Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դպրոցների տնօրենների կազմած զարգացման ծրագրերը թերի են». Ռուզաննա Մուրադյան

Հոկտեմբեր 25,2014 15:43

Դպրոցի զարգացման ծրագրի կառուցվածքի համապարփակ սխեմա գոյություն չունի: Յուրաքանչյուր դպրոց կարող է ցուցաբերել ինքնուրույն մոտեցում:

Եվ ահա ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանին այնքան էլ չեն գոհացնում դպրոցների տնօրենների կազմած զարգացման ծրագրերը, քանի որ, նրա խոսքով, դրանք չունեն հստակ ուղղվածություն ու մեթոդաբանություն:

Այս ամենը հաշվի առնելով՝ «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի ֆինանսական միջոցներով՝ «Աջակցություն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությանը» ենթածրագրի շրջանակներում հրատարակվել են «Դպրոցի զարգացման ծրագիր» և «Ուսուցչի էթիկայի նորմեր» մեթոդական ձեռնարկները, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Թեքեյան կենտրոնում:

«Դպրոցի զարգացման ծրագիր» ձեռնարկի հեղինակները հինգն են՝ Ռուզաննա Մուրադյան, Գագիկ Մելիքյան, Արմեն Հովսեփյան, Կարեն Մելքոնյան, Արտաշես Թորոսյան և Գայանե Սաֆարյան:

ԱԺ պատգամավոր, հեղինակային խմբի անդամ Ռուզաննա Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Դպրոց-կենտրոնների միությունը» մի հարթակ է, որտեղ վեր են հանվում հանրակրթության խնդիրները և հնարավորություններ ստեղծվում դրանց լուծում տալու համար: Նրա խոսքով՝ դպրոցի զարգացման այս մեթոդական ձեռնարկի մշակումն ու տպագրությունը այդ խնդիրներից մեկի լուծմանն ուղղված քայլ է. «Տարբեր երկրների փորձն ուսումնասիրելով և ի մի բերելով՝ փորձել ենք պատրաստել այս ձեռնարկը և ծառայեցնել դպրոցի գործուն զարգացմանը, որովհետև մի բան է, որ ծրագիրը գրում ես թղթի վրա, մնում է, մեկ այլ բան է, երբ ծրագրի յուրաքանչյուր կետը դնում ես գործողության մեջ»,- ասաց Ռ. Մուրադյանը՝ ընդգծելով, որ ձեռնարկը մեթոդական կրթական ռեսուրս է դպրոցների տնօրենների, դպրոցական խորհուրդների համար, որովհետև դրանում հստակ մատնանշվում են, թե դպրոցի զարգացման ծրագիրն ինչ բաժիններ պիտի ունենա, ինչ հարցերի պիտի պատասխանի, ինչ ոլորտներ ներառի և այլն. «Ձեռնարկն ավելի շատ մեթոդական բնույթ ունի, այսինքն՝ ոչ միայն ինչեր-ն է մատնանշում, այլև ինչպես-ները՝ կոնկրետ օրինակներով ցույց տալով, թե ինչպես է պետք այդ ամենն անել: Կարծում եմ, այս ձեռնարկը կհեշտացնի դպրոցների տնօրենների գործը՝ հետագայում զարգացման ծրագրեր կազմելիս կամ արդեն եղածները վերանայելիս»,- ասաց Ռ. Մուրադյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում հատկապես կարևորեց Սարիբեկ Հակոբյանի, Անահիտ Զոհրաբյանի և Սիլվա Պետրոսյանի մշակած «Ուսուցչի էթիկայի նորմեր» ձեռնարկի տպագրությունը. «Մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների հետ կապված: Բոլորիս հայտնի են դեպքեր, որոնցում կարևորվում է ուսուցչի էթիկայի նորմերի պահպանումը: Եվ այսօր այս ուղեցույցը գալիս է կարևորելու այդ խնդիրն ու օգնելու, որ դպրոցի ներսում ուսուցիչն իմանա իր իրավունքները և հստակ պատկերացնի իր պատասխանատվության չափը: Այլ խոսքով ասած՝ մենք ուզում ենք ուսուցչին տեսնել այնպիսին, ինչպիսին նա պիտի լինի»,- ասաց Ն. Հովհաննիսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031