Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հիմա Սպարապետը 15 վայրկյանով գլուխը բարձրացներ, շատ-շատերը վախից տեղում կմեռնեին»

Հոկտեմբեր 27,2014 13:52

«Հոկտեմբերի 27»-ի զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր էր այցելել Ապարանի նախկին քաղաքապետ, պայմանագրային գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե չլիներ այդ ոճրագործությունը, շատ բան կփոխվեր. «Բայց ինձ թվում է, որ նորից կուղղվենք, որովհետեւ նորից հավաքվել ենք, նորից մեկտեղվել ենք ամբողջ ազգով»:

Մենք ճշտեցինք՝ նկատի ունեք Եռյակի հանրահավաքնե՞րը: Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանը այդ հանրահավաքներում հարթակում է եղել եւ ելույթ ունեցել, նա նաեւ վերջին խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի թեկնածուն էր՝ Ապարանում:
Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Քանի մենք Սպարապետի հետ մեր ուխտը չենք մոռացել, ոչ թե մենակ այն է, որ մենք գալիս ենք Եռաբլուր, այլ մենք հաշվետվության ենք գալիս, մեր հաշվետվությունն առայժմ թերի է: Այն նպատակը, որի համար մենք պայքարում ենք մինչեւ վերջ, մենք ուխտել ենք այս մի անգամ չհոգնենք»:

Մեր հարցին՝ ովքե՞ր են պատասխանատու «Հոկտեմբերի 27-ի» համար՝ նա պատասխանեց. «Կգա ժամանակը, միանշանակ կբացահայտվի: Եթե մենք թուրքերի կատարած հանցանքի համար Հայ Դատի խնդիր ենք բարձրացնում եւ ասում, որ մենք պահանջատեր ենք, Հոկտեմբերի 27-ի համար էլ ենք պահանջում: Ովքեր են մեղավոր՝ արդարադատությունը ցույց կտա, ժամանակը կգա: Ցանկալի կլիներ մինչեւ իշխանափոխությունը լիներ»:

Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ անձամբ ճանաչել է Սպարապետին. «Մենք մարտական ընկերներ ենք եղել: Նա հպարտ էր, առնական եւ փխրուն: Լավ մարդ էր, լավ քաղաքացի, ընկերասեր էր: Նա հրաշք անձնավորություն էր, լավ մարդ էր: Սպարապետի հետ անցած յուրաքանչյուր ակնթարթ մնայուն արժեք է ինձ համար, որով ես հպարտանում եմ: Մեր ոչ մի հանդիպման ժամանակ չի եղել մի դրվագ, որը չէի ուզենա, որ ապրած չլինեի: Ցավում եմ, որ 15 տարի իմ ճակատագրից ես առանց իրեն եմ անցկացնում»:
Ռազմիկ Պետրոսյանը վստահեցրեց, որ եթե հիմա Սպարապետը կենդանի էլ չլիներ, 15 վայրկյանով գլուխը բարձրացներ, շատ-շատերը վախից տեղում կմեռնեին. «Ինքը շատ ավելի մեծ արժեք էր, քան թե մենք իր կենդանության ժամանակ զգում էինք: Սպարապետն իր մահով անգամ արդարացրեց Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի փախնելը մեր երկրից: Հավատացինք, որ նրանք ճիշտ են արել, որ գնացել են երկրից, հակառակ դեպքում իրենց կսպանեին, ոնց որ իրեն սպանեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031