Վկա Ջ. Հարությունյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Օֆելյա Սահակյանը երբեմն օգնել է իրեն եւ տոկոսով գումարներ է տվել. «Այդ հանգամանքն օգտագործելով՝ Օֆելյան եւ նրա ընկերուհի Նարինեն իրեն պարտադրել են ոստիկանության Շենգավիթի բաժնում սուտ բացատրություն տալ այն մասին, թե իբր Սվետլանա Հովհաննիսյանը, ում ինքը չի ճանաչել, իրենից, ինչպես նաեւ Նարինեից գումարներ է վերցրել եւ չի վերադարձրել։ Վախենալով նրանց սպառնալիքներից, ինքը ոստիկանությունում տվել է նման բացատրություն»։
2014թ. հուլիսի 25-ին Շենգավիթի դատարանի դատավոր Ա. Ազարյանն ավարտել է Սվետլանա Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունը:
Տիկնոջ նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Նա դատապարտվել էր տուգանքի` 80.000 դրամի չափով։ Պաշտպանական կողմը բողոքարկել է այս դատավճիռը եւ պահանջում է արդարացնել նրան:
Ըստ գործի նյութերի, Ս. Հովհաննիսյանը 2013թ. ապրիլի 21-ին Երեւանի Եղ. Թադեւոսյան փողոցի 20 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տեսնելով Քնքուշ Գեւորգյանին, վեճի է բռնվել նրա հետ: Նա բռունցքում պահած բանալիների տրցակով, բռունցքով եւ ոտքով հարվածել էր Քնքուշին:
Նրան պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Առաջադրված մեղադրանքում Սվետլանա Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Քնքուշ Գեւորգյանին չի ծեծել, դեպքի օրը եւ ժամին գտնվել է աշխատանքի վայրում։
Վկաներից Գ. Գրիգորյանը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը, ժամը 15.00-ից մինչեւ 16.15-ն ընկած ժամանակահատվածում, Սվետլանայի հետ գտնվել է վերջինիս աշխատանքի վայրում` կարի արտադրամասում։
Մեկ այլ վկա՝ Ջ. Հարությունյանը, ցուցմունք էր տվել այն մասին, որ Օֆելյա Սահակյանը երբեմն օգնել է իրեն եւ տոկոսով գումարներ է տվել: Օֆելյան եւ Նարինեն զանգահարել են իրեն ու կանչել «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ։ Այնտեղ նրանք պահանջել են, որպեսզի ինքը ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ցուցմունք տա այն մասին, թե իբր տեղյակ է, որ Սվետլանա Հովհաննիսյանը ծեծել է նրանց ընկերուհուն` Քնքուշ Գեւորգյանին, սակայն ինքը հրաժարվել է եւ չի տվել նման ցուցմունք։
Վկա Ռ. Արզումանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրենց բնակարան է եկել Օֆելյա Սահակյանը, որպեսզի վերցնի տոկոսով տված գումարը. «Իր տանը գտնվելու ժամանակ ինչ-որ մեկը զանգահարել է Օֆելյային եւ հայտնել, որ Քնքուշ Գեւորգյանի ամուսինը ծեծել է վերջինիս, ինչի պատճառով Քնքուշին տեղափոխել են հիվանդանոց։ Շուրջ մեկ շաբաթ անց իր տուն են եկել Օֆելյան, Քնքուշը եւ վերջինիս ամուսինը։ Նրանք եղել են բարձր տրամադրությամբ։ Քնքուշի ամուսինը` տեսնելով պահարանի վրա դրված շշի մեջ կիսով չափ լցված օղին, խնդրել է բերել բաժակներ` պատճառաբանելով, որ «օդից փող են բռնել»։ Նրանց խոսակցությունից ինքը հասկացել է, որ Քնքուշին ծեծելու համար մեղադրել են ոչ թե նրա ամուսնուն, այլ Սվետլանա Հովհաննիսյանին»։
Դատարանում, սակայն, վկաների ցուցմունքներն անարժանահավատ համարվեցին: Տուժողը` Քնքուշ Գեւորգյանը, ցուցմունք էր տվել, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում Սվետլանա Հովհաննիսյանի վերաբերյալ նախապատրաստվող նյութերով ինքը բացատրություն է տվել այն մասին, որ Օֆելյա Սահակյանի տանը վերջինիս ընկերուհին` Նարինեն, Սվետլանային գումար է տվել. «2013թ. ապրիլի 21-ին ինքը, Սյուզաննա Իրիցյանը եւ Օֆելյա Սահակյանը ոտքով գնում էին Օֆելյայի տուն, երբ «Շենգավիթ» հանրախանութի մոտ պատահաբար հանդիպել են Սվետլանային, ով` անցնելով իրենց կողքով, իրեն «ոչնչություն» է անվանել։ Իրենք ոչինչ չեն պատասխանել եւ շարունակել են ճանապարհը։ Ժամը 15.30-ի սահմաններում հասել են Օֆելյայենց տան մոտ։ Օֆելյան մտել է ներս, իսկ ինքն ու Սյուզաննան շքամուտքում սկսել են մաքրել ցեխոտված կոշիկները։ Այդ պահին շքամուտք է մտել Սվետլանան եւ իր հասցեին վիրավորական խոսքեր է հնչեցրել»։
Ըստ տուժողի, Սվետլանան, ձեռքում պահած բանալիների խրձով հարվածել է իր գլխին, ինչից ինքը վայր է ընկել։ Սվետլանան բռունցքով հարվածել է իր աջ այտի ստորին հատվածին եւ երկու անգամ ոտքով հարվածել է իր աջ գոտկային հատվածին։ Սյուզաննան փորձել է միջամտել, սակայն Սվետլանան հրել է նրան եւ բարձրացել վերեւի հարկ։ Իրենց ձայների վրա եկել է Օֆելյան, եւ Սյուզաննայի հետ իրեն տարել են ներս։ Քանի որ իր ինքնազգացողությունը գնալով վատացել է, զանգահարել են շտապբուժօգնություն եւ իրեն տեղափոխել են հիվանդանոց։
Նշված ցուցմունքը տուժողը պնդել է նաեւ Սվետլանա Հովհաննիսյանի հետ 2013թ. օգոստոսի 5-ին առերես հարցաքննության ժամանակ։
Տուժողը ներկայացրեց 250.000 դրամի քաղաքացիական հայց` պատճառաբանելով, որ նշված գումարը ծախսել է բուժման նպատակով։
Ի դեպ, նախաքննության ժամանակ նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաեւ վկա Սյուզաննա Իրիցյանը:
ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի 2013թ. մայիսի 8-ի թիվ 652/հ եզրակացության եւ 2014թ. մայիսի 16-ի ի լրացումն եզրակացության համաձայն` Քնքուշ Գեւորգյանի մարմնական վնասվածքները՝ գլխի գագաթային շրջանի, ստորին ծնոտի աջ անկյան շրջանի քերծվածքների, գոտկային շրջանի արյունազեղման ձեւով, պատճառվել են բութ առարկաների ներգործությամբ, հնարավոր է՝ նշված ժամանակին եւ հանգամանքներում, որոնք ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին վերցրած առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում։
Դատարանը հաստատված էր համարել Սվետլանա Հովհաննիսյանի կողմից Քնքուշ Գեւորգյանին ծեծի ենթարկելու փաստը, եւ հանգել էր նրան, որ նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալի կատարած արարքը որակված է ճիշտ, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածին եւ ամբաստանյալը պետք է պատիժ կրի կատարած հանցագործության համար։
Դատարանը հաշվի առավ այն, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել: Դատարանն արձանագրել էր նաեւ, որ ամբաստանյալի նկատմամբ առկա է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 9-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված համաներման կիրառման սահմանափակումը։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2014