«Երբ իմացա, որ Արմեն Մարտիրոսյանը հրատարակել է երեխաներին սեռական դաստիարակության երկհատորյակ, ապշել էի: Մտածեցի՝ հինգ տարեկանից մինչև տասնչորս տարեկան երեխան ինչպե՞ս կարող է սեռական դաստիարակություն ստանալ: Հինգ տարեկան երեխային, որը նույնիսկ չի կարող զուգարանից միայնակ օգտվել, բացատրենք՝ ինչ է նշանակում սեռական հարաբերությո՞ւնը: Ամեն ինչ իր ժամանակն ու տեղն ունի: Այսօր խաղում են մեր երեխաների բարոյական կերպարի հետ՝ այլանդակելով ու այլասերելով: Այս կե՞րպ ենք ուզում Եվրոպային միանալ: Եվրոպա չի նշանակում ո՛չ միասեռություն, ո՛չ այլասերություն, նրանց արժեքները մեզ համար գիտականն ու մշակութայինն են»,- այսօր «Հայք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Մանկական գրականությո՞ւն, թե՞ այլասերման քարոզ» թեմայով քննարկում-ասուլիսի ընթացքում ասաց Հայր Կոմիտասը:
Քննարկմանը մասնակցում էին «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը և այլք: Թեման մանկական գրականությունում տիրող այսօրվա վատթար վիճակն է՝ անընդունելի, գրական ոչ մի արժեք չունեցող ստեղծագործություններով հանդերձ, որոնք պարզ էլ չէ, թե ինչպես կարող են երեխաներին դաստիարակել ու զարգացնել գրասիրությունը:
Անուշ Վարդանյանը, անդրադառնալով խնդրին նշեց, որ գրողները՝ մասնավորապես մանկագիրները, դեմ են գրաքննության վերականգնմանը, և դա համարում են աբսուրդ ու անհեթեթ՝ համարելով, որ այն, ինչ արգելվում է, ավելի հետաքրքիր է դառնում հասարակության համար: Մանկագիրը պայքարի ձև է համարում այսօր ստեղծվող լավագույն ստեղծագործությունները դպրոցներում, մանկապարտեզներում ու հեռուստատեսությամբ քարոզելը, որպեսզի ծնողները կարողանան տարբերել արժեքավոր գրականությունը աղբից:
Aravot.am-ը ցանկացավ ճշտել՝ ի՞նչ գրքի մասին է խոսքը, որը հինգ տարեկան երեխաներին սեռական դաստիարակություն է սովորեցնում ու պատմում սեռական հարաբերությունների մասին:
Կարդացեք նաև
Գրախանութներից մեկում իմ հարցին, թե արդյոք ունե՞ն նման գիրք, աշխատակիցները զարմացան ու տեղեկացրին, որ նման գիրք չկա ու լինել չի կարող: Երբ հստակեցրի հրատարակչությունն ու գրքի անվանումը, ինձ ներկայացրին գիրքը՝ նշելով, որ այն տասնչորս տարեկանից բարձր երեխաների համար է: Գրքում նաև նշված է, որ այն ծնողների համար սեռական թեմաներով հաղորդակցության միջոց է, որը կարելի է օգտագործել նաև միջին և միջինից ցածր դպրոցականների հետ զրույցներում, սակայն ոչ մի կերպ հինգ տարեկան երեխաներին չի վերաբերում: Տես՝ լուսանկարում:
Գրախանութի մենեջեր Նարե Աթոյանը ասաց, որ նման թյուրըմբռնման պատճառ կարող են հանդիսանալ գրքի նկարազարդումները, քանի որ շատ ավելի մանկական են ու դժվար է պատկերացնել, թե ինչպես նման պատկերազարդումներով գիրքը կհետաքրքրի տասնչորսամյա դեռահասին. «Եթե ծնողը գտնում է, որ արդեն երեխայի՝ սեռական դաստիարակության ու հարաբերությունների մասին իրազեկվելու տարիքն է և նախընտրում է գրքի օգնությամբ բացատրել, այդ ժամանակ էլ ձեռք է բերում այն»:
Անդրադառնալով ներկայիս ոչ այդքան որակյալ մանկական գրականությանն ու Aravot.am-ի հարցին, թե ինչու է տպագրվում այդ «ոչ գրական գրականությունը»՝ նա նշեց, որ շատ մանկագիրներ չեն ցանկանում համագործակցել տպարանների հետ, հենց դրա համար էլ հաճախ անհասկանալի է, թե ինչ է հայտնվում գրադարակներում. «Երբ մեզնից մանկական գրականություն են ուզում, մենք անպայման ճշտում ենք՝ որ տարիքի երեխայի համար է ու ինչ գնի սահմաններում: Չի կարող այնպես լինել, որ մենք, օրինակ, սեռական հարաբերությունների մասին պատմող գիրքը վաճառենք ծնողի, ում երեխան տասնչորս տարեկանից փոքր է: Ես միշտ խորհուրդ եմ տալիս այցելուներին գնել այն գրքերը, որոնց տպագրմամբ հրատարակչություններն են զբաղվել, քանի որ այդ գրքերը շատ ավելի վստահելի են, դրանցով մի քանի մարդիկ են զբաղվել»,- ասաց Նարեն:
Մյուս հարցին, թե ինչ հաճախականությամբ են սպառվում սեռական դաստիարակության մասին գրքերը, գրախանութի աշխատողները պատասխանեցին, որ նման գրականությունը միանշանակ շատ վաճառվող չէ. ամեն մասնաճյուղում կա վերոնշյալ գրքից մեկ-երկու հատ, որոնք դեռ չեն էլ սպառվել: Ինձ ցույց տվեցին մանկական այն գրքերը, որոնք ամենաշատն են գնվում. իրականում երեխաների կողմից ավանդաբար սիրվում են հատկապես հեքիաթների ժողովածուները, բոլորի սիրելի «Փոքրիկ իշխանը», «Թոմ Սոյերի արկածները» ու գիտական գրքերը, հանրագիտարանները:
Սյունե ՍԵՎԱԴԱ