Լրահոս
Օրվա լրահոսը

Մաֆիայի դիմակը

Հոկտեմբեր 27,2014 11:53
mafia

Հայաստանում այսօր, մաֆիան չարորակ ուռուցքի նման տարածվել և լափում է ժողովրդի օրգանիզմը: Նրա հետ հարաբերվելու երկու ճանապարհ կա: Առաջին. ժողովուրդը պետք է սթափվի և ուժերը համախմբելով, խիստ կազմակերպված ձևով պայքարի նրա դեմ, որպեսզի նրան աստիճանաբար վերացնի իր օրգանիզմից և երկրորդ. եթե ժողովուրդն այնքան թևաթափ վիճակում է, որ հույսը լրիվ կորցրել է, ապա պետք է համակերպվի այդ վիճակի հետ և ավելի արագ, ավելի մեծ տեմպերով արտագաղթի, իսկ մնացած մասը՝ աստիճանաբար մահանա: Ցավոք, երկրում վիճակն իրոք այսպիսին է, որ պետք է ժողովուրդը որոշի, թե որ ճանապարհն է ընտրում: Անկեղծ ասած, ես շատ զարմացած եմ մեր ժողովրդի վրա, քանզի նա հայտնվել է մի վիճակում, երբ նրան այլևս որևէ բան բացատրելու կարիք չկա, որովհետև ինքն ամեն վայրկյան իր կաշվի վրա զգում է այդ ամենը:

Նայելով մեր ժողովրդի անցած հազարամյակների ճանապարհին և այն համեմատության մեջ դնելով այլ ժողովուրդների անցած ճանապարհների հետ, մտածում ես, որ մեր ժողովուրդը պինդ, իրեն հարգող, գնահատող և հպարտ ժողովուրդ է: Սակայն, երբ նայում ես ժողովրդի այսօրվա սարսափելի վիճակին, երբ մի քանի հարյուր հոգի կարողանում են ամբողջովին ստրկացնել, նվաստացնել նրան, ակամայից սկսում ես կասկածել և նրա անցած ճանապարհի, և նրան տրվող բնութագրի վրա: Զարմանալ կարելի է, քանի՞ տասնյակ տարիներ կարելի է ամեն օր խաբվել, և քանի՞ տասնյակ տարիներ են ևս հարկավոր՝ այդ բացահայտ վիճակը հասկանալու համար: Դարձյալ պետք է անկեղծ լինենք և խոստովանենք, որ այն, ինչը նույնիսկ կույրին է տեսանելի, հնարավոր չէ, որ մեր ժողովրդին տեսանելի չլինի: Ուղղակի, նա այնքան թերահավատ ու անտարբեր է դարձել, որ համակերպվել ու ծիծաղելի լուծումներ է փորձում գտնել այս վիճակից դուրս գալու համար: Փաստորեն, ժողովրդի մի մասը խռովել է իշխանություններից, որի պատճառով պապերի գերեզմանները թողնում ու պանդուխտի ճանապարհը բռնելով, գնում է այլ երկրներ` բախտ որոնելու:

Ապշում ես, փոխանակ իրենցից խռովելու, երկրից են խռովում ու գնում: Սիրելի ժողովուրդ, եթե նույնիսկ քեզ չես խնայում, ապա լոկ մի պատճառով այդպես մի վարվիր. չէ՞ որ այդ քայլով շատ անտանելի «ցավ» ես պատճառում այն նույն իշխանություններին, որոնք ոչինչ չեն «խնայում» քո կյանքը «լավացնելու» համար: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն գնացել, տանը նստած մամուլով, հեռուստատեսությամբ լսում են, թե ինչպես են իշխանությունները՝ գիշեր-ցերեկ «մտածում» իրենց մասին: Այդ մարդիկ չափազանց լավատես են ու այդ «հոգևոր սննդով» էլ «երջանիկ ապրում են»: Ժողովրդի այդ հատվածը ոչնչի չի խառնվում, քանզի այնքան շատ է հավատում իշխանությունների խոստացած` հետագա դրախտային կյանքին, որ ներկա կյանքն իրեն բացարձակապես չի հետաքրքրում: Ցավալի է, որ այդ արտագաղթողներն ուղղակի չեն հասկանում, որ երկիրը լքելով և փորձելով ժամանակավորապես լուծել իրենց ստամոքսների հարցը, միարժեքորեն ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին և կորցնում են հայրենիք ունենալու՝ միակ հնարավորությունը: Հարգելի արտագաղթող հայրենակիցներ, բա ձեզ ի՞նչ է թվում. համ ուզում եք ձեր մասին գիշեր-ցերեկ «մտածող» հարազատ իշխանություններից խռովել ու լքել երկիրը, համ էլ հույս եք պահում, որ այդքանից հետո, նրանք ձեզ շանս տան օգտվել «դրախտի հավիտենականությունից»: Ոչ և հազար անգամ ոչ, այդպես ուղղակի չի լինում: Եթե իրոք ուզում եք օգտվել «դրախտի հավիտենականությունից», ապա պետք է շարունակեք նույն խոնարհությամբ` նաև հավիտենորեն ծառայել նրանց:

Իսկ այժմ խոսենք մի յուրահատուկ երևույթի՝ դիմակի մասին: Ավելորդ չեմ համարում նշել, որ դիմակը շատ լուրջ գործիք է և նրանով՝ մշտապես քողարկելով երկրում առկա իրական վիճակները, իշխանություններն անընդհատ ասում են, որ Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ Հայաստանում ստեղծված ծանրագույն վիճակի իրական պատճառը համաշխարհային պրոցեսներն ու տարածաշրջանային ինչ-ինչ զարգացումներն են, ժողովուրդն էլ հալած յուղի տեղ ընդունում է այդ իրողությունը: Այնուամենայնիվ, շատ-շատերի մոտ պետք է հարց առաջանա. ինչպե՞ս հասկանալ, որ այդ նույն Հայաստանում այսօրվա պատերազմական վիճակի վերսկսման հնարավորության, գործազրկության, «դեմոկրատիայի», արտագաղթի, արտաքին պարտքի, ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, «օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների անկախության և հավասարակշռվածության», Հայաստանի` Եվրախորհրդին և մարդու իրավունքների բազմաթիվ համաձայնագրերին անդամակցած, «խոսքի, խղճի, կրոնի ազատության» (այս շարքը կարելի է երկար թվարկել) և նմանատիպ այլ իրողությունների պայմաններում, երբ ժողովուրդի մոտ 50-60 տոկոսը հայտնվել է սովի և ֆիզիկական գոյությունը մի կերպ պահպանելու իրավիճակում (նրանք նույնիսկ, հացի և դեղի փող չունեն), մեր կողքին գոյություն ունեն մի շարք «արտոնյալ» մարդիկ, ովքեր ունեն շատ մեծ փողեր, շատ հանքեր, շատ հողատարածքներ, կոպեկներով սեփականաշնորհած բազմաթիվ օբյեկտներ, բազմաթիվ բիզնեսներ, բազմաթիվ տներ, բազմաթիվ ավտոմեքենաներ, բազմաթիվ տրանսպորտային երթուղիներ, բոլոր տիպի վարկերին տնօրինելու մենաշնորհ, երկրում առկա բոլոր աշխատատեղերին տիրելու մենաշնորհ (այս շարքը ևս կարելի է երկար թվարկել) և նմանատիպ այլ նյութական ու ոչ նյութական կարողություններ և արտոնություններ: Թող որևէ մեկը պարզաբանի այս ֆոկուսը և մեր օպտիմիստ, հանդուրժող ժողովուրդին բացատրի այս ամենը: Եթե Տեր Աստվածն է «այսպես ուզում», քանի որ այդ մի քանի հարյուր հոգին են միայն հավատացյալ ու բարեպաշտ, որի համար նրանք դարձել են Տիրոջ սիրելի զավակները, իսկ մնացածներն` իրենց անհավատության պատճառով արժանացել են խորթ զավակի կարգավիճակի և այդքանով հանդերձ՝ այդ անառակները դեռ շարունակում են ապրել (Տիրոջ գութն է նրանց պահում), ապա թող այդպես էլ ասեն: Չէ՞ որ, նրանց՝ «հավատացյալների» համար, ճշմարտությունից վեհ բան չկա: Համոզված եմ, որ դրանից հետո ժողովուրդն այդ ամենը ճիշտ կհասկանա և եթե մի քանի բան էլ՝ դեռ հանիրավի իրեն է պահում, խոնարհաբար կհանձնի նրանց ու նույն խոնարհությամբ էլ կշարունակի «նորմալ ապրել»: Նրանք կասեն, որ այդ ամենն ամբողջ աշխարհում է այդպես, այնպես որ Հայաստանում առկա իրավիճակը որևէ մեկին չպետք է զարմացնի: Այս դեպքում էլ մի ուրիշ «անցանկալի» անակնկալ կարող է ի հայտ գալ. բա, որ հանկարծ, ժողովուրդը թմբիրից արթնանա և ասի՝ բա, մեզ պետք է, թե՞ աշխարհում ոնց է, էդ նույն աշխարհը մեզ համար ի՞նչ է անում: Աշխարհում, ուրիշ ժողովուրդների համար՝ բազմաթիվ լավ բաներ էլ կան, բա ինչու՞ մեզ, դրանցից՝ գոնե մի բան չի հասնում: Իշխանություններն այս հարցերին ոչ մի պատասխան չունեն: Ակնհայտ է, որ նրանց պատասխանը՝ լավագույն դեպքում կլինի հերթական՝ պարզունակ բլեֆը: Ճիշտ պատասխանն իմանալու համար, բավական է պատռել նրանց դիմակները, որոնց ետևում պարզորոշ դրված են այդ հարցերի պատասխանները: Այդ դիմակը` մաֆիայի դիմակն է, որն իր մեջ կրում և ժողովրդից թաքցնում է Հայաստանի իշխանությունների և օլիգարխների միաձուլված դեմքը, որը տիրել է երկրի համարյա ողջ ունեցվածքին և շարունակում է տիրել՝ ժողովրդին պահելով լեթարգիական քնի մեջ: Իհարկե, մաֆիա` իրականում ամբողջ աշխարհում կա, սակայն, եթե աշխարհում նրանք տիրապետում են՝ ընդամենը մի քանի թույլատրելի և անթույլատրելի ոլորտների, ապա Հայաստանում՝ համարյա ամեն ինչն է կենտրոնացված նրա ձեռքում: Այսօր Հայաստանում իրավիճակն այսպիսին է և այն փոխելու ունակ` միայն մեկ ուժ կա, դա ժողովուրդն է: Իսկ այժմ հարց ժողովրդին. շարունակելու՞ ես համակերպվել և մնալ նույն ստրկացված ու ստորացված վիճակում, թե՞ փորձելու ես ետ վերցնել քեզ պատկանող՝ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը` հենվելով միայն ու միայն սահմանադրական կարգի վրա (ՀՀ սահմանադրության թիվ 2 անփոփոխելի հոդված. Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին):

Պարոնայք իշխանավորներ և օլիգարխներ, եթե ժողովուրդը որոշի գնալ երկրորդ ճանապարհով, ապա դուք այդ ամենը պահելու` զրոյական շանս ունեք: Այնպես որ, իզուր չփորձեք ավելորդ քայլեր անել, քանզի դրանք՝ միանշանակորեն դատապարտված են տապալման:

Փոքրիկ խորհուրդ. պարոնայք և տիկնայք մեծահարուստներ, շատ դարդ չանեք, քանզի ժողովուրդը ձեզանից վերցնելու է այն, ինչ իրեն է պատկանում: Իհարկե, սկզբնական շրջանում ցավ կզգաք և այդ ամենը՝ ձեզ մի քիչ անսովոր կթվա, սակայն բավական է հիշեք, որ «մարդու կյանքը՝ երազի տևողություն ունի և այն ընդամենը՝ երկարացված թռիչք է արգանդից՝ գերեզման», այդ դեպքում ցավը կմեղմանա և դուք կհայտնվեք իրական քրիստոնեական վիճակում: Իսկ, այնտեղ գործում է մի հիմնական սկզբունք. մարդը ծնվում է իր ժողովրդից և պետք է ապրի իր ժողովրդի պես:

Մնացյալը` լռություն…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031