Թարգմանիչ, գրականագետ Մարո Մադոյանը (ԱՄՆ) թարգմանել է Մարկ Մուստյանի «Ժանդարմը» (Ֆլորիդայի «Ոսկե գրքի» մրցանակակիր) վեպը և հուսով է, որ մինչև ապրիլի 24-ը այն արդեն հրատարակված կլինի: «Մուստյանի «Ժանդարմը» Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին թարգմանելը շատ կարևոր բան եմ համարում: Բացի այն, որ սա գեղարվեստական շատ բարձր արժանիքներ ունեցող ստեղծագործություն է, նաեւ նոր խոսք է Ցեղասպանության խնդրին մոտենալու առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թարգմանիչը:
«Գրքի հեղինակն ազգությամբ հայ է, թեև իր հայ լինելն այս գիրքը գրելու ժամանակ է ավելի շատ բացահայտել: Մինչ այդ, ինչպես նա ինքն է խոստովանում, իր հայ լինելը գիտեր միայն ազգանվան «յան»-ի շնորհիվ: Նրա նախապապերը մասնակցել են ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմին, այսինքն՝ նրանք Ցեղասպանությունից շատ առաջ են հայտնվել Միացյալ Նահանգներում, և, հավանաբար, Մ. Մուստյանի արյան մեջ շատ քիչ տոկոս է կազմում հայի արյունը, բայց զարմանալի բան է կատարվել նրա հետ,- պատմում է Մարո Մադոյանը.- մեկը Մուստյանին հարցրել է՝ արդյոք ինքը հա՞յ է, քանի որ հայի ազգանուն ունի, նա պատասխանել է՝ այո, հայ է, հետո զրուցակիցը հետաքրքրվել է՝ գիտի՞ նա արդյոք Հայոց ցեղասպանության մասին, Մուստյանը խոստովանում է, որ չգիտի: Դրանից հետո իր պարտքն է համարում փորփրել, պարզել՝ ինչ է պատահել մի ժողովրդի, որի հետ արմատական ինչ-որ կապ ունի: Երբ կարդում, տեղեկանում է, ցնցվում է, թե ինչպես կարող է այսպիսի բան եղած լինել, և աշխարհում շատ-շատերը չիմանան դրա մասին, այդ թվում՝ նաև ինքը: Այդպես որոշում է գնալ Թուրքիա, Դեր-Զոր, զրուցել մարդկանց հետ, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել…»,- պատմեց Մ. Մադոյանը:
Վերջինիս Մ. Մուստյանի վեպում գրավել է հատկապես այն խնդիրը, որ գրողը դրել է իր առջև: «Մինչև այս գրքի ի հայտ գալը մենք միշտ մեր դիտանկյունից ենք նայել կատարվածին, երբեք մեր թշնամու կողմից չենք նայել, նրան միշտ հրեշի տեղ ենք դրել, իսկ Մուստյանը «մարդացրել» է թշնամուն: Ժանդարմը հանկարծ սիրահարվում է մի հայ աղջկա, որն աքսորի ճանապարհին էր, և դրանից հետո նրա մեջ մարդկային գծեր են արթնանում. նա սկսում է ոչ միայն աղջկան վերաբերվել որպես մարդու, այլև մյուս աքսորյալներին: Թե´ ժանդարմը, թե´ աղջիկը հավաքական կերպարներ են՝ առաջինը թուրքերի մարմնավորումն է, երկրորդը՝ հայերի: Եվ ժանդարմին, այսինքն՝ թուրքին «մարդացնելով»՝ Մարկ Մուստյանը մեզ ուզում է ասել, որ մենք մինչև չճանաչենք մեր թշնամուն, մինչև նրան մարդկային կերպար չտանք, չենք կարող նրանից որևէ բան պահանջել, որովհետև նա մինչև հիմա մեր աչքում հրեշ է, հրեշից ի՞նչ պահանջես: Ուրեմն՝ նախքան պահանջատեր լինելը, մենք պիտի նրան «մարդացնենք», նա մեզ պետք է «մարդացնի», որպեսզի կարողանանք երկխոսության մեջ մտնել»,- ասաց Մ. Մադոյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ