15 տարի առաջ մինչեւ 17.05-ը խորհրդարանում այնքան հանդարտ էր, որ լրագրողներով իրար հարցնում էինք, թե ինչ ենք ի վերջո լուսաբանելու՝ նյութ չկա:
Ժամեր անց վերադառնալով խորհրդարանից՝ մինչեւ լուսադեմ փորձում էի վերծանել կատարվածի ձայնագրությունը: Բազմիցս տեսել եմ՝ դեպքին ներկա եղած լրագրողները դեռ երկար ժամանակ անգամ որեւէ բարձր ձայնից էին վեր թռչում, ցնցվում: Իսկ այդ օրը հարկադրված էի նորից ու նորից լսել կրակոցների ձայները եւ ճիչերը… Այդպես է գրվել այս հոդվածը:
Այն վերահրապարակում ենք, քանի որ հնարավորություն կա ընթերցողներին փոխանցելու նաեւ կատարվածի այդ օրն իմ արած ձայնագրությունը: Պարզաբանենք, որ ձայնագրությունում հայհոյանքները չենք խլացրել, քանի որ հիշում եմ այն խորհուրդը, որն այն ժամանակ ինձ տվեց լրագրող Վադիմ Ռեչկալովը: Նա ստիպեց մեկ առ մեկ իր համար թարգմանել հայհոյանքները, եւ հարցեր էլ էր տալիս, թե ասենք, մեղմ ասած՝ «անբարոյականի զավակ» ասածը շա՞տ վիրավորական է մեր լեզվով: Վադիմ Ռեչկալովն ասում էր՝ մարդիկ Նաիրի Հունանյանին տեսան արդեն հանգիստ վիճակում, երբ հարցազրույց էր տալիս, շարադրում իր գաղափարները, սակայն շատ կարեւոր է նրան ներկայացնել այնպես, ինչպես էր, երբ ներխուժեց դահլիճ:
Կարդացեք նաև
ԱԿԱՆԱՏԵՍԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Պահը հաշվենկատորեն էր ընտրված՝ կառավարության հետ ԱԺ-ի հարցուպատասխանը, որը տեսագրվում էր հեռուստատեսությամբ ցուցադրվելու համար։
Մոտավորապես 17։10-ի կողմերը, երբ Լեւոն Բարխուդարյանը պատասխանում էր Ֆրունզե Խառատյանի հարցերին, անակնկալ դահլիճ ներխուժեցին Նաիրի Հունանյանը, նրա կրտսեր եղբայր Կարենը եւ նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, որի համար անցաթուղթ խնդրելիս Նաիրի Հունանյանն ասել էր, թե իր քեռին տեղական ինքնակառավարման ընտրություններում համայնքապետ է ընտրվել, եւ միայն հետո նրա առջեւ գրանցմանն առնչվող ինչ-որ հարցեր են առաջադրվել։ Նաիրի Հունանյանը նրա համար անցաթուղթ էր խնդրել այն հիմնավորմամբ, թե պիտի փորձի ինչ-որ բաներ կարգավորել։
Ինձ հաջողվել է ճշտել միայն այս երեքի ազգանունները։ Հետո Նաիրի Հունանյանը տալիս էր նաեւ Էդո, Հովիկ, Կարեն, Սուրիկ եւ Դերո անունները։ Չնայած նիստերի դահլիճում 3-ից 5-ն էին։
Նախ դահլիճի առաջին դռնից ներս խուժեց բաց գորշավուն երկար անձրեւանոցով Նաիրի Հունանյանը եւ ավտոմատի կրակահերթ ուղղեց Վազգեն Սարգսյանի եւ առաջին շարքում նստածների վրա։ Կրակում էին հատկապես կառավարության եւ «Միասնության» շարքերի վրա։ Այդ պահից սկսյալ կառավարության բոլոր անդամները, պատգամավորները եւ լրագրողները պառկեցին հատակին՝ վախից գլուխները երբեմն-երբեմն բարձրացնելով։
Ես շարունակում էի ձայնագրել՝ Նաիրին ու իր գործակիցները հայհոյանքներ էին շաղ տալիս։
Մի պահ տեսա, որ Նաիրին նորից կրակեց Վազգեն Սարգսյանի վրա, որը նստած դիրքում, մի կողմ թեքված էլ մնացել էր։
Քիչ անց Նաիրի Հունանյանը հայտնվեց ԱԺ ամբիոնին։ «Հանգիստ նստե՛ք, և հրամայեց եւ ենթադրելով, որ նիստը շարունակվում է ռադիոհեռարձակվել՝ բարձրախոսով ազդարարեց։
– Սիրելի հայրենակիցներ, ձեր արյունը ծծողների հերն անիծել, սատկացրել ենք։ Բոլորդ դեպի Ազգային ժողով։ Եվ մենք կհաղթենք։ Եվ այս պ…կի ծնունդները մեր արյունը չեն ծծի։ Մեր ամբողջ հարստությունը թալանեցին։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Սատկացնել է պետք բոլոր շներին, բոլորին՝ անխտիր»։ Ու դարձյալ կրակահերթ արձակեց։
«10 տարի մեր արյունը ծծեցին», – այս արտահայտությունը Նաիրի Հունանյանը կրկնում էր անընդհատ՝ եւ անդադար էլ կրակահերթեր արձակում։ Որեւէ պահանջ առաջ չէին քաշում՝ տպավորությունն այն էր, որ ծրագրել էին միայն ղեկավարների ֆիզիկական ոչնչացումը, իսկ թե ինչ անել հետո՝ հստակ չէին պատկերացնում։
«Ռադիոն աշխատո՞ւմ ա։ Եթեր գնո՞ւմ ա։ Զանգի Տիկոյին, ասա՝ եթե եթեր չգնա՝ Նաիրին հերդ կանիծի»,- այստեղ նշենք, որ Նաիրի Հունանյանն ու Տիգրան Նաղդալյանը Հայ ուսանողության դաշինք կազմակերպության հիմնադիրներից էին եւ 1988-ին ուսանողական շարժումների կազմակերպիչները՝ ինչպես նաեւ այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, որի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցելը կարծես ահաբեկիչների միակ պահանջն էր։
«Դու մոռացե՞լ էիր, որ հայ ժողովուրդը տեր ունի, արա՛»,- արդեն անկենդան վարչապետին հարցումներ էր ուղղում Նաիրի Հունանյանը, հայհոյում ու նորից կրակում՝ «5 տարի չթողիր, որ էս ժողովուրդն ընտրություն անի»։
Լրագրողներից մեկի մոտ հիստերիա սկսվեց։ «Հանգիստ մնացեք։ Բոլորդ դուրս եկեք»,- ասաց Նաիրին եւ լրագրողներին դուրս ուղեկցեց։ «Շուտ արեք՝ դուրս եկեք եւ ամբողջ ժողովրդին բերեք դեպի շենք»։
Դուրս գալու ընթացքում հասցրի տեսնել Անդրանիկ Մանուկյանի արնաշաղախ ձեռքը, կառավարության շարքում՝ Վազգեն Սարգսյանին եւ ինչ-որ մեկի արնածոր գլուխը։ Հետո հասկացա, որ Լեոնարդ Պետրոսյանն էր, որ անմիջապես Վազգեն Սարգսյանի ետեւում էր նստած եւ, ըստ ամենայնի, այդ պատճառով էլ զոհ դարձավ։
Հետագա իրադարձություններին ես եւ «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Ռուզան Խաչատրյանը հետեւում էինք խորհրդարանի գրադարանից։ ԱԺ-ի ներքին ցանցով շարունակվում էր հեռարձակվել նիստերի դահլիճում կատարվողը եւ մինչեւ 18։15-ը, երբ համոզեցին հեռանալ շենքից՝ արդեն ռադիոյից եմ շարունակել ձայնագրել։
«Վերջն էս էր լինելու, անխուսափելի էր»,- գոռում էր Նաիրի Հունանյանն ու էլի կրակահերթ արձակում։ Փորձում էին տպավորություն ստեղծել, թե իրենք այդ 5-ից ավելին են. «Հրանտին զանգի՝ ասա, թող տղեքին սաղին հավաքի գա»։
Ինչ-որ պահի նրանք դահլիճում գտնվողներին հրահանգեցին նստել՝ «Դուք ի՞նչ ունեք վախենալու»։ Ինչ-որ պահի Նաիրի Հունանյանը, որի ձայնն այլեւս այդքան էլ հիստերիկ չէր հնչում, ասաց. «Վիրավորներից ո՞վ կա՝ հանեք էստեղից»։ Եվ թույլ տվեց շտապօգնության մեքենաներ կանչել։
«Պրն Հակոբյան, միշտ ասում էիք՝ «մի օր կանգնելու եք դատարանի առաջ, ես էլ դատողն եմ լինելու»։ Հիմա օրը եկել ա։ Կերան չէ՞ մեր ժողովրդին։ Կերան, սեփականաշնորհեցին»,- Նաիրի Հունանյանի այս խոսքերն ուղղված էին Լեոնիդ Հակոբյանին, որն, իրոք, երեքշաբթի առավոտյան էլ նույն սպառնալիքը հնչեցրել էր ԱԺ-ի ամբիոնից՝ վստահաբար, ոչ այս Լինչի դատաստանը նկատի ունենալով։
«Մեկը մոտեցավ դահլիճին՝ բոլորը գնդակահարվելու են»,- այս սպառնալիքը Նաիրի Հունանյանը փոխանցեց արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, վիրավոր Արմեն Խաչատրյանի միջոցով, որն առաջին շարքերում նստածներից էր, որտեղ էին եւ առավել շատ վիրավորներն ու սպանվածները։
Եթե չեմ սխալվում, առաջինը ԱԺ հասան ռազմական ոստիկանության սեւ համազգեստավոր աշխատակիցները՝ «Ալֆա» ջոկատն էր կարծեմ։ Բայց դա միայն կես ժամ հետո էր։ ԱԺ-ն հսկող ոստիկանները սովորաբար անզեն են։ Դժվար է նշել, թե բարձրաստիճանների թիկնապահներն ուր էին։ Համենայնդեպս, մինչ Նաիրի Հունանյանի ԱԺ նիստերի դահլիճ ներխուժելը՝ որեւէ կրակոցի ձայն չի լսվել։
«Ով ատրճանակ հանի՝ տեղում սատկացնելու ենք, առանց զգուշացնելու»,- Նաիրիի այս մի սպառնալիքն էլ թերեւս թելադրված էր այն գիտակցությամբ, որ պատգամավորների մեջ բազմաթիվ էին «կռված տղաները» եւ հավանաբար զինված էլ կլինեին։ Երեւի այսպե՞ս է բացատրվում նախկին ազատամարտիկ պատգամավոր Արմենակ Արմենակյանի հետ պատահածը, որին սպանել էին միջանցքում։
Եվս մի մանրամասն. կառավարության այս հարցուպատասխանին Արմեն Դարբինյանից եւ Վարդան Օսկանյանից բացի (վերջինս ԱՄՆ պատվիրակությանն էր ընդունում) չէին մասնակցում նաեւ ուժային նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Սերժ Սարգսյանը։ Վերջինիս առիթով Նաիրի Հունանյանը բարձրաձայն ափսոսանք արտահայտեց, թե ինչո՞ւ այստեղ չէ… Դահլիճում չէր, բայց հետո պատուհանից ԱԺ մտնելիս տեսա Վահան Շիրխանյանին։
«Առողջապահության նախարարն եմ, թույլ տվեք ծանր վիրավորներին օգնել»,- Հայկ Նիկողոսյանի այս խնդրանքը հարգեցին։ Նա, արդյունաբերության նախարար Հայկ Գեւորգյանը եւ Խոսրով Հարությունյանը կարծես միակն էին կառավարությունից, որոնց հաջողվեց դուրս պրծնել։
«Ես ոչ մեկի չեմ ուզում սպանել։ Մենք հա՛յ ենք։ Սրանք հայ չէին,և ինչ-որ մեկին բացատրում էր Նաիրի Հունանյանը,և ինչ որ անում ենք՝ ժողովրդի համար է։ Ուղղակի վճռականություն է պետք, որ արդարություն, օրենք հաստատենք էս երկրում՝ սենց չի լինի»։
Բավական հանդարտ, նույնիսկ ընկերաբար Նաիրի Հունանյանի գործակիցները զրուցում էին պատգամավորների հետ. «Ժողովուրդ ջան, չե՞ք գտնում, որ ազգը, իրոք, մեղք է, բա հավաքվում եք ստեղ, լռում, ոչ մեկդ մի հատ ձեն չեք հանում։ Հիմա իմ ջահել կյանքը ձեզ՝ ինձ խփեն էլ, էլի ոչինչ, էնքան, որ իմանամ՝ ազգս ապրելու է»,- սա կարծես Նաիրիի քեռին էր՝ Վռամ Գալստյանը։
«Կոչ եմ անում ներկայիս իրավիճակին հնազանդվել։ Ժողովրդին նույնը՝ խառնաշփոթություն հայրենիքում չստեղծել։ Ինչ վերջ կունենա՝ թող ժողովուրդը գնահատական տա։ Բոլորդ այստեղ ժողովրդից ընտրվածներ եք՝ ամենակարեւորը, խնդրում եմ, սառնասրտություն եւ՝ հնազանդվել ներկա իրավիճակին։ Խնդրում եմ անվտանգության մարմիններին՝ շենքին մոտիկ չգաք, արյունահեղություն չլինի՝ ինչ որ եղավ, բավական ա»,- սա էլ խմբի անդամներից մեկի հայտարարությունն էր։
Հենց Նաիրի Հունանյանի հորդորով՝ հանգստության կոչ անել, որ անվտանգության մարմինները ոչինչ չձեռնարկեն՝ Լեոնիդ Հակոբյանը մոտեցավ խոսափողին։ Ճիշտ է, Նաիրի Հունանյանը նաեւ բազմիցս պատվիրեց ժողովրդին կոչ անել, որ ԱԺ գան, բայց Լեոնիդ Հակոբյանը տեղի չտվեց եւ միայն ասաց. «Խնդրում եմ համապատասխան օրգաններին՝ չմոտենալ Ազգային ժողովի շենքին։ Ստեղծված իրավիճակում միակ ելքն այն է, որ մենք կարողանանք չխառնվել, հանգիստ, որ կարողանանք կարգավորել այն իրավիճակը, որ ստեղծվել է։ Խուճապը կարող է մեզ ավելի մեծ վնաս տա։ Հանգստություն եւ համբերություն»։
Հաջորդը հայտարարության համար խոսափողի մոտ թողեցին Գագիկ Կոստանդյանին. «Որպես միլիցիայի նախկին աշխատող, բարձրաստիճան սպա, կոչ եմ անում իմ կոլեգաներին՝ այստեղ լուրջ իրավիճակ է եւ լուրջ մարդկանց հետ գործ ունենք։ Մարդիկ, որոնք հավանաբար կռված են ու գիտեն ե՛ւ զենքի, ե՛ւ կյանքի արժեքը։ Խնդրում եմ զգոն լինել։ Բանակցությունների միջոցով միայն կարելի է մնացածի կյանքը փրկել»։ Ի դեպ, Նաիրի Հունանյանը մեկ էլ Արտաշես Գեղամյանին էր փնտրում՝ բացակա էր։
Հաջորդը խոսափողի մոտ հրավիրեցին Ռուբիկ Հակոբյանին։ Նրա, Ռոլանդ Շառոյանի եւ այլ դաշնակցականների աջակցության վրա շատ էր ապարդյուն հույս դնում ՀՅԴ-ից հեռացված Նաիրի Հունանյանը։ Եվ, ի դեպ, ըստ որոշ լուրերի, այն վերոհիշյալ Հրանտը, որին պատվիրում էր զանգել Վազգեն Սարգսյանի սպանությունից անմիջապես հետո՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանն էր, որը հետո անգամ փորձել էր հանդիպել Նաիրիի հետ, բայց ճիշտ չէր համարվել։ Ինչեւէ։
Ռուբեն Հակոբյանը, դիմելով ժողովրդին՝ կրկնեց մյուսների հորդորները մի էական տարբերությամբ. «Առաջին խնդրանքը, որ ունեմ՝ ԱԺ-ի շենք ոչ ոք մուտք չգործի։ Մուտք գործելը հղի է… շատ ավելի ծանր իրավիճակ է ստեղծվելու։ Բոլորդ քաղաքական ակտիվություն այժմ դրսեւորեք՝ դուրս եկեք։ Եվ միակ պայմանը, որ այսօր կարող է որոշակի նորմալ վիճակ ստեղծի՝ բանակցություններն են»։
Անծանոթ եւ չներկայացած մի պատգամավոր նույնպես բանակցությունների մասին խոսեց։
Հետո լսվեց, որ պայմանավորվում են մեկ ժամ առաջ սպանվածների մարմինները միջանցք դուրս բերելու մասին։
Այս պահից արդեն որոշակի ոչինչ չէր լսվում՝ խառը եւ միաժամանակյա խոսակցություններ էին։ Պատգամավորները կարծես հաղթահարել էին առաջին ցնցումը եւ փորձում էին համոզել, թե զենքով հարցեր լուծել չարժե եւ այլն։ «Օրենքի առջեւ պատասխան ենք տալու՝ դուք էլ, բոլորս էլ», – սա էլ Նաիրի Հունանյանի գործակիցներից մեկի արձագանքն էր։
Որոշակի լսվեց մեկ էլ սա՝ «Ոչ ոք չմոտենա պատուհաններին՝ կկրակենք…։ Եթե ցանկանում եք, որ նոր արյուն չթափվի՝ օպերատորական սենյակներում գտնվող տեխնիկական աշխատողները թող դուրս գան դահլիճ»։
Վերջին հայտարարությունը ստիպեց մեզ՝ գրադարանի դուռը բազկաթոռներով փակած երեք կանանց, դուրս գալ։ Խորհրդարանի շենքի առջեւ զինվորներ էին, պատանդ մնացածների սարսափահար հարազատները։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Սա հիմնական հոդվածն էր: Բայց «Առավոտի» 1999 թվականի հոկտեմբերի 28-ի այդ համարի առաջին էջում հրապարակվել էր նաեւ «Գաղափարական մարդասպանը» վերնագրված այս լուրը:
«Ինչի՞ համար»,- ԱԺ նիստերի դահլիճից դուրս բերվելուց հետո Նաիրի Հունանյանին դիմեց «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանը։ «Սրանց ես ոչ թե սենց պիտի սպանեի՝ պիտի մորթեինք։ Էս ժողովրդի արյունը 10 տարի ծծեցին, էս երկիրը կործանեցին։ Բան չի մնացել։ Երկու շենք է մնացել, էս էլ կվերացնեն՝ կպրծնի»։ «Բայց Վազգեն Սարգսյանին սպանելով…», – հարցը կիսատ թողեց՝ «Վազգենն էս ազգի ամենատ….ն էր՝ 5 տարի չթողեց ընտրություն լինի»։
«Բայց ինչո՞ւ հիմա» հարցին էլ պատասխանեց՝ ցույց տալով ավտոմատը. «Որովհետեւ հիմա եմ ճարել էս ք…քը։ Շուտ ճարեի՝ ես 1992 թվին Լեւոնին շան նման կսատկացնեի»։
Նաիրի Հունանյանի բերանից ալկոհոլի սաստիկ հոտ էր փչում։
«Սրանց ես ոչ թե սենց պիտի սպանեի՝ պիտի մորթեինք։ Էս ժողովրդի արյունը 10 տարի ծծեցին, էս երկիրը կործանեցին։ Բան չի մնացել։ Երկու շենք է մնացել, էս էլ կվերացնեն՝ կպրծնի»։ «Բայց Վազգեն Սարգսյանին սպանելով…», – հարցը կիսատ թողեց՝ «Վազգենն էս ազգի ամենատ….ն էր՝ 5 տարի չթողեց ընտրություն լինի»։
ասածների մեջ բացարձակ ճշմարտություն կա, ամեն երկրորդ զինվորի մայր անիծում էր Վազգեն Սարգսյանին, բանակում տիրող սովի, կաշառքի, զինվորներին հանուն փողի ստորացնելու գարշելի բարքերի համար, շաբաթը մի քանի ինքնասպանություն էր կատարվում բանակում, նրանց նշանաբանն էր ։ Հետո նախագահ նշանակեց, մնում էր կաթողիկոս էլ նշանակեր ու իրեն տեղ դներ․․․․․եթե էս ժողովուրդը էսքան կեղծավոր չլինի մի՞գուցե այլ ճակատագիր ունենա․․․․Նաիրի Հունանյանի այս խոսքերը արդիական են նաև այս խորհրդարանի համար․․․․
Բոլոր այն տխմարներին, որոնք բռնությամբ հարցեր լուծելու կոչեր են անում, առաջարկում եմ մտածել. Հոկտեմբերի 27-ից հետո լա՞վ եղավ մեզ համար, թե՞ շատ ավելի վատ։ Արդա՞ր դարձավ ամեն բան, թե՞ շատ ավելի անարդար։ Եվ ուրեմն սսկվեք ու վեր ընկեք տեղներդ։ Եվ պայքարեք սահմանադրական եղանակով։
Իսկ Հայաստանում իրեն աստծու տեղ դրած Վազգեն Սարգսյանը սահմանադրական եղանակո՞վ էր Հայաստանը կառավարում։
Վայ կեղծավոր ժողովրդին²⁰ իսկ եթէ չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս»։
²¹ «Ինչպէ՜ս պոռնիկ դարձաւ հաւատարիմ քաղաք Սիոնը, որը լի էր հաւատով, ուր արդարութիւնն էր բնակւում, իսկ այժմ՝ մարդասպանները։
²² Ձեր արծաթը փորձուած չէ, ձեր վաճառականները գինուն ջուր են խառնում,
²³ ձեր իշխաններն ապստամբներ են եւ գողերին գողակից, կաշառք սիրող են եւ վրէժխնդիր, որբերի իրաւունքը չեն պաշտպանում եւ ուշադրութիւն չեն դարձնում այրիների դատին»։
²⁴ Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի ամենազօր Աստուածը. «Վա՜յ ձեզ, Իսրայէլի հզօրնե՛ր, բարկութիւնն իմ այլեւս չի դադարելու իմ հակառակորդների հանդէպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին։
²⁵ Ձեռքս պիտի ձգեմ քեզ վրայ, մաքրելու համար քեզ քուրայում պիտի այրեմ, կորստեան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերացնեմ բոլոր անօրէններին, բոլոր ամբարտաւաններին պիտի խոնարհեցնեմ։
²⁶ Քեզ վրայ, ինչպէս առաջ, դատաւորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ՝ ինչպէս նախկինում, եւ այն ժամանակ դու կը կոչուես Քաղաք արդարութեան՝ քաղաքների մայր հաւատարիմ Սիոն»։
(Ես 1:20-26)
Վա՛յ էն ժողովրդին, որի հերոսը նաիրի հունանյանն է, որից մեջբերում է անում վերը Աննա անունով հանդես եկող մեկը։
Ընդամենը մեկ բան, եթե հիմա ինչ որ մարդիկ մտնեին ազգային ժողով, ու սպանեին Լֆիկին, Դոդին, Շմայսին ու մյուս մականունավոր օլիգարխներին, էլի ասելու էիք ոճրագործությու՞ն:
Էդ որ օրվանից Վազգեն Սարգսյանը դառավ սպարապետ, ինչքան հիշում եմ իրա կենդանությա օրօք ամեն երրորդը անիծում էր, հիմա դարձրել եք սպարապետ, իսկ Նաիրի պես արժանապատիվ մարդուն, որ ուղղակի չդիմացավ անարդարությանը ու իր սեփական վրեժը արեց՝ սարքել եք ոճրագործ:
Դե ուրեմն արժանի եք էս վիճակին, ափսոս հիմա չկան Նաիրի պես «գժեր» որ իրանց կյանքի գնով գոնե արժանապատվությունը պահեն:
Ցավում եմ Ձեզ համար, որ արդարացնում եք մարդասպանությունն ու ահաբեկչությունը:
Շնորհակալություն, որ գոնե համարձակություն ունեցաք, այսքան տարի լռությունից հետո գրել այս մասին։