Սիրված չլինելն ընդամենը անհաջողություն է, չսիրել՝ ահա դժբախտությունը:
Ալբեր Կամյու
Այսպիսի մի անեկդոտ.
Գերմանացին ունի կին և սիրուհի, սիրում է կնոջը:
Իտալացին ունի կին և սիրուհի, սիրում է սիրուհուն:
Ֆրանսիացին ունի կին և սիրուհի, սիրում է երկուսին էլ:
Հրեան ունի կին և սիրուհի, սիրում է մորը:
Ռուսն ունի կին և սիրուհի, սիրում է օղի:
Հասկանալի է, որ սա անեկդոտ է, որոշ չափով չափազանցված բնութագրեր են: Հենց միայն դասական գրականությունից հայտնի է, որ որոշ ռուսներ սիրել են իրենց սիրուհիներին, որոշ հրեաներ՝ փող և այլն, բայց դե ամեն կատակում ճշմարտության մաս կա: Ֆրանսիացիները սիրո առատություն ունեն, հրեաներն ընտանեսեր են… Ռուսներն էլ սիրում են օղի, ինչ ուզում ես ասա:
Կարդացեք նաև
Հիմա փորձենք այս անեկդոտի համար հայկական շարունակություն գտնել: Դժվար հարց է, ոչ միարժեք: Դժվար է օբյեկտիվորեն դիտել ինքդ քեզ: Անընդհատ չափազանց դրական կամ չափազանց բացասական բնութագրեր են անցնում մտքովդ: Այ, օրինակ, վրացու համար գուցե պարզ կլիներ՝ փող (կարդացեք Սունդուկյան), ադրբեջանցին կամ թուրքը մեր մասին մի անդուր բան կհորինեին: Բայց և այնպես, փորձենք: Պարզության համար նշենք, որ ստորև, ինչպես ընդհանրապես անեկդոտներում, հայ, ինչպես և ռուս, վրացի և այլն, ասելով ի նկատի է առնվում ազգը ներկայացնող սեռահասուն, ոչ ծեր տղամարդու կերպարը:
1. Առաջին իսկ փորձից ոտքդ քարի է հանդիպում՝ հայը սիրուհի չի՜ ունենում: Այն, որ ուրիշ ազգեր ասում են սիրուհի և նրա հետ կապված միջոցառումներ, ինչպես՝ «գնալ սիրուհու մոտ», հայերն ասում են այլ կերպ՝ «մարմնավաճառի գնալ» (իհարկե, մեղմ ասած): Ընդ որում, խոսքը բոլորովին էլ իսկական «արհեստավարժ» մարմնավաճառի չի վերաբերում, այլ սովորական ծանոթ մի կնոջ, որին չես վճարում: Բայց, թեև երբեմն ոչ բացեիբաց, նրան կոչում են այդպես: Սիրուհի բառը գրաբարում չկա. այն ստեղծվել է եվրոպական վեպերի համապատասխան կերպարը ներկայացնելու համար: Եվ ինչի՞ համար է հային պետք սիրուհին:
Անեկդոտ. հայը մի սիրունիկ աղջկա շատ է «կպռշկվում», և նա, ի վերջո, համաձայնում է, պայմանով, որ գաղտնի լինի այն, ինչ պիտի լինի (դե, օջախի աղջիկ և այլն): «Որ պիտի ոչ ոքի չիմանա, ինչի՞ս ես պետք», ասում է մեր հերոսը: Հայտնի բան է, հայի «սիրային հանդիպումը» միայն ընկերների առջև գլուխ գովելու համար է, այլ նպատակ չի հետապնդում: Բայց, մյուս կողմից, ողջ հայկական բանահյուսությունը լի է «յարերով», ուրեմն, եղել են, էլի, սիրելի էակներ և նրանց սիրողներ: Ավա՜ղ… Այդ երևույթը դուրս է սայթաքել մեր իրականության շավղից, ինչպես ժամանակը «Համլետում»: Մեր ժամանակակից կյանքում յար-սիրուհին տեղ չունի: Չափազանց ստորացուցիչ է հայի համար սիրել ինչ-որ մի կնոջ, այն էլ ոչ սեփական: Ի՞նչ սիրուհի, արա՛:
2. Լավ, բայց հայերից շատերն ունեն կին, չէ՞: Բացարձակ վիճակագրական փաստ է դա (թեև շատերն էլ չունեն): Այնպես որ, հարցն այստեղ հեշտանում է: Կին ունես, կարող ես նաև սիրել, գործը քոնն է: Անկասկած, որոշ հայեր, թերևս, սիրում են կամ գոնե երբևէ սիրել են իրենց կանանց: Դե կենսաբանություն է, չես կարող փախչել: Բայց եթե նույնիսկ սիրում ես, կամ սիրել ես, դա պետք է լինի գաղտնի, մարդ չիմանա: Խոսել-պատմել կարելի է միայն «մարմնավաճառի գնալու» մասին: Ստորացուցիչ է հայի համար սիրել որևէ կնոջ, թեկուզ սեփական: Թեև սեփական կին լինելը վերաբերմունքի առավելություններ տալիս է: Ամուսնու գուլպաները լվալ, երեխա ունենալ և պահել, ճաշ եփել, որոշ պաշտոնական միջոցառումների ներկա լինել:
Ուրեմն, հայի կինն ինչի՞ համար է: Սիրելո՞ւ: Ոչ բարեկամներ, ոչ: Որ դաժան իրականության մեջ ճխլված հայ տղամարդը կարողանա իր արժանապատվությունը ցուցադրել՝ ճնշել գոնե մեկին: Չեն բացառվում նաև մարմնական պատիժները: Բա ո՞նց, ապե: Մի-երկու հատ կպցնել կարելի է: Նույնիսկ պետք է:
3. Լավ բա ի՞նչ մնաց: Հայը սիրում է մայրիկի՞ն: Դե, սիրում է: Բայց անեկդոտում այդ տեղը գրավված է, իսկ կրկնությունը սրամտության մայրը չէ: Ո՞ւմ է պետք բթամիտ անեկդոտը:
Եվ, ի վերջո, բոլորն էլ սիրում են մայրիկներին: Հայերը՝ առավել ևս: Մեզանում մոր գաղափարը հասցված է ամենաարխայիկ մի դարաշրջանի մակարդակի, երբ մայր աստվածությունը գլխավորն էր բոլոր աստվածների մեջ: Ամեն մի մայր համադրվում է այդ դիցուհու հետ, և նրա մասին վատ բան ասելը հանգեցնում է կռվի և արյունահեղության: «Ես քո մերը…» հայհոյանքը մեզ այնքան հարազատ ռուսների համար մակաբույծ արտահայտություն է, ինչպես մեզանում «արա՛ն», որը խոսքի սկզբից ու վերջից ասվում է տղամարդկանց խոսակցական լեզվում, և ոչ վատ իմաստ էլ չի ենթադրում: Նույնը կամ համարյա նույնը շատ այլ ժողովուրդների մոտ: Իսկ մեզանում՝ ամենախոր վիրավորանք: Բայց դա սիրո կամ հարգանքի նշա՞ն է: Իհարկե, ոչ: «Մայրիշխանական» դարաշրջանի մնացուկ և վերջ: Եվ շատ հավանական է, որ մենք, ինչպես և ռուսները և այլոք, այդ հայհոյաձևը ձեռք ենք բերել մեր թուրք «բարեկամներից»: Ինչպես և մի շարք այլ «մշակութային գանձեր»՝ ռաբիսը, կանանց ստորացված դերը հասարակության մեջ և այլն: Մամային սիրելը ո՞րն ա, արա՛: «Մամայի բալա» ե՞ս, արա՛:
4. Հայը սիրում է երեխաներին: Ակնհայտորեն, այո: Իսկ ո՞վ չի սիրում: Բայց այստեղ էլ «մերն ուրիշ է»: Եթե մի բան սիրում ես, կուզենաս դրանից ունենալ չէ՞: Առաջ, թեև ոչ մեր հարևան ադրբեջանցիների պես, բայց և այնպես, մերոնք էլ բազմանում էին: Հայաստանը 720 հազար բնակիչ ուներ սովետացման պահին, և երեք ու կես միլիոն՝ Սովետի փլուզման ժամանակ: Խորհրդային ոչ մուսուլմանական հանրապետությունների մեջ աճի ամենաբարձր ցուցանիշը: Եվ դա, չնայած ստալինյան ռեպրեսիաներին, համաշխարհային պատերազմին և երկրաշարժին, որոնց զոհ գնացին հարյուր հազարավոր հայեր: Իսկ հիմա՞:
Լավ, քիչ լինի լավ լինի: Բայց սիրում են ինչպե՞ս: Որ սովորեցնեն ազատ ու հպարտ ապրել, սեփական կարծիք ունենալ և իրենք ընտրեն իրենց ճանապա՞րհը: Այդպես է Արևմուտքում, ուր նույնպես քիչ երեխաներ են ունենում: Մեզանում՝ ոչ, նրանք պետք է ապրեն այնպես, ինչպես ծնողն է որոշելու: Եվ հետո, մենք սիրում ենք մեր և միայն մեր երեխաներին: Կամ գոնե նաև բարեկամների երեխաներին, իսկ մյուսների հերն անիծած: Ես իմ տղային ազատեմ բանակից, իսկ ով կծառայի նրա փոխարեն՝ հերն անիծած: Թող իմ բթամիտն ընդունվի ինստիտուտ, իսկ ո՞ւմ փոխարեն՝ հերն անիծած (գոնե այդպես էր անվճար ուսման տարիներին): Ուրեմն, երեխային սիրում ես, որովհետև քոնն է, քո սեփականը, որ իրականացնի քո՛ ցանկացածը:
5. Սիրո՞ւմ է հայը օղի: Անկասկած: Մեկ շնչի հաշվով սպիրտի սպառումը մեզանում բավական բարձր մակարդակի վրա է: Մեր բարձրադիր լեռնային գյուղերում օղի խմելը տղամարդկանց կյանքի միակ հոգևոր-մշակութային դրսևորումն է (ինչպես կանանցը՝ սերիալը): Սիրում է, բայց ոչ ռուսի չափ: Ուրեմն, ամենաբնութագրականը չէ:
6. Էլ ի՞նչ մնաց: Սիրո՞ւմ է հայն իր հորը: Ջահել տղաների խոսքի սկզբից ու վերջից հնչում է «արա՛, հո՜րս արև», ինչպես ռուսների մոտ՝ «ես քո մերը…»: Բայց մեկ ճշգրտում՝ հորը չեն սիրըմ, է՜, հորը հարգըմ են, արա՛:
7. Մնաց, ուրեմն, հետևյալը: Հայը ունի կին և սիրուհի (եթե, իհարկե, ունի), երկուսին էլ չի սիրում: Նման է մեզ, ճիշտ է և բնութագրական:
***
Բայց դե մի բան, մյուսներից տարբերվող մի բան կա՞, որ հայը սիրում է: Իմ մի ընկերն ինձ բացատրեց, որ դա խաշն է: Դե, խաշը կնկա բան չէ, տղամարդիկ են «դնում» ու իրենք էլ ուտում: Ուրեմն, հարգանքի արժանի բան է: Խստիվ նահապետական, ավանդական, պաշտամունքի հասցված: Վատ չէ: Ահա պոետիկ մի նմուշ այդ թեմայով՝
Առավոտ գիշեր, քրտնած շշեր,
Տղերքով նստած՝ կատաղած հուշեր.
Սխտորը շնչում, բողկն արտաշնչում,
Մասսան հառաչում, զինգը բառաչում…
Ու բերին խաշը, ամենաճիշտ ճաշը,
Փրթվեց լավաշը տնական (Վարդան Պետրոսյան):
Ի միջի այլոց, չալաղաջն էլ ոչինչ, վատ չէ, միայն այդքան ծիսական-պաշտամունքային չէ:
Բայց այստեղ մի բայց կա: Կին, սիրուհի, մայր… Դրանք ինչ-որ հոգևոր բաղադրիչ ունեցող բաներ են: Օղին էլ. ի միջի այլոց՝ սպիրտ բառը լատիներեն spiritus «հոգի» բառից է: Եվ ուրեմն, կա՞ մի գաղափարական, հոգևոր, սիրելի բան հայի համար: Կա, ասում եմ ես: Ես հայտարարում եմ, որ կա: Դա «ախպերությունն» է, տղամարդկային ընկերության մի տեսակը, ուր իրար «ախպեր» են, մանավանդ ուտել-խմելիս: Քրեական կամ «մերձգողական» բարոյականության գաղափարախոսության և ռաբիս երաժշտության հովանու ներքո՝
Մի հորից չենք, մի մորից չենք,
Բայց մեզ ախպեր են ասում:
Այն թարգմանությունն է ռուսական բրատվա բառի, որը նշանակում է «հանցագործ խմբի անդամներ, բանդա»: Դա է ժամանակակից հայաստանցի տղամարդու համար հեղինակավոր՝ հոգևոր սիրո գաղափարի մարմնացումը:
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արմեն,կատակով ինքնախարազանվեցիք…
Հայը սիրում է ռուսին
Կարդալիս մեծ հաճույք ստացա;
Բայց մի սխալ գտա. սովետի ժամանակ հայաստանի բնակչությունը աճում էր հիմնականում հերոսուհի-մայր “բաջիների” ջանքերով: