Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ գործադիր տնօրեն Արտակ Կիրակոսյանը եւ քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Արամ Աբրահամյան.– Գագիկ Ծառուկյանը հանդես կգա՞ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:
Արտակ Կիրակոսյան.- Գաղափար չունեմ, չգիտեմ:
Արմեն Բադալյան.– Չեմ կարող ասել, որովհետեւ դա կլինի արդեն գուշակություն:
Կարդացեք նաև
Ա. Ա.- Կա՞ն արդյոք նախադրյալներ, որ ԲՀԿ-ն հանդես կգա որպես հայկական իմաստով դասական ընդդիմադիր ուժ եւ կիրականացնի իշխանափոխություն:
Ա. Բ.- Գիտեք, իշխանափոխություն իրականացնելու համար միայն կոչերը կամ դասական ընդդիմություն լինելը դեռ շատ քիչ են, որովհետեւ եթե դիտարկենք ԱՊՀ փորձը, ապա կտեսնենք, որ ԱՊՀ երկրների մեծ մասում, ինչպես Բելառուս, Ադրբեջան, Ռուսաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան եւ Տաջիկստան, այդ երկրներում իշխանությունը ձեւավորվում է, եւ ի վերջո՝ իշխանափոխություն է կատարվում տեղի ուժերի կողմից: Մյուս խումբը` Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, իշխանության ձեւավորման գործընթացի վրա բավականին ուժեղ է դրսի ուժի ազդեցությունը, այսինքն` Հայաստանի դեպքում Ռուսաստանն է, Ուկրաինայի, Մոլդովայի դեպքում` Արեւմուտքը: Վրաստանի դեպքում` ոչ, որովհետեւ Սահակաշվիլին ի վերջո բարեփոխումներ իրականացրեց, ու այնտեղ ընտրությունների միջոցով իշխանություն փոխվեց: Հիմա ով էլ գա ընտրությունների միջոցով՝ նա ունենալու է արեւմտյան վեկտոր, որովհետեւ հասարակությունը փոխվեց, այսինքն` Վրաստանը դուրս է գալիս այն փուլից, երբ որ իշխանության ձեւավորման գործընթացում արտաքին ազդեցությունը ուժեղ էր: Հիմա գալիս ենք Հայաստանին. արդեն նշեցիք, որ դասական ընդդիմությունը կարող է պահանջել իշխանափոխություն, բայց քանի նա չունի Հայաստանի դեպքում՝ Ռուսաստանի իշխանության համաձայնությունը, միայն կոչեր կարող է անել:
Ա. Ա.– Համաձա՞յն եք, որ Հայաստանի իշխանության ձեւավորման հարցում արտաքին ուժի` Ռուսաստանի ազդեցությունը այդքան մեծ է:
Ա. Կ.- Մեծ է՝ իհարկե: Եթե վերադառնամ ձեր նախորդ հարցին, ապա ենթադրում եմ, որ Ծառուկյանն էլի ընդհանուր խոսքեր կասի` որ ժողովրդի հետ է, որ կպայքարի ժողովրդի համար եւ այլն: Իսկ մնացածները կմեկնաբանեն նրա խոսքերը իրենց ուզածով, մեկը կասի` դա նշանակում է, որ վաղը Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա, մյուսը կասի` մենք ընտրություններով կհասնենք դրան եւ այլն: Իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը որոշակիորեն կա, բայց մի քիչ դա փոխվել է՝ այն իմաստով, որ դառը փորձ ունեցան Ուկրաինայում նախորդ ժամանակներում Յանուկովիչի պարտվելու ժամանակ, դառը փորձ ունեցան Աբխազիայում, ինձ թվում է՝ հիմա նրանք զգուշավոր կլինեն, մեկ է՝ Հայաստանը իրենց գրպանում է՝ այսօրվա իրենց պատկերացումով, ու ավելորդ միջամտությունը միայն կարող է վատ բաներ առաջացնել:
Ա. Ա.- Նարնջագույն հեղափոխությունները, պայմանականորեն ասած, Ռուսաստանի դեմ էին, բայց եթե մեզ մոտ հեղափոխություն լինի, դա Ռուսաստանին կողմ կլինի:
Ա. Բ.- Մեզ մոտ հեղափոխություն չի լինի, որովհետեւ հեղափոխություն անելու համար պետք են որոշակի պայմաններ, պետք է, որ հասարակության մեջ լինի բավականին ուժեղ պասիոնար զանգված, իսկ Ուկրաինայում այդպիսի զանգված կար՝ հանձին Արեւմտյան Ուկրաինայի, շատ դեպքերում նաեւ՝ Կիեւի բնակչության: Ի դեպ` պասիոնար է արդեն Արեւելյան Ուկրաինայի ժողովուրդը: Հեղափոխության համար պետք է համապատասխան գումար, որովհետեւ գիտենք` Պորոշենկոն ինքը ֆինանսավորել է, Կոլոմոնսկին ֆինանսավորել է, դրսից ֆինանսավորվել են, եւ եղել է արտաքին աջակցություն, օրինակ` ի դեմս Նուլանդի եւ մյուսների, որոնք գնում էին Մայդան: Այս 3 պայմանները պետք էին «նարնջագույն» հեղափոխություն իրականացնելու համար: Հայաստանում այդ պայմաններից ամենաթույլն է հասարակության պասիոնար մասը՝ այն իսպառ, կարելի է ասել, բացակայում է: Եթե փողի հարցում ինչ-որ խնդիրներ չկան, ի վերջո՝ ԲՀԿ-ն ունի համապատասխան գումարները, չեմ կարող ասել` արտաքին այդ ազդեցությունը կա՞, իր աջակցությունը իրենք ունե՞ն, թե՞ ոչ, դեռեւս ես դա չեմ տեսնում, բայց կարող է դա չերեւացող է այս պահի դրությամբ: Բայց այդ՝ համապատասխան պայմանները չկան, որպեսզի հեղափոխություն ունենանք, դրա համար հեղափոխության մասին մոռացեք:
Քննարկումն` ամբողջությամբ
Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։