Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերի բիզնեսով զբաղվողներն էլ լրացուցիչ տարածք ու աշխատող պետք է վերցնեն

Հոկտեմբեր 25,2014 17:00

Պարտադիր դրոշմապիտակավորման հետեւանքով դեղերն էլ կթանկանան

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքատեսակների հետ միասին պետք է դրոշմապիտակավորվեն նաեւ Հայաստանի տարածք ներմուծված բոլոր դեղերը: Մասնագետների կանխատեսմամբ՝ ինչպես շատ ապրանքների դեպքում, դեղերի պարագայում նույնպես գնաճ տեղի կունենա: Դեղերի հավանական թանկացումը դժգոհություններ է հարուցել թե՛ դեղ ներմուծողների եւ տեղական արտադրողների, թե՛ քաղաքացիների շրջանում:

«Առավոտ»-ի հետ զրույցում «Դեղարտադրողների եւ ներմուծողների միության» (ԴԱՆ) նախագահ Սամվել Զաքարյանը նշեց, որ պարտադիր դրոշմապիտակավորման պահանջը հաստատվել է՝ առանց իրենց միության հետ քննարկելու, կարծիքը հաշվի առնելու: Ըստ մեր զրուցակցի՝ այս նոր փոփոխությունը բազմաթիվ խնդիրներ է առաջ բերելու: Պարոն Զաքարյանը գտնում է, որ այն խոչընդոտելու է մատակարարների աշխատանքին՝ թույլ չտալով դեղամիջոցը ժամանակին հասցնել սպառողին: Մասնագետի ներկայացմամբ՝ դեղի բիզնեսով զբաղվող տնտեսվարողների համար լրացուցիչ տարածքներ ավելացնելու եւ աշխատուժ ներգրավելու խնդիրներ եւս առաջանալու են:

«Քանի որ տեխնիկապես հնարավոր չէ դրոշմապիտակավորումը ավտոմատացնել, նախատեսվում է այն անել ձեռքով, ինչը հավելյալ ժամանակ եւ ծախս կպահանջի»,- ասաց Սամվել Զաքարյանը՝ ենթադրելով, որ դեղերը կթանկանան ոչ թե երկուսից-հինգ դրամով, ինչպես որ ցույց են տվել առողջապահության նախարարության կատարած ուսումնասիրությունները, այլ շատ ավելի բարձր տոկոսով:

Միության նախագահը նշեց, որ այս փոփոխությունը կառավարությունը հիմնավորում է ստվերի ու կեղծ դեղերի դեմ պայքարով՝ այն դեպքում, երբ մեր երկրում դեղագործությունն ամենաթափանցիկ ոլորտն է: Անդրադառնալով օրենքի փոփոխված տարբերակի մեկ այլ խնդրին՝ պարոն Զաքարյանը տեղեկացրեց, որ եթե մինչ օրս շատ դեղահաբեր վաճառվում էին ոչ թե ամբողջական փաթեթով, այլ հատիկով, ապա, ըստ նոր օրենքի, դեղատներում այլեւս հատով դեղեր չեն վաճառվի: «Եթե դեղատան աշխատողը տուփից առանձնացնի դեղն ու հատով վաճառի, ապա դա կդիտվի որպես օրենքի խախտում, եւ տվյալ ընկերությունը ստիպված կլինի վճարել օրենքով նախատեսված տուգանքը»,- ասաց Սամվել Զաքարյանը՝ տեղեկացնելով, որ աշխարհի ոչ մի երկրում այսպիսի համակարգ չի գործում:

«Առավոտը» փորձեց փոքրիկ հարցում անցկացնել մայրաքաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը դեղերի շուրջ կատարված փոփոխությունների վերաբերյալ:

«Որ Հայաստանում դեղերը չդրոշմապիտակավորեին, ես կնեղանայի: Էս ինչ թազա թիթիզություններ են, մարդ գլուխ չի հանում: Պետությունը օգտվում ա առիթից՝ լավ իմանալով, որ խնդիր ունեցող քաղաքացին՝ անկախ թանկությունից, ամեն քայլի կգնա՝ իրեն անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերելու համար: Օրինակ՝ ես այն դեղը, որ մշտապես 600 դրամով եմ գնել, այսօր 800 դրամ արժե: Բայց ո՞նց կարող եմ չգնել»,- մեզ հետ զրույցում ասաց 70-ամյա թոշակառու Սամվել Գաբրիելյանը՝ համոզմունք հայտնելով, որ դեղորայքի շուկայում սպասվող փոփոխությունը ժողովրդից «փող պոկելու հերթական տրյուկներից» է:
Տիկին Նելլին էլ առողջապահության ոլորտի ղեկավարությանը զարմացած հարցնում է՝ եթե իրեն բժիշկը 10 հաբ է նշանակել, տուփի մեջ էլ 50 հատիկ է, ինչպե՞ս է տալու ու «թանկ ու կրակ» դեղը գնի, իսկ հետո մնացածն ի՞նչ է անելու. «Դե, արի ու մի վրդովվի:

Ստացվում ա, որ եթե նախկինում ստացած աշխատավարձս կարողանում էի այնպես տնօրինել, որ համ սննդին էր հերիքում, համ կոմունալներին, համ դեղորայքին, հիմա կամ պիտի հաց առնեմ-ուտեմ, կամ բուժվեմ, քանի որ երկուսը չեմ կարող միաժամանակ անել: Ո՞վ ա նման բան տեսել»: Տիկնոջ պատմելով՝ իրեն անհրաժեշտ դեղերի մի մասը ստանում է պոլիկլինիկայից, մի մասն էլ ինքն է գնում, ինչպես ասում են՝ «հատիկով»:

Հուսիկ Ղազարյանի կարծիքով էլ՝ այսօր հասարակության սոցիալական վիճակն առանց այդ էլ այնքան ծանր է, որ 10-20 դրամ թանկությունն արդեն իր բացասական ազդեցությունը կունենա յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի վրա. «Ի՞նչ են տվել էս ժողովրդին, որ չեն կարողանում վերցնել: Ոչ թոշակներն են բարձրացնում, ոչ աշխատավարձերը, բայց մի գլուխ թանկացնում են ու թանկացնում: Թող իրենց ծախսերը պակասեցնեն, ոչ թե ժողովրդից վերցնեն»:

Երեւանի կենտրոնական դեղատներից մեկի աշխատակցուհին դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման մասին այնքան էլ տեղյակ չէր: Դեղատան աշխատակցուհու խոսքերով՝ դեղերի շուկայում վերջին խոշոր թանկացումները եղել են անցյալ տարի, այս տարի դեղերի շուկայում դեռեւս թանկացումներ չեն արձանագրվել:

ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031