Ըստ Արշակ Սադոյանի՝ խնդիր է դրված ՝ Հայաստանում չպետք է լինի արեւմտյան ուղղվածություն ունեցող ընդդիմություն:
«Արեւմտամետ կուսակցություն իրեն հռչակող Կոնգրեսը պետք է հրաժարվեր ԵՏՄ-ին անդամակցելու գաղափարից»,-այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը առաջինը պետք է դեմ լիներ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Բայց քանի որ նա փող է վերցնում Բարգավաճ Հայաստանից, ինչպե՞ս կհամարձակվի Բարգավաճ Հայաստանի դեմ խոսել այն դեպքում, երբ որ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները մի մեծ տակառ կոնյակ են նվիրել Յանուկովիչին»:
Կարդացեք նաև
Պարոն Սադոյանը համարում է, որ խնդիր է դրված՝ Հայաստանում չպետք է լինի արեւմտյան ուղղվածություն ունեցող ընդդիմություն: Ըստ նրա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մյուսների խնդիրն է, որ որեւէ մեկը չասի, որ Եվրամիությունն ավելի լավն է, քան Մաքսային Միությունը. «Երեկվա ելույթը ծայրից ծայր գրված ելույթ էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը գրված ելույթով թեզեր էր առաջ քաշել, որ համար առաջին խնդիրը Հայաստանում որեւիցե ընդդիմություն չլինի: Ընդդիմություն իրենց հորջորջողները հայտարարում են, որ իրենց համար առաջին գործը պայքարելն է, որ իրենցից տարբեր ընդդիմություն չլինի, եւ Հայաստանը իր ապագան կապի ասիական ուղու հետ: Էլ ինչո՞վ եք դուք տարբերվում իշխանությունից, իշխանությունը ստորագրում է, իսկ դուք էլ ասում եք՝ հանկարծ ոչ ոք թարս չխոսի սրա մասին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ