«Մեդիագրագիտություն ասելով հասկանում ենք տեղեկություն ստանալու, վերլուծելու կարողություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտություն ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:
Նա նշեց, որ վերլուծելով իրավիճակը՝ մեդիագրագիտության մակարդակը Հայաստանում ցածր է, բայց այդպիսի իրավիճակ է տիրում ոչ միայն Հայաստանում: Այդ փաստը Լուսինե Գրիգորյանը բացատրում է այն հանգամանքով, որ տեղեկատվությունը շատ է եւ այդ պատճառով էլ մարդիկ հաճախ խճճվում են. «Պարզապես, զարգացած երկրներում այդ գիտելիքները ինչ-որ ձեւով դպրոցում են փոխանցվում, քննադատական մտածողությունը զարգանում է, իրենք սովորում են կասկածել, ստուգել, քննարկել, վերլուծել, ոչ թե հեռուստացույցն ասաց, ուրեմն` այդպես էլ կա»:
Հիշեցնենք` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս» Հ/Կ) կազմել է «Մեդիագրագիտություն» ձեռնարկ:
Իսկ հոկտեմբերի 27-28-ը կենտրոնը կազմակերպել է «Հայաստանում մեդիագրագիտության հեռանկարները» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցում են ուսուցիչներ, դասախոսներ, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Լուսինե Գրիգորյանն ասաց, որ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի վերապատրաստման դասընթացներին մասնակցել է մոտ 150 մանկավարժ. «Հետաքրքրություն կա, մարդիկ ուզում են: Հետագայում, հուսով ենք, ավելի շոշափելի արդյունքներ կգրանցվեն»:
Նա հավելեց, որ Կրթության ազգային ինստիտուտը հետաքրքրված է ձեռնարկով, եւ իրենք իրենց ուսուցիչներին այդ ձեռնարկով են վերապատրաստում:
Անդրադառնալով ծրագրի զարգացմանը` Լուսինե Գրիգորյանը նշեց, որ ցանկություն ունեն ավելացնել մեդիայի կիրառությունը դպրոցներում. «Ցանկանում ենք բուհերում էլ ավելացնել, մանկավարժների կրթության մեջ ինտեսիվ մտցնել դա, որ ուսուցիչն ավարտի, արդեն չվախենա համակարգչից օգտվել, տեսախցիկից օգտվել եւ իմանա նաեւ տեղեկատվությունը վերլուծելու տարրական գիտելիքները: Ցանկություն ունենք ակտիվացնելու թանգարանները, որոնք տեղեկատվության աղբյուրներ են եւ կարող են այս դարում տեղեկությունները նորովի մատուցել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ