ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը գտնում է, որ ֆիզիոլոգիական վիճակում գտնվող կինը, անկախ նրանից, թե ինչքան է նա աշխատել` մեկ տարի, վեց ամիս, թե տասը տարի, պետք է ստանա 100 տոկոսով փոխհատուցում: «Այդ բաժանումը սխալ է»,- այսօր խորհրդարանում հայտարարեց պատգամավորը` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու աղմկահարույց օրինագծին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի, հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները, առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը: Եվ ըստ այդմ, նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 40 տոկոսից, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է, 60 տոկոսից, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 տարի է եւ 80 տոկոսից, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է: Հեղինե Բիշարյանը նկատեց, որ եթե 80 տոկոսի հետ կարելի է ինչ-որ տեղ հաշտվել, ապա 40 և 60 տոկոսը ուղղակի անընդունելի են. «Ֆիզիոլոգիական այդ վիճակում աշխատանքի գնալը շատ դժվար է»:
Արձագանքելով պատգամավորի հարցադրմանը՝ Սոցապ պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո բազմիցս ասվել է, որ այն ենթակա է փոփոխման, ասել է թե` քննարկումները հենց այդ նպատակը ունեն և փոփոխությունները հնարավոր են: Նա հավելեց նաեւ, որ այդ տոկոսները վերցված են միջազգային փորձից. «Խորհրդային ժամանակահատվածում նույնիսկ 40 տոկոս կիրառվում էր քիչ աշխատանքային ստաժ ունեցող կանանց համար: Այսօր էլ դա կիրառում են հետխորհրդային Եվրոպայում, գրեթե չկան երկրներ, որոնք 100 տոկոսով փոխհատուցում են կանանց»:
Կարդացեք նաև
Պատգամավորը չհամաձայնեց այն մտքին, որ եթե անգամ եվրոպական երկրներում 100 տոկոսով չի փոխհատուցվում կանանց, էլ ուր մնաց Հայաստանում: Միջամտեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը`դիմելով կառավարության ներկայացուցչին`տիկին Բիշարյանը հստակ հարց է հնչեցրել, ո՞ր երկրներում է դա կիրառվում, որ մենք էլ օրինակ ենք վերցնում: «Մոլդովա… Լիտվա»,- վերհիշեց կառավարության ներկայացուցիչը:
Հեղինե Բիշարյանը մեկ այլ հարց էլ հնչեցրեց` ինչո՞ւ է նպաստի չափը շարունակում մնալ 18 հազար դրամ, երբ օրենքով էլ սահմանվում է, որ այն պետք է հաշվարկվի ըստ նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի: Այսինքն, նպաստը պետք է առնվազն 30 հազար դրամ լիներ: «Առավել քան ակնհայտ է, որ խնդիրը ֆինանսների բացակայությունն է»,- հստակ պատասխան տվեց Սմբատ Սաիյանը:
Հեղինե Բիշարյանն էլ առաջարկեց, որ եթե պետությունը չի կարողանում շարժվել օրենքով, ապա գուցե ճիշտ է փոխել օրենքը, որպեսզի հետագայում ևս անընդհատ պետությունը օրենքը չխախտի:
Հիշեցնենք, տարեկան ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանում է շուրջ 43 հազար կին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ