Լրահոս
Օրվա լրահոսը

Քարտեզագրումը սեղանի գիրք է

Հոկտեմբեր 27,2014 14:30

Առողջապահական համակարգում առավել գրագետ եւ նպատակային ծրագրեր իրականացնելու համար առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ եւ ղեկավարությամբ տեւական ժամանակ է՝ նախարարությունը զբաղված է առողջապահական համակարգի քարտեզագրմամբ, որի աշխատանքները, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, գրեթե ավարտին են հասցված:

Տիկին Վարդանյանի խոսքերով՝ քարտեզագրումն իր մեջ ներառում է մի քանի գլուխներ: Առաջին գլխում տվյալ մարզի ընդհանուր իրավիճակի ներկայացումն է՝ բնակչության քանակը, որքան տարածք է զբաղեցնում, ինչպիսի կազմակերպություններ կան եւ այլն: Հաջորդող գլուխներում վերլուծվել են մարզում առկա բժշկական կազմակերպությունների կադրային եւ տեխնիկական հագեցվածությունը, շենքային պայմանները, առկա կարիքները, պահանջարկը, ըստ բնակչության թվի, տարիքային խմբերի՝ առողջական ցուցանիշները:

«Ճիշտ քաղաքականություն վարելու համար քարտեզագրումը սեղանի գիրք է եւ իրենից ներկայացնում է լուրջ տեղեկատվություն, որից պետք է բխեն մնացած գործողությունները: Այն կադրային հստակ եւ արդյունավետ քաղաքականություն վարելու հիմք կհանդիսանա»,- պարզաբանում է տիկին Վարդանյանը: Ըստ նրա՝ առողջապահության նախարարությունն արդեն մի քանի փուլերով արդիականացման, վերակազմակերպման, օպտիմալացման, կրթական եւ այլ ծրագրեր է իրականացրել, ուստի անհրաժեշտություն է առաջացել հասկանալու, թե ներկայումս ինչպիսի՞ իրավիճակ է տիրում առողջապահական համակարգում, յուրաքանչյուր մարզում. «Առողջապահական համակարգն ունի բնորոշող ցուցանիշներ, որոնք մարզ առ մարզ, մանրամասն նկարագրված են քարտեզագրման մեջ: Ամփոփված են մահացության, հիվանդացության ցուցանիշները՝ համեմատած այլ բնակավայրերի հետ, գրաֆիկական պատկերումով: Մարդկային ներուժ գլխում ներկայացված է յուրաքանչյուր մարզի կադրային բազան, կադրային դեֆիցիտի մասին, թե օրինակ՝ յուրաքանչյուր մասնագետ ինչ իրավիճակում է եւ այլն: Ընդգրկված են առողջության պահպանման առաջնային օղակի բժշկական կազմակերպությունները, թե ինչպիսի իրավիճակում են գտնվում այդ հիմնարկները՝ կադրային հագեցվածության եւ շենքային պայմանների առումով, ունե՞նք ընտանեկան բժշկի խնդիր, թե՞ ոչ, այդ ամենը գրաֆիկական պատկերով, մեկ աղյուսակով ամփոփ ներկայացված է»:

Ըստ նախարարության մասնագետի՝ նման ամփոփ վերլուծությունները հնարավորություն են տալիս ուշադրությունը սեւեռել այս կամ այն մարզի առողջապահական համակարգում եղած թույլ կետերի վրա, մասնավորապես՝ այն հիվանդությունների տարածվածության, որոնք մահացության, հիվանդացության մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն. «Օրինակ՝ ոչ վարակիչ հիվանդությունները մահացության մեջ 90 տոկոս են կազմում: Սրտանոթային հիվանդություններից մահացությունը 48 տոկոսի է հասնում»:
Տիկին Վարդանյանի ներկայացմամբ՝ քարտեզագրումն ամփոփելուց հետո նախարարությունը սկսելու է յուրաքանչյուր մարզում աշխատել առավել ծրագրային. «Յուրաքանչյուր կատարած աշխատանքի հիմքում լինելու են քարտեզագրումից վեր արծարծված հարցերի լուծման ուղիները, եթե, օրինակ՝ Արմավիրի մարզում ունենք սրտանոթային հիվանդությունների առավել բարձր տոկոս, բնականաբար, բոլոր աշխատանքներն ուղղված են լինելու այդ մարզում հատկապես սրտանոթային համակարգի հիվանդությունների ցուցանիշները բարելավելուն»:

Ծաղիկ Վարդանյանի խոսքերով՝ քարտեզագրումն անհրաժեշտ էր նաեւ միջազգային կառույցներին ծրագիր ներկայացնելու համար. «Եթե ունենում ենք հիմքեր, հստակ վերլուծած ցուցանիշներ, միջազգային կառույցները մեզ շատ ավելի լուրջ են ընկալում: Իսկ սա սիրողական մակարդակով արված աշխատանք չէ, այս փաստաթղթի վրա աշխատել են արհեստավարժ մարդիկ: Ե՛վ առողջապահության նախարարության, ե՛ւ Ազգային ինստիտուտի մասնագետները ներգրավված են եղել քարտեզագրման աշխատանքներում, համագործակցել ենք յուրաքանչյուր մարզի առողջապահական վարչությունների հետ, եւ վերջնական տարբերակն անպայման կներկայացվի մարզպետարաններ: Նրանք էլ այս ծրագրերի մեջ մեզ հետ պետք է միասին լինեն, քանի որ նպատակը հասարակության առողջության բարելավումն է, հիվանդացության ցուցանիշների, մահացության ցուցանիշների իրավիճակի կարգավորումը»:

Փորձի փոխանակման համար առողջապահության նախարարության մասնագետները եղել են Ֆինլանդիայում, ուսումնասիրել այդ երկրի փորձը: Տիկին Վարդանյանը պատմեց, որ Ֆինլանդիայի մայրաքաղաքում՝ Հելսինկիում, այդ երկրի առողջապահության նախարարության պատասխանատուները քարտեզագրումից հետո իրենց ծրագրերը փորձնական սկսել են մի փոքրիկ տարածքից եւ աստիճանաբար ընդլայնել:
Տիկին Վարդանյանը վստահեցրեց, որ 2015 թվականից Հայաստանը կունենա այլ ցուցանիշներ: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն էլ նախատեսել են մեր երկրի մի բնակավայրում այս ծրագիրը փորձարարական ներդնել: Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ շուտով կսկսվի նաեւ Երեւան քաղաքի քարտեզագրումը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031