Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարավոր մարդկանց օգնած բժիշկն օգնության կարիք ունի

Հոկտեմբեր 27,2014 16:39

Բորիկ Կոստանյանը խորհրդային տարիներին բնակվել է Բյուրեղավանում, որպես բժիշկ աշխատել Երեւանի տարբեր բուժհիմնարկներում: 1989թ. վերջին հատուկ տնտեսական ծրագրերի կոմիտեի կողմից որպես բժիշկ- կոնսուլտանտ ուղարկվել է Շահումյանի շրջան: 1991թ. մարտի 25-ին վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու ժամանակ արկի պայթյունից ծանր վիրավորվել է, կոնտուզիա ստացել, դարձել հաշմանդամ:

1991-ին ամուսնալուծվելով, առանց գրանցվելու բնակություն է հաստատել հայրենի Սարիգյուղում, չամուսնացած քրոջ՝ Ամալյայի հետ՝ վերջինիս ժառանգած հայրական տանը: Բ. Կոստանյանը Գետաշենից 300 փախստականների սննդի եւ հագուստի աջակցություն է տրամադրել, բուժօգնություն՝ Ոսկեպարում վիրավորվածներին:
Նա մեզ ցույց տվեց Ադրբեջանից փախստականներին տոննաներով շաքարավազի, հազարավոր տուփ պահածոների բաշխման վերաբերյալ փաստաթղթեր: 1991թ. Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթը դրվատանքով է գրել Բ. Կոստանյանի բարեգործությունների մասին: Վերջինս ուլտրաձայնային հետազոտության սարքով հարյուրավոր մարդկանց զննել է, ստացված հասույթը՝ 42 հազար ռուբլին փոխանցել Նոյեմբերյանի «Օջախ» բարեգործական կազմակերպությանը:

Kostanyan_2
2006թ. Բ. Կոստանյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով, 2012-ին ՊՆ « ՀՀ զինված ուժերի 20-ամյակը», 2014-ին՝ «Ծովակալ Իսակով» մեդալներով: Ստացած վերքերից տարիների ընթացքում նրա առողջությունը վատթարացել է: 2005թ. նա ճանաչվել է 3-րդ խմբի զինվորական հաշմանդամ, 2007-ին՝ ցմահ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ: 2008թ. նա դիմել է որպես 2-րդ խմբի զիվորական հաշմանդամ բնակարան ստանալու համար: Կոստանյանը համոզված է, որ դա պատճառ է դարձել, որ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն օրենքի խախտումով 2011թ. հոկտեմբերի 24-ին «իջեցնի» իր հաշմանդամության խումբը, ճանաչելով որպես 3-րդ խմբի զինվորական հաշմանդամ: Նա հանձնաժողովի այդ որոշումը բողոքարկել է վարչական դատարան: Դատական գործընթացը տեւել է 2 տարի 8 ամիս: 2014թ. փետրվարի 17-ից Բ. Կոստանյանը վերստին ցմահ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ է:
Այս ամենի հետեւանքով, ունեցած ծանր ապրումներից նա հիվանդացելէ շաքարախտով, ունեցել սրտամկանի կաթված, տառապում է ընկնավորությամբ, լսողությունը եւ տեսողությունը վատացել են: Այդ պատճառով 2013թ. մարտի 20-ին զրկվել է Սարիգյուղի դպրոցում ուսուցչի աշխատանքից: Որպես 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ՝ նա 68800 դրամ թոշակ էր ստանում, որպես 3-րդ խմբի հաշմանդամ՝ 28 հազար:

Կորցրած առողջությունը վերականգնելու, դեղորայք գնելու համար նա 4 անգամ վարկ է վերցրել: Սկզբում պարտաճանաչ մարել է վարկային պարտավորությունները, սակայն ուսուցչի աշխատանքը կորցնելով՝ հայտնվել դժվարին վիճակում: Այժմ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում քննվում են ընդդեմ 65-ամյա Բորիկ Կոստանյանի, գումարի բռնագանձման պահանջով 4 գործ՝ 2-ը «Արեգակ» վարկային կազմակերպության, մեկական՝ «Արդշինինվեստբանկ» եւ «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկերի հայցերով: 4 հայցով չմարված վարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է մոտ 400 հազար դրամ:

Դժբախտությունները ուղեկցել են Կոստանյաններին: 2012թ. ապրիլին Խաշթառակի խաչմերուկում ավտովթարից վիրավորվել է Ամալյա Կոստանյանը: Հետո մահացել են նրա ավագ քույրը, քրոջ որդին: Ղարաբաղյան պատերազմի մասնակից բժիշկ, այժմ չաշխատող Ա. Կոստանյանը իր առողջության վերականգնման, հարազատների թաղման ծախսերը հոգալու համար սարիգյուղացի մի կնոջ հետ «Ֆինկա» վարկային կազմակերպությունից 500 հազար դրամի վարկ է վերցրել, գրավ դնելով իր տունը, սակայն այդ կինը չի մարել իր հասանելիք 250 հազար դրամի վարկային պարտավորությունը: Իջեւանի տարածաշրջանից իրավաբան մի տիկին բարձր տոկոսադրույքով գումար է պարտք տվել Ամալյային, ապա՝որպես վարկատու ներգրավել նաեւ իր ընկերուհուն: «Ֆինկայի» եւ այդ 2 կանանց ներկայացրած դատական հայցերի հետեւանքով, դատական վճռով կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդի հետեւանքով Ամալյայի երկհարկանի տունը 2014թ. մարտի 31-ին 810 հազար դրամով գնել է Կիրանցի մի բնակչուհի: Ա. Կոստանյանը հիմա դատական կարգով վիճարկում է այդ գործընթացի օրինականությունը:
Բժիշկ Բորիկ Կոստանյանը առաջիկայում աչքի գլաուկոմայի վիրահատության է ենթարկվելու: Հազարավոր մարդկանց օգնած, ներկայումս դժվարին վիճակում հայտնված Բ. Կոստանյանը հույս է տածում, որ պետությունը կամ բարեգործները իրեն կօգնեն վարկային պարտքից դուրս գալու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031