Հայկ Դեմոյանը մեկտեղել է թուրքական
հանցագործությունների իրական պատկերը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հեղինակությամբ օրերս հրատարակվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ծավալուն գիրք-ալբոմը:
Այս յուրօրինակ եզակի հավաքածուն ներկայացնում է մարդկության եւ քաղաքակրթության դեմ կատարված թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում:
«Առավոտի» հետ զրույցում Հայկ Դեմոյանը փաստելով, թե հայերի կոտորածները եւ երիտթուրքերի կողմից իրագործված հայ ժողովրդի ցեղասպանությունը մշտապես եղել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, ասաց. «Այս խնդրին վերաբերող մամուլում տեղ գտած անդրադարձներն ու հրապարակումները կարեւոր սկզբնաղբյուր են Հայոց ցեղասպանությանն առնչվող հիմնահարցերի լուսաբանման տեսանկյունից եւ ունեն պատմական բացառիկ նշանակություն: Ուշագրավ են հատկապես անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական մամուլի հրապարակումները, որոնք անդրադառնում են ինչպես 1894-1896թթ. համիդյան կոտորածներին, 1909թ. կիլիկյան նախճիրին եւ 1915-22թթ. Հայոց ցեղասպանությանը, այնպես էլ դրանց հետեւանքներին՝ հայ բռնագաղթյալների խնդիրներին, որբահավաք աշխատանքներին եւ թուրքերի կողմից առեւանգված հայ կանանց ու երեխաների ճակատագրին»: Պարոն Դեմոյանը հավելեց նաեւ, թե այսօրինակ հրապարակումները կարեւոր տեղեկություններ են պարունակում հայերի կոտորածների, դրանց ընթացքի եւ հետեւանքների մասին: Այդքանով իսկ՝ Թուրքիայի կողմից հայերի հանդեպ կատարված բռնությունները դատապարտող այդ հրապարակումները դառնում են միջնորդավորված վկայություններ Հայոց ցեղասպանության պատմական իրողության մասին:
Կարդացեք նաև
Հետաքրքրությանը, թե հրապարակված նյութերի համար սկզբնաղբյուր եղել են միայն Օսմանյան կայսրությունից տեղահանված հայերի ու Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սկզբնաղբյուր են հանդիսացել նաեւ օտարերկրյա այն դիվանագետների, միսիոներների, բժիշկների եւ այլոց հաղորդած արժեքավոր տեղեկությունները, ովքեր ականատեսն են 19-րդ դ. վերջին եւ 20-րդ դ. սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի եւ մյուս քրիստոնյա ժողովուրդների դեմ իրագործված ոճրագործություններին»: Ասաց նաեւ, որ մասնավորապես արժեքավոր է նշված ժամանակահատվածում կայսրության որոշ բնակավայրերում լույս տեսնող առանձին թերթերի, ամսագրերի թղթակիցների գործունեության արդյունքում ստացված լրատվությունը, որտեղ ըստ ժամանակագրության եւ ճշգրիտ ներկայացվում էր կատարվող դեպքերի ընթացքը: Իսկ արդյունքում համաշխարհային մամուլի միջոցով միջազգային հանրությունը ոչ միայն տեղեկացվեց տեղի ունեցող ցեղասպանության մասին, այլեւ այդ հրապարակումների շնորհիվ աշխարհի տարբեր ծայրերում մեծ թափ ստացավ հայանպաստ շարժումը եւ ցեղասպանությունը վերապրածներին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը, ինչը նպաստեց մարդասիրական հուժկու շարժման ծավալմանը: «Մասնավորապես՝ համիդյան կոտորածներից հետո որոշ թերթերի խմբագրություններ դրամահավաք միջոցառումներ կազմակերպեցին՝ հայ գաղթականներին օգնելու համար»,- տեղեկացրեց Հայկ Դեմոյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2014