Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին նախագահը բա՞ց թողեց շանսը

Հոկտեմբեր 25,2014 17:30

Իրանագետի կարծիքով՝ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը չգնաց Իրան-Հայաստան հարաբերությունների բարելավմանը` զգուշանալով Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից:

«Իրանի հետ հարաբերություններում սա դրական, կարելի է ասել նաեւ՝ ինքնուրույն քայլ էր, բայց հարցն այն է, թե որոշումներում, ձեռք բերված համաձայնություններում հայկական կողմն ինչքանո՞վ է ինքնուրույն: Հիմնական պայմանավորվածությունները եղել են էներգետիկայի ոլորտում, որտեղ, ինչպես գիտեք, Ռուսաստանը թույլ չի տա, որ Հայաստան-Իրան պայմանավորվածություններն ընդարձակվեն՝ հատկապես գազի ոլորտում պայմանավորվածությունների մասով»,- «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պաշտոնական պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն՝ կարծիք հայտնեց իրանագետ, Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան Էմմա Բեգիջանյանը: Հիշեցնենք. բավական երկար ժամանակ խոսվում էր Իրանի եւ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների փոխայցելությունների մասին, բայց դրանք այդպես էլ չէին կայանում:

Իրանագետի կարծիքով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցը Իրան եւ այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումները՝ անկախ ամեն ինչից, դրական են: «Իրանի նախագահը Բաքու այցելել է, այլ մայրաքաղաքներում եղել է, Հայաստան այցն ուշանում է, բայց իրանական մամուլն արձանագրում է, որ Հայաստանի նախագահից հետո արդեն վարչապետին շատ լավ ընդունել են: Բոլոր դեպքերում՝ Իրանին լավ եւ ուժեղ հարաբերություններն անհրաժեշտ են` անկախ ու ուժեղ Հայաստանի հետ: Սա մի կարեւոր գործոն է, որը մենք միշտ պետք է օգտագործենք: Թեկուզ Իրանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ արտաքուստ շատ բարեկամական է, բայց իրենց վտանգն էլ միշտ Թուրքիայից ու Ադրբեջանից է գալիս: Իրանի եւ Հայաստանի շահերը համընկնում են, ուստի Իրանի համար Հայաստանը բարեկամական երկիր է: Եվ Իրանն է Հայաստանի անվտանգության համար կարեւոր, եւ Հայաստանը` Իրանի»,- կարծում է մեր զրուցակիցը:

«Առավոտի» հարցին` այժմ` տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ դեռ հստակություն չկա Իրանի միջուկային խնդրում, Իրան-ԱՄՆ, ԱՄՆ-ՌԴ բարդ, նույնիսկ երբեմն անհասկանալի փոխհարաբերություններ են, Հայաստանն էլ ստորագրեց Եվրասիական տնտեսական միության անդամակցության փաստաթուղթը` քաղաքական ի՞նչ հեռանկարներ է խոստանում Իրանի հետ հարաբերությունների սերտացումը: Անկախ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից եւ առկա թնջուկներից՝ իրանագետը դրական է համարում Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացումը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ԻԻՀ, նշել է, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում. «ԻԻՀ նախագահի խոսքով՝ Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների եւ օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար»: Ընդունելության մակարդակն ու պաշտոնական բառապաշարը մեր զրուցակիցն արդեն իսկ բարեկամական է համարում:

Իրանագետը ցավում է, որ Իրանի հետ ավելի սերտ հարաբերություններ ստեղծելու իր հնարավորությունը Հայաստանը կորցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին. «Միջազգային նպաստավոր պայմաններ կային Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը, վախենալով Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից, չգնաց այդ քայլին` բաց թողնելով առիթը: Մինչդեռ այդ ժամանակ Ռուսաստանում իշխանության էին լիբերալները, ովքեր այդպես չէին խառնվում Հայաստանի ներքին գործերին: Հիմա Հայաստանի համար ինքնուրույն մեծ քայլեր անելը, համենայնդեպս, դժվար է»: Ինչ մնում է Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններին, մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ դրանք ոչ մի կերպ չեն խանգարում Իրան-Հայաստան փոխհարաբերություններին. «Քանի որ Հայաստանը մեծ շուկա չէ, Իրանը չի կարող հսկայական ծավալների հասնող ներդրումներ անել, ապրանք արտահանել: Նաեւ, հաշվի առնելով Հայաստանի շրջափակումը` Արեւմուտքը միշտ էլ, այսպես ասած, մատների արանքով է նայել Հայաստան-Իրան փոխհարաբերություններին»:

Իրանագետի համոզմամբ՝ եթե «միջուկային» բանակցությունները դրական ելք ունենան, Իրանն անպայմանորեն կողմնորոշվելու է դեպի Արեւմուտք, քանզի ՌԴ-ի հետ հարաբերությունները մի տեսակ պարտադրված բնույթ ունեն: «Վերջերս Իրանի նախագահի ավագ խորհրդականը, ով նախկին անվտանգության նախարարն էր, հայտարարեց, թե Ռուսաստանը չի ցանկանում, որ «միջուկային» բանակցությունները արդյունքի հասնեն: Իհարկե, ռուսները հերքեցին դա: Բայց սա շատ կարեւոր հանգամանք է: Եթե այդ բանակցությունները դրական ելք չունենան, ու ՌԴ-Արեւմուտք հարաբերություններն էլ բնականոն հուն չմտնեն, Հայաստանը ավելի քիչ հնարավորություններ կունենա Իրանի հետ հարաբերություններ հարթելու թե քաղաքական, թե տնտեսական ոլորտներում: Չնայած, որպես Իրանի ազգային անվտանգության գործոն, Իրանի համար միշտ էլ կարեւոր է ուժեղ եւ անկախ Հայաստանը: Նաեւ դա է պատճառը, որ Իրանը միշտ դեմ է ղարաբաղյան շփման գծում որեւէ խաղաղապահ ուժերի տեղակայմանը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031