Երգահան Արա Գևորգյանը, երեկ Գյումրու տոնին ելույթ ունենալիս, ասաց, որ տոնակատարության ամբողջ ընթացքում հուզվել և աչքերն է սրբել, հիշել է երկրաշարժի այն այն դաժան օրերը, երբ ինքը գյումրեցիների հետ միասին կիսում էր նրանց վիշտը: «Ես շատ էի ցանկանում էսօր ոչ թե խոսել, այլ նվագել , անկեղծ ասած, ես պատրաստ եկել էի, որ համերգ տայի հրապարակում, բայց դա մենք հետաձգում ենք ու խոստանում ենք մեր սիրելի քաղաքապետի հետ անպայման կկազմակերպենք: Այս հարցում եղանակն է մեղավոր, ուրիշ ոչ մեկը:Ես միշտ պատրաստ եմ, շատ սրտանց ու ուրախ, որովհետև ինչ էլ անենք գյումրեցիների համար, ով ինչ անի, քիչ է: Էս տեղը, էս մի անկյունը մեր հանրապետության էնքան լավն է, էնքան ջիգյարով, էնքան մարդաշատ, մարդասեր, տաղանդավոր…Ինչի՞ասեցի` ինչ էլ անենք գյումրեցուն քիչ է, որովհետև դուք եք մեր ազգի….Ուրիշ տեղերից երևի խանդով չեն վերաբերի, հուսով եմ, ես բոլորին շատ եմ սիրում մեր հանրապետության բոլոր մարդկանց և քար ու թուփը, բայց գյումրեցիներով հպարտանում է ամեն մի հայաստանցի, դուք ազգի պարծանքն եք և՛ սպորտի բնագավառում, և՛ արվեստի բնագավառում, և՛ գիտության բանագավառում: Ես զարմանում եմ, որ ես գյումրեցի չեմ», -ասաց Արա Գևորգյանը:
Ծրագրավար Սամվել Գրիգորյանը կատակեց, թե դա դեռ հարց է, գյումրեցիները դեռ կճշտեն Արա Գևորգյանի արմատները:
Արա Գևորգյանն ասաց, որ անակնկալ է պատրաստել գյումրեցիների համար և բեմ հրավիրեցին Ֆրանսիայում բնակվող տաղանդավոր դուդակահար Լևոն Մինասյանին` ֆրանսուհու և Հերման Բաղդասարյանի հետ: Նրանք դուդուկով կատարեցին «Թռչեի մտքով տուն» հայտնի երգի երաժշտությունը: Լևոն Մինասյանը, ներկայացնելով ֆրանսուհուն, ասաց, որ վերջինս գալիս է իր մոտ դուդուկ նվագել սովորելու , և ինքը ամեն ինչ անում է աշխարհով մեկ Ջիվան Գասպարյանի սովորեցրածը քարոզելու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև