ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակվում են ակտիվ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացվել՝ Երևանի կենտրոնում քաղաքացի Շարոյանի ոսկյա շղթան հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Դեպքը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 07:25-ի սահմաններում: Անհայտ անձը, ուրիշի գույքի դիտավորությամբ հափշտակություն կատարելու նպատակով, Երևան քաղաքի Խանջյան և Թումանյան փողոցներում գտվող կամարանցումում մոտեցել է քաղաքացի Շարոյանին և քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է նրա ոսկյա շղթան իր կախազարդով`պատճառելով զգալի չափով գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2014թ. հոկտեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ձեռք է բերվել դեպքի վայրում տեղադրված տեսաձայնագրող սարքավորման տեսաձայնագրությունը, որը պարունակում է կամարանցումի դիմացի հատվածում կատարված իրադարձությունների տեսաշարը
։
Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրությունում պատկերված անձի գտնվելու վայրի մասին, խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին