Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Բռնցքամարտը Հայաստանում կործանարար նահանջ էր ապրել»

Հոկտեմբեր 27,2014 12:30

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի խոսքերով, Եվրոպան ու աշխարհը վերստին սկսել են հաշվի նստել հայկական բռնցքամարտի հետ: «Առավոտը» զրուցել է Արթուր Գեւորգյանի հետ:

– Մեր վերջին զրույցում դուք ասացիք, որ ֆեդերացիայի նախկին ղեկավարության օրոք հայկական բռնցքամարտը կորցրել էր ձեռագիրը:

– Ես կասեի` կործանարար նահանջ էր ապրել, որից տուժել է նաեւ ֆեդերացիայի տնտեսությունը: Օրինակ, չգիտես ինչպես, գոյություն չունեցավ հավաքականների` Երեւանում գտնվող մարզումային դահլիճը, հենակետային համարվող մեր մարզաձեւի Ծաղկաձորում գտնվող հսկայական դահլիճը ոչնչացվեց` վերածվելով ըմբշամարտի դահլիճի, որի անկյունում բռնցքամարտին մի փոքր հատված է թողնվել: Եվ դա այն դեպքում, որ ժամանակին հենց բռնցքամարտի դահլիճ էր, իսկ հարեւանությամբ գործում էր նույն չափերի ըմբշամարտի դահլիճ: Դա ֆեդերացիայի նախկին ղեկավարության անտարբերության ու անհետեւողականության հետեւանք է:

– Աշխատանքների կազմակերպման առումով ի՞նչ կասեք:

– Ասելու շատ բան կա: Օրինակ, վերջին տարիներին ի հայտ են եկել բավականին մեծ թվով մարզիչներ, որոնք հաճախ բռնցքամարտի հետ ոչ մի կապ չունեն: Այդ երիտասարդները հավաքում են 50 եւ ավելի երեխա ու պարապում փողով: Բիզնեսի էին վերածել դաշտը: Իսկ իսկապես վաստակ ունեցող արժանապատիվ շատ մարզիչներ ունենում էին հինգ երեխա: Դրա հետեւանքները տեսնում ենք հիմա` երիտասարդական, անգամ մեծահասակների հավաքականում: Այդ բռնցքամարտիկները շնորհալի տղաներ են, անգամ Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրածներ կան, բայց հայկական, դասական բռնցքամարտի այբուբենը չգիտեն: Նրանք արդյունքների հասել են բնատուր շնորհքի, պատվախնդրության եւ աշխատասիրության շնորհիվ, բայց ոչ թե այդ մարզիչ կոչվածների սովորեցրածի: Գործի կազմակերպիչներն են մեղավոր, որ բռնցքամարտիկների մոտ հիմքերը սխալ են դրվել: Հիմա մենք ամեն բան ջնջել ու սկսել ենք զրոյից: Անում ենք այն, ինչ պետք է արված լիներ 10 տարի առաջ: Պատկերավոր ասած, տարիներ շարունակ ողնաշարը ծռել են` մենք սկսել ենք շտկել: Շատ դժվար է, բայց ստացվում է:

– Բայց հատկապես բռնցքամարտում վաստակավոր մարզիչների պակաս չկա:

– Ի՞նչ չափորոշիչներով են շնորհվել կոչումները: Բռնցքամարտիկի արդյունքների: Բայց կան վաստակավոր մարզիչներ էլ, որոնք ռինգում ձեռնաթաթ բռնելու ձեւը չգիտեն: Ես նմաններին կոչում տալուն դեմ եմ: Դրա համար ֆեդերացիայում կարեւոր մի որոշում ենք կայացրել: Բոլոր մարզիչները ֆեդերացիայում պետք է պարբերաբար քննություն հանձնեն եւ համապատասխան աստղ-գնահատական ստանան: Որպեսզի ծնողը երեխային բերելիս` միջանցքում պատին տեսնի, թե որ մարզիչը քանի աստղ, ինչ որակավորում ունի:

– Այդ նորամուծությանը մարզիչներն ինչպե՞ս են վերաբերվում:

– Ոչ միանշանակ: Ոմանք տեսնում են, որ ճիշտ է մտածված, բայց հայկական բնավորությամբ չեն ուզում ընդունել՝ մեծամտացել են: Բայց որոշումը կայացված է. մարզիչները կամ կգան այդ դաշտ, կամ չեն աշխատի:

– Դա նաեւ հավաքականների մարզիչների վրա՞ է տարածվելու:

– Այո: Եվ այստեղ էլ մի կարեւոր որոշում ենք ընդունել: Պատանիների ու երիտասարդների հավաքականների մարզիչները ֆեդերացիայում աշխատելու են ռոտացիոն կարգով: Նրանց եւս կտրվի դրսեւորելու ժամանակ եւ հնարավորություն: Կարդարացնե՞ն, կողջունենք, ո՞չ` տեղը կզիջեն ուրիշի: Այդպես կշարունակվի այնքան, մինչեւ գտնենք այն մարզիչ մանկավարժին, որը մեզ պետք է:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031