Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ պատգամավորներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին 1999թ հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած գործիչների հիշատակին` խորհրդարանի այգում տեղադրված հուշաքարին ծաղիկներ դնելով:
Հուշարձանի մոտ էին եկել նաև հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հարազատները. Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը եւ այլք:
Լրագրողի «Արդյոք իշխանությունների քաղաքական կամքի բացակայությո՞ւնն է պատճառը, որ գործը չի բացահայտվել» ձևակերպման հետ վարչապետը չհամաձայնեց: «Ունենք այն, ինչ ունենք: Եթե հանրության մեջ կա իսկապես կասկած, ուրեմն պատկան մարմինները պետք է հետևողական լինեն, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ արվեց ու իրականությունն այսօր սա է: Այն ժամանակ, որ զբաղվում էին այս գործով, պատկան մարմինները, բոլորը ցանկանում էին, որ այդ դեպքը բացահայտվի, եւ կային հարազատներ` ի դեմս վարչապետի: Մարդիկ զբաղվում էին, որ իրականությունը բոլորն իմանան, քանի որ հանրությունը սպասում էր: Այնպես չի, որ բոլոր ռեսուրսները չենք օգտագործել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Հարցին ի պատասխան` ունի՞ կասկածներ, թե ովքեր են հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները, Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ կրկնեց. «Ոչ»:
Իսկ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Ո՞վ է հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր կանգնած չէին, բայց ամեն ինչ արվեց, որ գործը չբացահայտվի, թեև ես հույս ունեմ, որ մի օր այն կբացահայտվի»: