«Ամեն մի լիդեր ինքն իր խնդիրներն ուներ: Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումները լոկ դիտարկումներ չէին, այլ կոնցեպտուալ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց բաներ, որոնք նպատակային առումով եռյակը նույն առանցքի շուրջ չէր ձևավորվել: Չկարողացա գտնել մի սյուն, որի շուրջ եռյակին միացնեն»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչած ելույթները, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Նա նշեց, թե «շատ կուզեր, որ եռյակը միասնական լիներ, քանի որ այն ընդդիմությունը, որ կարողանում է օբյեկտիվ գնահատական տալ իշխանություններին, նա օգնում է: Մենք մեզնից պիտի սկսենք ասող իշխանություններին դա միայն օգնություն կլինի»:
Պարոն Ալեքսանյանը քննադատեց, թե «եռյակն ասում է, թե ուզում ենք երկիրը լավը կլինի, բայց ինչպե՞ս, այդ հարցին չեն պատասխանում: Օրինակ՝ Րաֆֆին արևմտյան արժեքների վրա է շեշտադրում կատարում, Լևոն Տեր-Պետրոսյանը եվրասիական, Ծառուկյանը փորձեց ասել իր տնտեսական արժեքները»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հակադարձեց. «Արդեն այն փաստը, որ եռյակ կազմող կուսակցությունները՝ խորհրդարանական համագործակցության ձևաչափից դուրս էլ իրենց ղեկավարների մակարդակով կուռ համակարգ են կազմում, այդ փաստը չնկատելը քաղաքական կարճատեսություն եմ համարում: Այնպիսի մի իրավիճակի ենք հասել, որ որոշակի տարբերություններ մի կողմ թողնելով՝ եռյակի ուժերը համախմբվել են և ճանապարհ են առաջարկում: Մենք ասում ենք՝ հարգարժան իշխանություն, արդեն տարիներ շարունակ մեր վարքագիծն ու գործունեությունը ցույց է տալիս, որ մենք անընդհատ ասել ենք, թե ինչն ինչպես պետք է ուղղել: Օրինակ՝ մենք ասել ենք, որ Սահմանադրությունը մի փոխեք, կամ 12 կետերը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ մի՞թե իշխանափոխության կոչերը բավարար միավորող հանգամանք չեն եռյակի համար և արդյոք այդ կոչերը չե՞ն մտահոգում իշխանություններին, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, չեն բավարարում մեզ»:
Այնուհետև պարոն Մելքումյանին հարց հղեց, թե իննսունականներից այս իշխանությունները վերարտադրվե՞լ են, թե՞ նախագահ են փոխել: Պարոն Մելքումյանը պատասխանեց. «23 տարվա պատմությունը ապացուցում է, որ ոչ իշխանական ուժերի պայքարը անհաջողության է մատնվել, միշտ իշխանությունը ծնվել է իշխանությունից: Հիմա ունենք նոր իրավիճակ, նոր մարդիկ էլ կան: Երբեք այսքան մեծ ռեսուրսներ չեն ունեցել»:
Հարցին, թե ըստ ոստիկանության ներկայացրած տվյալների՝ հոկտեմբերի 10-ի համեմատ հոկտեմբերի 24-ին հանրահավաքի մասնակիցների թիվը նվազել էր, Միքայել Մելքումյանը արձագանքեց. «Ակնհայտ գտնում եմ, որ նվազագույնը երեսուն տոկոսով աճ ունենք, իսկ ոստիկանության թվերը թելադրված են: Չգիտեմ, թե ինչ մեթոդաբանությամբ են իրենք հաշվել, բայց անգիր գիտենք, որ մեկ քառակուսի մետրի վրա երեք մարդ է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ