Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետը Մատաղիսում ծանոթացել է սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարության ընթացքին

Հոկտեմբեր 27,2014 10:50

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին, շվեյցարահայ գործարար, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշի հետ, աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում, որտեղ այցելել է մի շարք ձեռնարկություններ:

«Արցախ ՀԷԿ»-ի կայաններում Վ. Սերմաքեշին են ներկայացվել հայկական առաջին բաց բաժնետիրական ընկերության կատարած աշխատանքները, որոնց շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն բարձրացվել է հանրապետության էներգետիկ անկախությունը: Նրանք այցելել են նաև «Բեյզ Մեթլս» հանքարդյունաբերական ընկերության Դրմբոնի հանքավայր, որտեղ հետևել են արտադրական պրոցեսին: Վարչապետը բարձր է գնահատել այդ ոլորտի դերն Արցախի տնտեսության զարգացման գործում՝ կարևորելով հանքարդյունաբերությունում ևս շվեյցարահայ գործարարի կատարած ներդրումները:
Այնուհետև նրանք այցելել են սահմանամերձ Մատաղիս համայնքի վարչական տարածք, որտեղ Վ. Սերմաքեշի ֆինանսական ներդրումներով մեկնարկել է Արցախի տնտեսական մեծածավալ նախագծերից մեկի՝ սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարությունը: Կառուցվող ձկնաբուծարանի շուրջ 350 ջրավազաններում շուտով կդրվեն առաջին ձկնկիթները: Ըստ նախագծի՝ առաջիկա տարիներին Արցախը դառնալու է այդ սննդամթերքի խոշոր արտահանող:

Բացի ակնկալվող տնտեսական նշանակությունից, Ա. Հարությունյանն ընդգծել է նաև ծրագրի՝ սահմանամերձ համայնքում իրագործվելու հանգամանքը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շրջակա գյուղերի բարգավաճման համար: Վարչապետի հետ միասին շվեյցարահայ գործարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, քննարկել առաջիկա ծրագրերը:

Կառավարության ղեկավարը կարևորել է Վ. Սերմաքեշի մասնակցությունը հանրապետության տնտեսության զարգացման գործում, որը ներառում է մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսություն, բանկային համակարգ, հիդրոէներգետիկա, հանքարդյունաբերություն՝ շեշտադրելով, որ նրա ներդրումների ծավալն արդեն անցնում է մի քանի տասնյակ մլրդ դրամի սահմանը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031