Այսօր Գյումրին հերթական անգամ նշեց իր տոնը. այս նպատակի համար թեև ավագանին 17 միլիոն դրամ էր հատկացրել, սակայն ներկա պահին ծախսվել է ընդամենը 3-4 միլիոն: Մնացած գումարը պահվելու է օրերը տաքանալուն պես Արա Գևորգյանի բացօթյա համերգը Գյումրիում կազմակերպելու նպատակով: Համենայնդեպս այսօր այդպես վստահեցրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նկատենք, որ չնայած կառավարության ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, բացի սպորտի նախարարից եւ մշակույթի փոխնախարարից, հարկ չէր համարել գալ ու գյումրեցիների հետ նշել նրանց տոնը, այդուհանդերձ սա կարելի է համարել Գյումրու ամենահաջողված տոներից մեկը: Այն իրոք գյումրեցիների համար էր, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների շքախմբի: Տարբեր փողոցներում հնչում էին Գյումրու տարբեր նվագարանների կատարումները, Ռիժկովի ճեմափողոցում ռելիեֆային նկարչության բացօթյա ցուցադրություն էր ` Գյումրու տիպիկ կերպարների քանդակներով, ցուցադրվում էին նաև Գյումրու արհեստավորների աշխատանքները, Վարպետաց փողոցում հացի փառատոն էր, Վարդանանց հրապարակում ռետրո մեքենաների ցուցադրություն:
Փողոցներից մեկը` թիվ 16-ը անվանակոչվեց Հովհաննես Շիրազի անունով: Մի խոսքով, հաջողվել էր ցուցադրել քաղաքն `իր ամբողջ կոլորիտով:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս տոնին մասնակցում էր ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, որը պարտադիր ներկա է լինում Գյումրու բոլոր տոներին, Գյումրիում ՌԴ հյուպատոսը` իր կնոջ հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ևս անկախ հրավերք ստանալ-չստանալուց Գյումրիում է ամեն մի առիթի դեպքում: Նկատենք` Գյումրին այն քաղաքն է, որն անկախ ֆինանսական միջոցների բացակայությունից, կարող է արժանավայել միջոցառում կազմակերպել, քանի որ այս քաղաքի մշակութային ներուժը լիարժեք բավարարում է:
Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նախատեսված էր Գյումրիին պատիվ բերած մարդկանց պարգևատրման արարողություն: Մինչ պարգևներ հանձնելը, հնչեցին երաժշտական կատարումներ, որին մասնակցում էին բացառապես գյումրեցի երգիչները, օրինակ` հայտնի տենոր Վաննո Թադեոն, գյումրեցի հարգված երգիչ Մուրադ Մալխասյանը, Ալիկ Գյունաշյանը, ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի երգիչ Հովհաննես Շահբազյանը և այլք…
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ