Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ հաջորդ ընտրությունները կլինեն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները:
«Նախորդ հանրահավաքի եւ այս հանրահավաքի միջեւ սզբունքային տարբերություն չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա ասաց, որ ուրբաթ տեղի ունեցած ԱԺ ոչ իշխանական եռյակի հանրահավաքի մասնակիցների թիվը շատ էր, բայց այդ թիվը նա համարժեք է համարում Հայաստանում առկա սոցիալական խնդիրներին. «Ավելին՝ խնդիրների եւ դժգոհ, ծանր պայմաններում գտնվող բնակչության թիվը շատ ավելի շատ է: Բայց դրանով այս պահին ոչինչ չի որոշվում: Կարող ենք ասել՝ շատ է, թե քիչ է այն նպատակադրումների համար, որ ընդդիմադիր ուժերն ունեին, երբ հայտարարում էին, որ կլինի հուժկու հանրահավաք, 100-50 հազար մասնակիցներ ներկա կգտնվեն»:
Տիկին Նաղդալյանը նկատեց, որ ԱԺ ոչ իշխանական եռյակը հանրահավաքի ընթացքում խոսեց իր ռազմավարության մասին. «Դրա անունը շտաբ կլինի, գրասենյակ կլինի կամ մեկ այլ բան կլինի, դա առանձնապես շատ բան չի փոխում: Կարեւորը այն է, որ ընդդիմությունն իր գործն է անում»:
Կարդացեք նաև
Հարցին, թե Հերմինե Նաղդալյանը մտահոգիչ չի համարո՞ւմ, որ եռյակը կարող է հասնել իշխանափոխության, նա պատասխանեց՝ ո՛չ. «Այսօր մեր երկրում իշխանափոխության համար հիմքերը չեմ տեսնում, ինչքան էլ որ քաղաքագիտական դասագրքերից բաներ են մեզ ներկայացնում: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մեր երկրում բոլոր գործընթացները ժողովրդավարական, օրինական հիմքերով շարունակվելու են, եւ հաջորդ ընտրությունները կլինեն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ