Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Հայեցակարգը ճիշտ չի ընկալվել» 

Հոկտեմբեր 25,2014 13:58

Ամիսներ առաջ, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացնելիս, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը գործող կառավարման համակարգի կողմնակից է, բայց արդեն հայեցակարգում, մասնագիտական հանձնաժողովն արձանագրեց կառավարման կիսանախագահական համակարգի փոփոխություն` խորհրդարանական համակարգով:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ հայեցակարգի էությունը պարզապես ճիշտ չի ընկալվել: Նրա հավաստմամբ՝ հայեցակարգում հանձնաժողովը գնահատել է ստեղծված իրավիճակն` առաջարկելով մոտեցումներ այն մասին, թե ինչպե՞ս կարելի է բարեփոխումների միջոցով դուրս գալ կայուն զարգացման ուղի: Եվ նախագծում այժմ էլ հայեցակարգում նախանշված են գործող համակարգի բարեփոխման սահմանները`այս ախտորոշման պարագաներում սրանք են, եւ դրանք կարող են լուծվել, եթե անցում կատարվի կառավարման խորհրդարանական համակարգի:

«Ցույց են տրվել երկուսի հնարավորությունները»,-ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ լուրջ քաղաքական բաղադրիչի ընտրությունն արդեն քաղաքական ուժերին է մնում եւ քաղաքական լուծումներին: Թե ինչի՞ կհանգեցնեն հետագա քաղաքական քննարկումներն ու լուծումները` ըստ այդմ էլ մասնագիտական հանձնաժողովը կտա մասնագիտական մշակումները: 

Դիտարկմանը` ներկայիս քաղաքական զարգացումները փաստում են, որ քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ խոսում ու պնդում էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նույնիսկ հստակ առաջարկում էին խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարել, այժմ դեմ են բարեփոխումներին, Գագիկ Հարությունյանն ասաց. «Ես չեմ ցանկանա քաղաքական հարթակ տեղափոխվել, գնահատականներ ու մեկնաբանություններ անել: Դա իմ ոլորտը չէ: Քաղաքականության մեջ ամեն բան հնարավոր է, բայց քաղաքականությունը` քաղաքականություն, պետության զարգացման հիմքում պետք է դրվի պետականագիտությունը»:

Գագիկ Հարությունյանի կարծիքով, կյանքը ցույց է տվել, որ ներկայիս կառավարման համակարգը խնդիրների է հանգեցրել, այդ թվում նաեւ քաղաքական գերկենտրոնացվածության, սուբյեկտիվիզմի դաշտ է բացել. «Մենք խոսում ենք ստվերային տնտեսության մասին, բայց չենք խոսում պետա-իշխանական ֆունկցիաների ստվերային իրացման հսկայական դաշտի, իշխանությունների հանրային-իրավական պատասխանատվության մասին: Սրանք հարցադրումներ են, որոնք առաջին անգամ դրված են այս հայեցակարգի հիմքում, թե որքանո՞վ դրանք ներդաշնակ կլինեն քաղաքական զարգացումներին`դա արդեն քաղաքական մշակույթի խնդիր է: 

Եթե քաղաքական ուժերն այժմ կոնսենսուսի չգան, եւ հայեցակարգն այսօր չիրացվի, սերունդների կողմից կգնահատվի եւ կիրացվի»: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031