Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկների www.ced.am կայքը ներկայացնում է

Հոկտեմբեր 25,2014 15:31

Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության պաշտոնական կայքէջը՝ www.ced.am-ը, ներկայացրել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործունեությունը:

Համաձայն www.ced.am-ի, 2001թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության թիվ 888 որոշմամբ ստեղծվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Գործունեությունն սկսել է ծավալել 2002թ. ապրիլի 1-ից:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի առաջնային նպատակներից է եղել դատապարտյալներին աշխատանքով ապահովումը, ինչպես նաեւ նրանց կրթական մակարդակի բարձրացումը:

«Անհրաժեշտ է նշել, որ ցանկացած ոլորտում, որով զբաղվում է հիմնադրամը, ներգրավված են դատապարտյալներ, իսկ ոլորտները բազմաբնույթ են»,- ասված է ամփոփ ներկայացված տեղեկանքում:

Ծանրակշիռ տեղ է զբաղեցնում սննդարդյունաբերությունը:

Օրինակ, հացի եւ մակարոնեղենի արտադրությունն իրականացվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, ինչը բավարարում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հետ երկկողմ պայմանագրերով նախատեսված սննդամթերքի քանակի պահանջարկը:

Հիմնադրամը զբաղվում է նաեւ գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ հացահատիկային կուլտուրաների աճեցմամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ: Այս բնագավառներում նույնպես դատապարտյալների ընդգրկվածությունն ապահովվում է:

Շատ դատապարտյալներ տիրապետում են արհեստների. նրանք ներգրավվում են թեթեւ արդյունաբերական ճյուղերում, ինչպիսիք են՝ կարուձեւի, կոշիկի, փայտամշակման, կահույքի արտադրությունները:

Հիմնադրամի առանձնակի ուշադրության կենտրոնում են նաեւ կին եւ անչափահաս դատապարտյալները, որոնք զբաղվում են գորգագործությամբ, անասնապահական եւ այգեգործական աշխատանքներով:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն ունի խանութ-տաղավար, որտեղ վաճառվում են դատապարտյալների կողմից պատրաստված ստեղծագործական աշխատանքները: Վաճառքից առաջացած գումարներն ուղարկվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկ` տվյալ դատապարտյալի հաշվեհամարին կամ փոխանցվում նրա ընտանիքի անդամներին:

Հաճախ կազմակերպվում են նաեւ սպորտային, երաժշտական եւ մշակութային միջոցառումներ:

Դատապարտյալների կողմից նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկության դեպքում հիմնադրամն աջակցում է` համապատասխան ուսումնական հաստատություններին գումարներ տրամադրելով:

Կնքվում են նաեւ պայմանագրեր, ինչի արդյունքում երկամսյա կամ եռամսյա մասնագիտական կուրսեր են անցկացվում դատապարտյալների հետ՝ նրանց տրամադրելով պետական նմուշի վկայական:

Այս հանգամանքը նպաստում է, որպեսզի ազատված դատապարտյալները հետագայում խուսափեն դժվարություններից եւ ավելի հեշտ ինտեգրվեն քաղաքացիական կյանքին:

«Առավոտ» օրաթերթ
24.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031