգամավորը հիշեցրեց. «Այս ծախսերը ուղղված չեն ծնելիության մեծացմանն, այլ նրան, որ պահպանվի ներկայիս մակարդակը»:
Մինչ այդ Արտեմ Ասատրյանն ասաց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ մեկ -երկու ամիս առաջ աշխատանքի ընդունված կանանց վճարվում են մեծ չափով աշխատավարձ-պարգևատրումներ, որոնք էական ազդեցություն են ունենում պետական բյուջեով վճարվող փոխհատուցման վրա. «Սա մտահոգիչ է և պետք է փոխվի»: Այս դիտարկումը նախարարն արեց`արձագանքելով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին, թե ի վերջո ի՞նչ նպատակ է հետապնդում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որն այսքան դժգոհություններ է առաջացրել:

Այս առիթով Էլինար Վարդանյանն էլ առաջարկեց, որ կառավարությունը փորձի ռիսկային գործատուներին հայտնաբերել ու պատժել`վնաս չպատճառելով աշխատող հղիներին, ովքեր նաեւ ՀՀ-ի հարկատուներ են: Նախարարը վստահեցրեց, որ փաթեթում ներառված առաջարկությունները միտված են բացառապես առկա խնդիրների լուծմանը: «Ես չեմ ասում, որ ներկայացված առաջարկները ամենալավն են, բայց մենք պատրաստ ենք քննարկել ու գալ համաձայնության խնդիրների ու դրանց լուծումների շուրջ: Այլապես հետագայում կունենանք ավելի լուրջ խնդիրներ»,- ասաց նախարարը:

Սոցապ պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանն էլ հավելեց, որ ընթացիկ տարվա ընթացքում նպաստ ստացած կանանց թվում շուրջ 8500 կանայք մինչև վեց ամսվա ժամանակահատվածում են տվյալ գործատուի մոտ անցել աշխատանքի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031