Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը թանկ «կվճարի՞» Պուտինին

Հոկտեմբեր 25,2014 12:00

Հոկտեմբերի 27-ին Փարիզում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ամիսներ առաջ արած հրավերի արդյունքում տեղի կունենա երրորդ եռակողմ հանդիպումը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում՝ Սոչիում` Վլադիմիր Պուտինի, ապա Ուելսում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպումներից հետո:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փարիզում կայանալիք հանդիպմանն ակնկալում են «խաղաղ համաձայնագրի հիմնական պահերի լուրջ քննարկումներ»: Դիվանագետներն ու բարձրաստիճան պաշտոնյաները իրենց ակնկալիքներն են հայտնում փարիզյան հանդիպումից, սակայն սպասել, որ այն կարող է արդյունավետ լինել` տեղաշարժի առումով, իհարկե, միամտություն կլինի: Մանավանդ այսօր, երբ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ ավելի գլոբալ առումով աշխարհը վերադասավորումների փուլում է` Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում լարման, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում:

Այս իրավիճակում ակնկալել, թե Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը կնպաստի ղարաբաղյան բանակցային փակուղային իրավիճակի բացառմանը, չափազանցություն կլինի: Միջազգային հանրությունը կենտրոնացած լինելով ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների շարունակական «պարզաբանման» վրա՝ թերեւս բավարարվի միայն ղարաբաղյան բանակցային գործընթացի գոնե շարունակականությունն ապահովելու մասին բանակցող կողմերից հավաստիացումներ ստանալով:

Հետեւաբար Սարգսյան-Ալիեւ փարիզյան հերթական հանդիպումը կնպաստի ոչ այնքան գործող ստատուս քվոյի փոփոխությանը` ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որքան առավելապես դրա շուրջ տիրող գործընթացներին ու դրանց զարգացմանը, որոնք առավել ուշագրավ են:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ օրերս ուշագրավ տեղեկություն ի հայտ եկավ: Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասկերովն անդրադարձել է Մաքսային միությանը Ադրբեջանի անդամակցության թեմային: Ադրբեջանն ու Ռուսաստանը լավ հարաբերություններ ունեն թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար ոլորտներում՝ նշել է Ասկերովը. «Մենք մշտապես հատուկ նշանակություն ենք տվել երկկողմ հարաբերություններին: Ադրբեջանը լավ հարաբերությունների մեջ է նաեւ ԵՄ-ի ու Եվրախորհրդարանի հետ: Մենք տարբերություն չենք դնում ու չենք փորձում որեւէ մեկի հետ հաստատել ավելի սերտ հարաբերություններ: Ադրբեջանը գտնվում է զարգացման այն փուլում, երբ աճել է մեր երկրի հանդեպ մյուս երկրների, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի հետաքրքրությունը: Անկասկած է, որ մենք արտաքին քաղաքականությունը կառուցելիս առաջնորդվում ենք ազգային շահերով»: Գալով Մաքսային միությանն Ադրբեջանի չանդամակցելու պատճառներին՝ Ասկերովը նկատել է, որ Ադրբեջանը նախապատվությունը տալիս է երկկողմ հարաբերություններին. «Մենք չենք կարող որեւէ միության անդամ դառնալ Ղարաբաղի պատճառով: Այս հարցում սակարկելն անհնար է: Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից 7 շրջաններն ադրբեջանական տարածքներ են: Մենք որեւէ միության մեջ մտնելու համար ոչ մեկի առջեւ պայման չենք դրել, որ հետո Ղարաբաղը հանձնեն մեզ»:

Փաստացի առաջին անգամ պաշտոնական Բաքուն դիրքորոշում արտահայտեց Պուտինի եվրասիական նախաձեռնությունների վերաբերյալ՝ դրանց մասնակցություն ունենալու հնարավորությունը մերժելով, եւ որպես պատճառ մատնանշեց ԼՂ խնդիրը: Թվում է, թե սա դրական փաստ է հայկական կողմի համար, եթե դժգոհում է Ադրբեջանը՝ այն դեպքում, երբ մի քանի անգամ եվրասիական եռյակի կողմից ԼՂ թեմայի շուրջ որոշակի ակնարկներ եղան` Ադրբեջանի շահերի հետ հաշվի նստելու առնչությամբ:

Հետաքրքրական է, որ պաշտոնական Բաքվի այս դիրքորոշմանը հետեւեց ռուսական կողմի մի հայտարարություն: Հոկտեմբերի 21-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես գալով Վիեննայում կազմակերպված եվրասիական տարածքում անվտանգության սպառնալիքների թեմայով քննարկմանը՝ կոչ է արել վերականգնել միջազգային հակաահաբեկչական կոալիցիան` նոր սպառնալիքների դեմ պայքարի համար: «Անհրաժեշտ է շտապ կարգով վերականգնել 2001-ից հետո ձեւավորված համագործակցությունը, այսպես կոչված՝ հակաահաբեկչական կոալիցիան: Եթե դա տեղի չունենա, մենք կարող ենք անվտանգության ոլորտում լուրջ խնդիրների հանդիպել, որոնք կվերաբերեն ոչ միայն Ռուսաստանին եւ ՀԱՊԿ երկրներին, այլեւ Եվրոպային»: Անդրադառնալով ՀԱՊԿ երկրների սպառնալիքներին` Բորդյուժան դրանց թվում առանձնացրել է Աֆղանստանում ավարտին չհասցված միջազգային առաքելությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրումը եւ «ռազմական ճանապարհով այն լուծելու հնարավորությունը, ինչի մասին հայտարարում է Ադրբեջանի նախագահը»:

Թեեւ ռազմական, էներգետիկ ոլորտներում առկա բավական տպավորիչ համագործակցությանը՝ ռուս-ադրբեջանական քաղաքական հարաբերություններում, թերեւս, փոքր-ինչ սառնություն կարելի է ակնկալել ապագայում: Բորդյուժայի վերջին հայտարարությունը, հավանաբար, կարելի է դիտարկել այդ համատեքստում:
Ադրբեջանի նախագահն օրերս ընդունել էր ռուսական «Ռոսնեֆտ» պետական խոշորագույն նավթային ընկերության ղեկավար Իգոր Սեչինին, որի հետ հանդիպմանը քննարկվել էին «Ռոսնեֆտի» ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի միջեւ համատեղ նախագծերի իրագործումը, կողմերը դիտարկել են նաեւ Ռուսաստանի ու Ադրբեջանի սահմաններից դուրս երկու ընկերությունների համատեղ նախագծերի իրագործման հարցը: Սակայն հայտնի չէ, թե որ նախագծերի մասին է խոսքը, կան ոչ պաշտոնական տեղեկություններ, թե խոսքը Թուրքիայում եւ այլ երկրներում նրանց նախագծերի մասին է: Իսկ թե նման համագործակցությանը կո՞ղմ է արդյոք Ադրբեջանը, եւ ի՞նչ է պատասխանել Ալիեւը ռուսական կողմին՝ հաշվի առնելով ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պատժամիջոցները, առայժմ հայտնի չէ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031