Մթնշաղը դանդաղ իջնում,
Շուրջը խժռում, առնում իր մեջ,
Վիշտ է սփռում մարդկանց հոգուն,
Մանուկներին՝ լաց ու տրտունջ:
Ժպիտ չկա մարդկանց դեմքին,
Սառն է տիրել նրանց հոգուն,
Շփոթմունքն է դարձել իշխող,
Անմիտ վարքը՝ թագավորող:
Հոգի չկա, կա պաղ մարմին,
Լոկ հուշերի երկիր է սա,
Կանգ է առել մարդկանց միտքը,
Շուրջը ողբ է,- ի±նչ կյանք է սա:
Հերթ չեն տալիս գաղթն ու մահը,
Անուններն են լոկ ընդլայնում,
Շվարել է ժողովուրդը,
Ո±րն է քայլը,-չի հասկանում:
Կարդացեք նաև
Ու մի կողմից մահվան բոթը,
Մյուս ծայրից գաղթի հոտը,
Մարդկանց կիսել երկու մասի.
Ավերում են դաշտը հույսի:
Զարմացած է նույնիսկ մահը,-
Ո±նց ենք տրվում այսքան հոժար:
Վերացել է մարդկանց վախը,
Ժողովուրդը՝ դարձել տկար:
Իսկ լրբերը բազմած հեռվում,
Թույն են թափում, չարախնդում,
Կիրքն է իշխում տիեզերքում,
Ոչ մի մանուկ՝ էլ չի ժպտում:
Իմն ստացա, տվեցի ձեզ,
Այն խառնեցիք դուք ձերի հետ,
Եվ նոսրացավ էությունս,
Շուրջն ունայն է, անէություն…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ