Լրահոս
Օրվա լրահոսը

Ամո Շարոյան. «Աստված իմ, փրկեք մեր ազգին»

Հոկտեմբեր 26,2014 18:03

           Հայտնի գրող Վահան Տեր-Ղազարյանը, պարզաբանելով եզդի ժողովրդի յուրահատկությունը, նրանց կրոնական հոգևոր աշխարհն, ասել է, որ եզդիների տիպի ժողովուրդները եզակի են, և նրանց գոյությունն շատ թանկ պետք է համարվի մեզ համար: Հարգարժան գրողը միաժամանակ ասել է, որ մարդկության ու հիմնականում արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը եզդիները սրբությամբ պահպանել են:
         Այո, եզդիները, դարեր շարունակ անաղարտ պահելով իրենց հավատը, բազմիցս ֆիզիկապես ոչնչացվել են հարևան այլադավ երկրների կողմից: Եղել են ճնշված, իրավազրկված, ազգային, կրոնական վիրավորանքների ենթարկված և ցեղասպանություն ապրած: Այսօր էլ, սկսած oգոստոսի 2-ից, եզդի ժողովուրդն Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում ենթարկվում է ցեղասպանության:

Իսլամական պետության (ԻՊ) հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել ամենազարհուրելի երազներում, նույնիսկ սարսափ կինոնկարներում. մորը սպանում էին երեխաների ներկայությամբ, մանկահասակ երեխաներին ողջ-ողջ թաղում էին մահացած մոր գրկում: Սինջար քաղաքի փողոցները լցվել էին գլխատված, անդամահատված եզդիների մարմիներով, մեր բնօրրանում ամենուր մահ էր: Եզդի կանանց և երեխաներին 21-րդ դարի սրտրկավաճառները հասցրեցին նույնիսկ Աֆղանստան: Ահավոր ցավով ու թափած արցունքներով մենք սպասում էինք, որ կազատագրվի Շանգալը: Մենք ապրում էինք ամենուրեք օգնության, փրկության հույսով, աշխարհով մեկ մենք բողոքի ցույցեր կազմակերպեցինք:

Այսօր արդեն հոկտեմբերի վերջն է, բայց ի՞նչ է կատարվում. հազարավոր եզդիներ սարերում գտնվում են անօգնական և անօթևան վիճակում: Իսկ առջևում ձմեռ է: Եզդիների Շարֆադինի սրբատեղին, որը համարվում է նաև եզդիական ջոկատների շտաբը, նորից շրջապատվել է ԻՊ հրեշների կողմից: Շանգալում նորից ահավոր մարտեր են գնում, եզդի ազատամարտիկները մի կողմից փրկում են սարերում շրջապատված խաղաղ բնակչությանը, մյուս կողմից կործանումից փրկում են մեր սրբատեղիները: Եզդի ազատամարտիկները կյանքի գնով պահում են մեր բնօրրանի յուրաքանչյուր թիզ հողը: Աշխարհը լռում է… Մթնոլորտը մշուշոտ և անորոշ է, ոչ ոք չի օգնում եզդիներին, նրանք շրջապատված են չորս կողմից: ԻՊ ոհմակները ուզում են հոշոտեն մեր ժողովրդին իր բնօրրանում: 
Ամերիկյան օդուժը թռնում է ԻՊ հրեշների դիրքերի վրայով, բայց չի հռթիռակործում իսլամիստներին՝ գտնելով, որ իբր թե եղանակն անբարենպաստ է: Սիրիայի քրդերը զբաղված են Կոբանի քաղաքի պաշտպանությամբ: Իսկ քրդական Փեշմարգան չգիտես ինչու չի գտնում եզդի ազատամարտիկներին օգնելու ռեալ ուղիները: Արդյո՞ք հերթական անգամ եզդիները դարձել են խաղալիք քաղաքական խոշոր խաղացողների մութ խաղերում: Մի՞թե ոմանց անհրաժեշտ է վերացնել եզդիների վերջին բնօրրանը, եզդիներին արմատախիլ անել իրենց հազարամյա բնակավայրից: Կործանել և աշխարհի երեսից վերացնել մեր ժողովրդի սրբատեղիներն ու մեր մշակույթը և պատմությունը:

Աշխարհի քաղաքակիրթ մարդկությունը կարծես թե չի տեսնում եզդիների ցեղասպանությունը, միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը և մյուսները, չնայած գտնում են, որ տեղի է ունենում եզդի ժողովրդի ցեղասպանությունը, բայց չգիտես ինչու երկար ժամանակ բավարարվում են տարբեր նիստերով և կոչերով: Գերհզոր պետությունները սպասում են թե ուր կտանի նրանց շահը: Երևի շատ շատերի շահերը չեն համընկնում եզդի ժողովրդին օգնելու հարցում: Շատերը լռում են, կարծես թե մոռանում են Շանգալի ողբերգությունը, եզդիների ցեղասպանությունը, որն այսօր էլ շարունակվում է: Հարկավոր է բողոքել, դատապարտել եզդիների ցեղասպանությունը, բացել բոլոր փակ դռները: Եզդիների շրջապատված ջոկատները և սարերում գտնվող եզդիներն օգնության կարիք ունեն` զենքի, սննդամթերքի, դեղորայքի, բայց լիարժեք նրանց ոչ ոք չի օգնում: Աշխարհը կարծես թե ԻՊ-ի հրեշների կողմից շրջապատված եզդիներին մոռացել է:

Եզդիների ողբերգությունը ցնցել է Հայաստանն ու հայ ժողովրդին, մեր իշխանությունները արձագանքեցին և պաշտպան կանգնեցին իրենց բախտը, ճակատագիրը հավերժ հայ ժողովրդի հետ կապած եզդի ժողովրդին: Վերջերս մեր նախագահ Ս.Սարգսյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին, շեշտեց, որ անգամ այսօր է մարդկությունը նման հանցագործությունների ականատես լինում, և Հայաստանն իրեն պարտավորված է զգում կանխել ցեղասպանությունների կրկնությունը, այդ պատճառով էլ պետք է դատապարտվեն նախկինում կատարված հանցագործությունները:
           «Ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի այս հանցագործությունների ճանաչման, դատապարտման հարցում: Սա է մեր ուղերձը միջազգային հանրությանը»,-ասաց նա:
         Պատմության խորքում ձևավորված եզդի ժողովրդի հազարամյա մայրուղին ցավոք լի է եղել տարաբնույթ վայրէջքներով ու վերելքներով: Այսօր երբ եզդիների հերթական ցեղասպանությունից շուրջ 3 ամիս անցել է, համաշխարհային քաղաքական դաշտը դեռևս հստակ չի կողմորոշվում, թե ինչպես օգնել եզդիներին, ինչպես դադարեցնել եզդիների ցեղասպանությունը, ինչպես ազատագրել եզդիների բնօրրան` Շանգալը: Իսկ մենք դեռևս օգոստոս ամսին էինք սպասում, որ ամենինչ կհստակեցվի և եզդիների ցեղասպանությունը կդադարեցվի:

Տարբեր անհատների, պետությունների շահերը չգրված օրենքներ են, որոնք, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այժմ ղեկավարում- կառավարում են աշխարհը ու ավելի զորեղ են գրված օրենքներից՝ խաղաղության, մարդասիրության, մարդու իրավունքների, կյանքի իրավունքի, անձի անձեռնամխելության իրավունքի վերաբերյալ, որոնք կարելի է անպատիժ խախտել ու շրջանցել:

Աշխարհի տարբեր ամբիոններից հայտնում են, որ՝ ժամանակը կգա, կորոշենք և ռեալ կօգնենք եզդիներին: Բայց, ցավոք, մինչև օրս կոնկրետ եզդիների հարցով ոչ ոք քաղաքական կամք և խիզախություն չի ցուցաբերում: Իսկ մեր ժողովուրդը սպասում է, բայց չգիտես միջև երբ: Թե՞ մեր ժողովրդին օգնելը շատ-շատ խնդիրներից է կախված: Ի սեր Աստծո, պարզ ասեք՝ դեպի ո՞ւր եք դուք մեզ տանում:

Եզդի ժողովրդի ցեղասպանությունը, հավատացեք, մարդկության ողբերգությունն է և այն ոչ ոքի չպետք է ներել: Աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար և պայքարում ենք նրանց հիշատակի համար: Միևնույն է, մենք սպասում ենք հաջողության: Աստված իմ, վերջապես կարևոր չէ, թե ով, ինչ է խոսում և որոշում մեր մասին, ուղակի վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեիք ինքներդ ձեր հետ: Սրանք շատ կարևոր հարցեր են, իսկապես կարևոր մեզ բոլորիս համար: 

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային 
միավորում ՀԿ խորհրդի նախագահ                                               Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031