«Եթե մենք գնում ենք այնպիսի վիճակի, որ գյուղերը դատարկվում են, դրանում մեղավոր չէ Սահմանադրությունը: Խոսքը ոչ թե ժամանակավրեպի մասին է միայն, այլ հարկավոր է հաշվի առնել, թե այսօր ինչն է ավելի կարևոր ժողովրդի համար»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին, այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, թե «Սահմանադրության մեջ տնտեսական բլոկին վերաբերող փոփոխություններ է ակնկալում»:
Հակադրվելով ՀՀԿ-ական պատգամավորի խոսքին՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ գյուղերում վիճակը բավականին ծանր է, և Սահմանադրությունը մասամբ է առնչվում դրան:
Այս առիթով նա անդրադարձավ շրջանառության հարկի մասին օրենսդրական նախաձեռնությանը. «Մենք չենք կարող գնալ սահմանամերձ մի գյուղ, որը կրակի տակ է ու ասենք՝ մի փոքրիկ պահեստամասի համար փաստաթուղթ ցույց տուր, թե որտեղից է կամ ինչ է»:
Կարդացեք նաև
Լեռնիկ Ալեքսանյանը արմատական լուծումների կողմնակից է. «Դա պետք է լիներ ժամանակին՝ մեր Սահմանադրության մեջ: Եթե լիներ, մենք կունենայինք շատ ավելի լավ տնտեսություն: Այն բնագավառները, որտեղ մենք արմատական փոփոխությունների չգնացինք նախորդ Սահմանադրության կիրառման ժամանակ, մնացին շատ ավելի վատ վիճակում»: ԲՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Արմատական փոփոխությունների գնալու համար, հարկավոր է, որ ժողովուրդը հավատա կառավարությանը»:
Լեռնիկ Ալեքսանյանը, ի տարբերություն իր ԲՀԿ-ական գործընկերոջը, ասաց. «Քաղաքական որոշումներով տնտեսական առաջընթացը բացառվում է»: Այնինչ պարոն Մելքումյանը, օրինակ բերելով այն, որ հարկային քաղաքականությունը մի քանի տարվա մեջ փոխվում է, վստահեցրեց, թե «դա նշանակում է, որ քաղաքականությունն է թելադրում»: Պարոն Ալեքսանյանը կրկին հակադարձեց. «Մինչև չկարգավորվի տնտեսական համակարգը, ի՞նչ պիտի գյուղնախարարն անի»:
ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ախր ի՞նչ է որոշում գյուղնախարարը: Ամեն ինչ քաղաքական որոշումներով է լուծվում, մենք էլ ասում ենք, որ քաղաքական որոշում ընդունելու մեխանիզմները պետք է հստակ փոխվեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գյուղնախարարը շատ բաներ է որոշում,օրինակ կարկտահարված համայնքների ֆերմերներին ազատում է գույքահարկից և համարում որ գործ արեց:Չի էլ մտածում,որ գույքահարկը տվյալ համայնքի կարիքները հոգալու միջոցների հիմնական աղբյուրն է: