Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնգրեսականը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Լիսկան իմ ընկերն է եղել, կա ու մնալու է, հպարտ եմ իրենով»

Հոկտեմբեր 27,2014 14:38

«Ի դժբախտություն նրանց, ովքեր չեն կռվել ու մեդալներ ունեն, մենք դեռ ապրում ենք: Այս ժամանակվա մեդալներն էլ կհստակեցվեն, ամեն ինչ կընկնի իր տեղը: Պատմությունը պետք է ուղղի: Պատմության մեջքն իրավունք չունենք կոտրելու, մեկ է: Ովքեր կմնան այդ պատմության փլատակների տակ, դրա համար ասում եմ՝ թող չփորձեն խեղել պատմությունը: Այսօր արհեստական այնքա՜ն հերոսներ ունենք: Այսօր շարմազանովներն ու չգիտեմ ինչերը մեդալ են ստանում: Դրանք ի՞նչ կապ ունեն: Այսօր էլ գալիս են, գլուխ են խոնարհում Սպարապետի առաջ: Դրանք այնքան արխային են, որ գլուխը չի բռնի Սպարապետը, հակառակ դեպքում այստեղ չէին մտնի երբեք: Մենք կուղղենք այս ամեն ինչը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Եռաբլուր այցելած պայմանագրային գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

Նրա հետ զրուցեցինք կեղծ մեդալակիրներից, այսպես կոչված «ասֆալտի ֆիդայիններից» ու իրական հերոսներից:

Մեր հարցին՝ կռվի դաշտում Սուրիկ Խաչատրյանին տեսե՞լ եք, ինչպե՞ս է իրեն դրսեւորել՝ նա պատասխանեց. «Լիսկայի՞ն, իհարկե, մեր ընկերն է, իմ կողքին է եղել, իմ ընկերն է: Կարող է մարդ է եղել, որ իրեն չի հանդիպել: Անձամբ իրար հանդիպել ենք, իմ լավ ընկերն է, ըտենց էլ կա ու մնալու է՝ անկախ քաղաքական վայրիվերումներից»:

Այս խոսքերը տարօրինակ էր լսել Ռազմիկ Պետրոսյանից, հատկապես, որ նա կոնգրեսական հայացքներ ունի, Եռյակի հետ իշխանափոխության գործընթացին է մասնակցում եւ վերջին խորհրդարանական ընտրություններին էլ ՀԱԿ-ի պատգամավորի թեկնածուն էր Ապարանում:

Մեր հարցին՝ այն հանցագործությունները, որ վերագրվում են Սուրիկ Խաչատրյանին, չի՞ խանգարում նրան Ձեր ընկերը համարել՝ Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Երբ որ կապացուցվեն, այդ ժամանակ, իհարկե, թեկուզ իմ հարազատ ախպերն էլ լինի, ես ոչ մի հանցագործի ոչ երաշխավոր եմ, ոչ էլ պաշտպանն եմ: Բայց անցյալում ինչ արել է մարդը՝ հստակ է: Իմ ջոկատի հետ ունեցած իր գործողությունների ժամանակ ես իրանով հպարտ եմ եղել, այդպես էլ կամ»:

Մեր հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը պարբերաբար Սուրիկ Խաչատրյանին մի շարք հանցագործություններ է վերագրում, Ձեր այս հակասական հայացքները չե՞ն խանգարում՝ նա պատասխանեց. «Հակասական չեն, ես, որպես մարտական ընկեր, նրա արժեքները մարտական տեսանկյունից եմ գնահատում, քաղաքականն արդեն ուրիշ դաշտ է: Ես իրավունք չունեմ նախօրոք, մինչեւ դատական որոշումը, կա անմեղության կանխավարկած, որ առանց դատական ատյանների հստակեցման մարդուն այսօր հանցագործ կոչեմ: Ես այսօր հոգուս խորքում շատ կուզեի, որ իրականությանը համապատասխան լիներ դա, որ նա մեղք չունի: Շատ կուզեի»:

Լրագրողներից մեկի հարցին՝ Սամվել Ալեքսանյանին հանդիպե՞լ եք պատերազմի դաշտում՝ նա պատասխանեց. «Կարող է նոր պիտի լինի այդ պատերազմը, բայց դեռ չեմ հանդիպել՝ հաստատ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031