Լրահոս
Օրվա լրահոսը

Անիմացիոն ֆիլմերի շաբաթն սկսված է 

Հոկտեմբեր 25,2014 23:38

Այսօր արդեն մեկնարկեց «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային 6-րդ անիմացիոն կինոփառատոնը: Ամենամյա տոնի մեկնարկը տրվեց «Մոսկվա» կինոթատրոնում՝ կարմիր գորգի քայլերթով և Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» ֆիլմի երևանյան պրեմիերայով:

«Այս ընթացքում «ՌեԱնիմանիայի» աշխատակազմի կատարած լուրջ աշխատանքի շնորհիվ փառատոնը ձեռք է բերել տարածաշրջանային նշանակություն: Այն սիրված, սպասված ու ճանաչված է ոչ միայն տարածաշրջանում, այլև եվրոպական կինոշուկաներում»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը՝ ընդգծելով, որ փառատոնն արդարացնում է իր առջև դրված նպատակը, այն է՝ վերականգնել անիմացիոն ֆիլմարտադրության լավագույն ավանդույթները՝ փորձելով դրանք ներկայացնել նաև օտարներին: 

Vrej Qasuni

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին էլ իր հերթին նշեց, որ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն այս փառատոնի նկատմամբ: Դրա վառ ապացույցներից մեկն էլ դիմում-հայտերի՝ զգալիորեն աճող քանակն է. «Փառատոնը շատ դժվար օրեր է ունեցել, սակայն այդ դժվարություններն այսօր, կարելի է ասել, հաղթահարված են»,- ասաց պարոն Քասունին՝ շնորհակալություն հայտնելով փառատոնի աջակիցներին ու հովանավորներին: 

Հիշեցնենք, որ արդեն վեցերորդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: 

«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը հյուրընկալել է համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից ժամանած շուրջ 20 ճանաչված հյուրերի՝ Սերժ Բեսեթ (Ֆրանսիա), Սերժ Ավեդիքյան (Ֆրանսիա), Մագդալենա Օսինսկա (Անգլիա), Իլյա Յուդովիչ (Ռուսաստան), Մարկ Բորեալ (Ֆրանսիա) և ուրիշներ: 

Այս տարի կինոփառատոնն ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր ու հոլովակներ: 

Արտամրցութային ծրագրերից է «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, որի շրջանակներում տեղի կունենա 6 լիամետրաժ անիմացիոն ֆիլմի տարածաշրջանային պրեմիերա: 

«Անիմացիայի հսկաները» ծրագրի շրջանակներում կնշվեն անգլիացի նշանավոր անիմատոր Նորման Մքլարենի 100 և հայ մեծանուն նկարիչ, մուլտիպլիկատոր Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 90-ամյա հոբելյանները: Կկազմակերպվեն ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: 

Փառատոնի շրջանակներում վարպետության դասեր կանցկացնեն բրենդինգի և մարքեթինգի մասնագետ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), բազմաթիվ ֆիլմերի նկարիչ և դիզայներ Կարոլին Շվայցերը (Գերմանիա), ինչպես նաև համաշխարհային ժամանակակից հեռուստատեսային անիմացիայի ճանաչված մասնագետ, արմատներով հայ Շառլի Սանսոնեթին (Ֆրանսիա): 

«ՌեԱնիմանիան» այս տարի հանդես է գալիս մի նոր նախաձեռնությամբ. կներկայացվեն դեռևս արտադրության ընթացքի մեջ գտնվող անիմացիոն կինոնախագծեր (Սերժ Ավեդիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի և Իլյա Յուդովիչի ու Վալենտին Լապինի՝ Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմի արտադրական ընթացքները): 

Վեցերորդ «ՌեԱնիմանիան» կեզրափակվի հոկտեմբերի 30-ին՝ Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի ցուցադրությամբ (պրեմիերա): 

Երևանյան ցուցադրություններից հետո «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կհյուրընկալվի Գյումրիում: 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031