The Beautified Project-ն ու LIBERTA քառյակը
ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ ներդաշնակ մարդկություն կքարոզեն
Հոկտեմբերի 27-ին Հայաստանում ամերիկյան դեսպանատան նախաձեռնությամբ Տիկնիկային թատրոնում կկայանա The Beautified Project խմբի եւ LIBERTA լարային քառյակի համարգը: Միջոցառումը The Wall Street Journal -ի լրագրող Դենիել Փերլի հիշատակին նվիրված 13-րդ ամենամյա համերգաշարի շրջանակում է: Հիշատակի համերգաշարը նախաձեռնվել է որպես պատասխան Դենիել Փերլի սպանությանը, որը 2002թ. Պակիստանի Կարաչի քաղաքում իրականացրել են ծայրահեղականները: Դենիի ընտանիքը եւ ընկերները միասնաբար ձեռնամուխ եղան նրա հիշատակին նվիրված ամենամյա համերգաշարի միջոցով աշխարհն ավելի մարդասեր ու գթասիրտ դարձնել: Այս տարի աշխարհի տարբեր քաղաքներում իրականացվող միջոցառումների խորագիրն է՝ «Ներդաշնակ մարդկությունը», ինչ վերաբերում է երաժշտությանը, այն հիրավի ունիվերսալ լեզու է աշխարհի բոլոր ծայրերից եկած եւ բոլոր մշակույթները ներկայացնող մարդկանց միավորելու համար:
The Beautified Project խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ 2010 թվականին եւս ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ Դենիել Փերլի հիշատակին նվիրված համերգ են ունեցել: «Նպատակն էր հիշել այն լրագրողին, որը հանուն խոսքի ազատության, իր մասնագիտական պարտքը կատարելիս գլխատվեց Պակիստանում: Համերգաշարը ուղերձ ունի, այն համերգաշար է ընդդեմ ահաբեկչության: Անգամ այսօր էլ լրագրողներ են գլխատվում, տեսնում ենք, թե ինչ բռնություններ են նրանց դեմ իրականացվում Սիրիայում եւ Իրաքում: Տարբեր երկրներում այդ համերգը տեղի է ունենում, օրինակ՝ Անգլիայում Էլթըն Ջոնն է մասնակցել այդ համերգին: Մենք եւս որոշեցինք այս տարի, հանուն խոսքի ազատության, այդ համերգը ունենալ, ուստի համախմբվեցինք այն իրականացնելու համար: Մեր համերգին ներկա են լինելու 200-ից ավելի լրագրողներ: Որոշեցինք օրիգինալ լինել եւ մեր երգերը գործիքավորել դասական խմբի հետ: Կլինի երկու ակուստիկ կիթառ, դաշնամուր, երկու թավջութակ, երկու ջութակ եւ ակուստիկ վիոլա, ինչպես նաեւ երեք վոկալ: Ելույթ կունենան նաեւ հյուրերը»,- հայտնեց Անդրե Սիմոնյանը եւ հավաստիացրեց, որ ունկնդրին անչափ հետաքրքիր համերգ է սպասվում, որը նկարահանվելու է «Ազատություն» ռադիոկայանի կողմից:
Կարդացեք նաև
Երաժշտից հետաքրքրվեցինք՝ օրինակ, իր համար ինչ է ներդաշնակ մարդկությունը: Մեր զրուցակիցը ցավով փաստեց. «Ինչքան կյանքն առաջ է գնում, այնքան հոգեւոր իմաստով անկում է գրանցվում, մարդկանց ներսում ասես սատանայական մի բան է շատանում: Ասվածի ապացույցն է այն, ինչ այսօր տեսնում ենք, օրինակ, Իրաքում կամ Սիրիայում՝ կրոնի անվան տակ: Մենք ուզում ենք մեր կողմից հիշեցնել մարդկանց, որ ամեն ինչը մի կողմ դրած՝ պետք է նախ եւ առաջ մարդ լինել, ու կրոնը հենց մարդկանց համախմբելու եւ ներդաշնակության համար է, մինչդեռ այսօր ճիշտ հակառակ նպատակների է ծառայեցվում ծայրահեղականների կողմից»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Ֆեյսբուքից
եւ style.arka.am-ից
«Առավոտ» օրաթերթ
24.10.2014