Նոր Նորքի առաջին զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում բացված Եկեղեցին, հարակից տարածքն իր երեսունից ավելի քանդակներով, խաչքարերով ու հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը հոկտեմբերի 12-ից այցելուների պակաս չեն զգում: Ի դեպ, միայն համալիրի բացման օրը զբոսայգում հավաքվել էր ավելի քան քսան հազար մարդ:
Aravot.am-ի տեսախցիկը դեռ չէր հասցրել որսալ կիրակի առավոտի պահերը, երբ, մեզ նկատելով, «Նանսեն» անունով աթոռներին նստած տարեց կանայք ասացին՝ «Առանց մտածելու մենակ վատ բաներ եք գրում, մեկդ չի հարցնում, թե ճարտարապետն ով է, ինչ էր ուզում»: Երբ զրույցի բռնվեցի նրանց հետ, պարզվեց, որ տեղաբնակներ են, մոտակա շենքերի բնակիչներ, որոնց «հավատացրել» էին, թե զբոսայգում իրականացվող շինարարությունը հերթականներից է լինելու՝«սրճարանային»:
Ինչպես Արուս անունով մի տիկին ասաց, հիմա հաճույքով է կանգնում խաչքարերի, «Մայր» արձանի մոտ, որի ներքեւում գրված են Պարույր Սեւակի հայտնի տողերը:
Կարդացեք նաև
Այս հուշահամալիրում կան խաչքարեր, նվիրված ազատամարտիկներին, երկրաշարժի մեր զոհերին: «Հիշում ենք 1915-ը ու պահանջում» հուշաքանդակն էլ Հայոց Մեծ Եղեռնի 100- ամյակին էր նվիրված: Այս համալիրում Մաշտոցն է, Վարդան Մամիկոնյանը, Գրիգոր Լուսավորիչը:
Այստեղ մտածել են հաշմանդամ այցելուների մասին էլ. համալիր ձգվող ճանապարհին թեքահարթակներ կան:
Որպես տեղաբնակ՝ մասիվցի, զարմացած էի այգում այս ժամի այցելուների, հանգստացողների մեծ քանակից:
Սրբատեղին մտահղացել եւ հասցրել են ավարտին ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանները: Եվ սա բժիշկների առաջին գործը չէր: Ծնունդով մարտակերտցի, Եվրոպայի ակադեմիայի բնական գիտությունների անդամ, Նանսենի ոսկյա հուշամեդալի արժանացած Սառա Եսայանն աշխատում է մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեծ Շենում ծնված Կառլեն Եսայանը, որը վերջերս կնքեց իր մահկանացուն, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ԲՓԸ նախագահն էր, ակադեմիկոս, իր մարդասիրական գործունեության համար ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել էր «Երախտագիտություն» մեդալով: Ափսոս, որ չկարողացավ մեծ հովանավորն իր այս վերջին ցանկությունը իրագործված տեսնել:
Այս ընտանիքի շնորհիվ Մարտակերտի Մեծ Շենում վերակառուցվեցին կրթական եւ մշակութային հաստատությունները, գյուղապետարանի շենքը, այգին, օծվել է նաեւ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին: Եկեղեցու պատին գրված է. «Ի հայրապետության Գարեգին Բ կաթողիկոսի եւ առաջնորդությամբ Պարգեւ արքեպիսկոպոսի, Կառլեն եւ Սառա Եսայանների բարերարությամբ կամովն Աստծոյ կառուցվեց Սուրբ Գեւորգ եկեղեցիս ի բարեխոսություն Թաբաղանց տոհմի 2011թ.»:
Եկեղեցու հարեւանությամբ վեր է խոյանում հայրենական պատերազմի, այնպես Արցախի ազգային ազատագրական պայքարին իրենց կյանքը նվիրաբերած մեծշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Եվ Ձեր դու՞րն եկավ այդ ամբողջ անճաշակությունը։ Ի սկզբանե այդտեղ նախատեսված էր միայն թանգարանն ու Նանսենի արձանը կառուցել, արդյունքում ստացանք մի հատ ճարտարապետական խառնաշփոթ։ Եկեղեցիյով, Եսայանների ընտանիքի անհասկանալի արձանախմբով, որը չգիտես ինչու վրիպել է Ձեր աչքից։ Նայեք այստեղ https://www.facebook.com/media/set/?set=oa.864039490275153&type=1