Ծաղկակաղամբի եւ բրոկոլիի օգտակարության մասին խոսելն անգամ ավելորդ է: Սեզոնին հարկավոր է հնարավորինս շատ օգտագործել վիտամիններով հարուստ այս բանջարեղենները, սակայն հաճախ կանգնում ենք խնդրի առաջ՝ ի՞նչ եղանակով պատրաստել, որ ե՛ւ համեղ լինի, ե՛ւ արագ, ե՛ւ նորություն:
Այսօր առաջարկում եմ աղցանի այս «էքսպրոմտ» բաղադրատոմսը:
Անհրաժեշտ մթերքները
Բրոկոլի-500 գրամ
Ծաղկակաղամբ-500 գրամ
Կանաչ սոուսի համար
Ընկույզ- 1 բաժակ
Մաղադանոս- կես կապ
Համեմ եւ սամիթ- մի քանի ճյուղ
Սխտոր-3 պճեղ
Ձիթապտղի յուղ- 5 ճաշի գդալ
Աղ- ըստ ճաշակի:
Կարդացեք նաև
Պատրաստման եղանակը
Բրոկոլին եւ ծաղկակաղամբը լվանալ, մասնատել, լցնել ցանցի մեջ, որը տեղավորել ջուր լցրած կաթսայի մեջ, այնպես, որ ջուրը չհասնի ցանցին: Կափարիչով փակել եւ դնել կրակին: Գոլորշու վրա շոգեխաշել բանջարեղենը: (Եթե ունեք շոգեխաշման ապարատ՝ пароварка, ապա կարող եք հենց դրա մեջ շոգեխաշել բանջարեղենը):
Մինչ ծաղկակաղամբն ու բրոկոլին շոգեխաշվում են, պատրաստեք թանձրահյութը՝ սոուսը:
Ընկույզը, մաքրած եւ ճզմած սխտորը, լվացած, չորացրած եւ կտրատած կանաչին, աղը եւ ձիթապտղի յուղը մանրացրեք ձեռքի բլենդերով կամ աղացեք:
Չթողնեք բանջարեղենը շատ երկար շոգեխաշվի, որպեսզի չկորցնի օգտակար հատկությունները եւ վառ գույնը, 4-5 րոպեն լրիվ բավական է: Լցրեք մատուցարանի մեջ, եւ չթողնելով, որ սառչի, արագ վրան լցրեք սոուսն ու խառնեք, որպեսզի հասցնի ներծծել սոուսը: Ընդ որում, նկատի ունեցեք, որ բրոկոլին եւ ծաղկակաղամբն առանց աղի են պատրաստվել, եւ եթե շատ աղակեր եք, բացի սոուսի մեջի աղից, առանձին աղ արեք նաեւ պատրաստի բանջարեղենին: Սակայն ցանկալի է՝ զերծ մնալ մեծ քանակով աղի օգտագործումից: Մատուցելուց առաջ կարող եք աղցանը զարդարել նռան հատիկներով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
25.10.2014