Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ ընթերակա պե՞տք է

Հոկտեմբեր 25,2014 16:00

Դատավարության նոր մասնակցի՝
«ստատիստի» անհրաժեշտության հարցն է առաջացել

Իրավական աշխարհը կարող է բաժանվել երկու մասի՝ կապված քննչական գործողությունների եւ այդ գործողությունների ժամանակ անհրաժեշտ սուբյեկտի` ընթերակաների հետ:

Չկա մի դատական քննություն, որտեղ կասկածի տակ չառնվի ընթերակաների մասնակցության հարցը, ճանաչման հարցը, քննչական գործողությունների կատարման օրինականությունը:

Դատական նիստերին վերջին շրջանում հրավիրվում են ցուցմունք տալու ընթերականեր, միայն այն բանի համար, որպեսզի կողմերից մեկը համոզվի, որ իրականում այն, ինչ ստորագրվել է, համապատասխանում է իրականությանը, եւ ասենք՝ դեպքի վայրի զննության արձանագրության համար Յուպիտեր մոլորակից չի հրավիրվել ընթերական:
Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ընթերականերից միայն մեկն է եկել դատարան, իսկ երկրորդի փնտրտուքը դեռ շարունակվում է:

Մեկ այլ քրեական գործով ընթերականերից մեկը հայտնեց, թե երկու հազարական դրամ են տվել մասնակցելու քննչական գործողությանը, մինչդեռ ընթերական պետք է լինի չշահագրգռված անձ:

Քրեական դատավարության օրենսգրքի «Քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք» գլխում կա «Ընթերակա» հոդվածը:

Ըստ դրա, ընթերական քրեական գործով չշահագրգռված չափահաս քաղաքացին է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարմանը:

Ընթերական պետք է լինի ունակ՝ լրիվ եւ ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:

Նա պարտավոր է չլքել համապատասխան քննչական գործողության կատարման վայրը՝ առանց այդ գործողությունները կատարող անձի թույլտվության:

Ընթերական պարտավոր է ծանոթանալ համապատասխան քննչական գործողությունների արձանագրություններին, ծանոթանալիս անել դիտողություններ, որոնք մտցվում են քննչական գործողության արձանագրության մեջ, ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:

Սակայն քննիչը որտեղի՞ց գտնի մեկին, երբ հանցագործությունը կատարվում է ուշ գիշերով, լուսաբացին, երբ հետքերի պահպանության հարց կա, ինչպես վարվել, ինչ անել, ինչպես է կարգավորում այս ամենը:

Նույնպիսի խնդիր ծագում է նաեւ ճանաչման քննչական գործողության ժամանակ:
Իմ իրավաբան ընկերներից մեկը պատմեց, թե ինչպես էր հանցագործություն կատարած անձի «նմանակին» ճանաչման ներկայացնելու համար փնտրտուք արվել:
Տուժողը հայտնել էր, թե գողություն կատարողը 1 մետր 90 սանտիմետր հասակով տղամարդ է եղել: Իսկ որտեղի՞ց Հայաստանում գտնել նույնպիսի «բարձրաստիճան» տվյալներով տղամարդ, այն էլ՝ ճանաչման համար:

Ի դեպ, ճանաչման քննչական գործողությունը կարեւորվում է նրանով, որ այն կատարվում է ծանր հանցագործությունների՝ սպանությունների, ավազակային հարձակումների, սեռական ոտնձգությունների գործերով, նախաքննության եւ դատաքննության ժամանակ:
Համաձայն Հայաստանի գործող քրեական դատավարության օրենսգրքի էլ՝ ճանաչման է ներկայացվում մարդը, դիակը, իրը՝ ընթերակաների ներկայությամբ:

Չի կարող վերոհիշյալ արտաքին տվյալներով անձանց ճանաչման ներկայացնելիս, մեկ մետրանոց տղամարդ լինի, չի կարող ձիու փոխարեն ճանաչման ներկայացվի էշ, դանակի փոխարեն՝ գնդացիր, հանգուցյալի փոխարեն՝ շարժուն մեկը:

Քրեական դատավարության օրենսգրքում սահմանված է «ոչ բավարար հատկանիշներով» ճանաչում կատարելու անթույլատրելիության մասին:

Որպեսզի ամեն անգամ ճանաչման ներկայացվող անձի որոնում չլինի, այս հարցի նեղ մասնագետներից մեկն առաջարկում է սահմանել «ստատիստի» կարգավիճակ` դատավարության նոր մասնակցի կարգավիճակ:

Եվ ելնելով անհետաձգելի միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունից՝ կարեւորվում է հետաքննության մարմնին ճանաչման ներկայացնելու իրավասությամբ օժտելու հարցը:

Ըստ էության, ճանաչումը նույնացման, նույնականացման տեսակ է, երբ վկան, տուժողը, կասկածյալը, մեղադրյալն այդ միջոցով նույնացնում են մարդկանց, առարկաները, շինությունները, տեղանքը, իրերը: Եվ այս ամենն ընթերակաների ներկայությամբ է, գոնե երկուսի, որոնք մինչ օրս «հասարակական» հիմունքներով են մասնակցում քննչական գործողություններին:

Ոստիկանությունը՝ հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող մարմինը, հաճախ ապավինում է նախկինում դատված անձանց, «իրենց» հանցագործներին, նրանց ներգրավելով քննչական գործողությունների կատարման մեջ, գնալով ակնհայտ առեւտրի:
Անգամ կենդանիների ճանաչմանն են մասնակցում ընթերակաները:

Բա որ հանկարծ կենդանին վնա՞ս տա… հասարակական կարգով գործող էակին:
Դեռ որեւէ ընթերակայի ոչինչ չի պատահել, հավանաբար, պատճառներից մեկն այս է, որ նրան դատավարական կարգավիճակ տալը մնացել է հեռահար ցանկություններից մեկը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մկո says:

    Օրենքն ու օրինականության կանոնակարգը չեն կարող երաշխավորել արդարություն, եթե ընկել ես նախատրամադրված, հոգիները վաճառած մարդկանց ձեռքը, որը տեղի է ունենում որպես կանոն: Հետեւյալ տրամաբանական սիստեմը կարելի առաջարկել դրա դեմ՝ եթե ականջալուր լինողներ գտնվեն: Թվով 3 (5) դատավորների ժյուրին ընտրվում է վիճակահանությամբ՝ վերջին պահին, նույնիսկ այլ երկրներից: Հետաքննության ինստիտուտը ԴԱՐՁՎՈՒՄ Է դատախազից անկախ, մասնավոր, վճարովի: Յուրաքանչյուր կողմ վարձում է իր քննիչին ու փաստաբանին, որոնք էլ անկախ քննություններ են ներկայացնում դատարան: Նիստերին մասնակցում են հասարակության ներկայացուցիչ-ատենակալները, նույնպես վիճակահանությամբ ձեւավորված, որոնք էլ հաստատում կամ մերժում են դատավորների վճիռը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031