Հարցազրույց դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ
Դուդուկահար Կամո Սեյրանյանի ճանապարհը դեպի երաժշտարվեստ հարթ չի եղել։ Ասում է՝ այն ամենն, ինչին դժվարությամբ ես հասնում, ավելի մնայուն է։ Սովորել է երաժշտական դպրոցում, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, իսկ հետո՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 2003 թվականից առ այսօր էլ դասախոսում է հարազատ բուհում։ Դասախոսի աշխատանքին զուգահեռ՝ 2004-ից 2006 թվականները հասցրել է սովորել նաեւ ասպիրանտուրայում։ Այդ ընթացքում աշխատել է ռեստորաններում, չի ժխտում՝ մինչեւ այժմ էլ երբեմն հանդես է գալիս, շատ հրավերներ է ունենում արտերկրից, գնում եւ դուդուկի հնչյուններով ուրախացնում է մարդկանց` ամենատարբեր առիթների ժամանակ։ Առաջին տեսահոլովակը, որը մինչեւ այժմ ցուցադրվում է, նկարահանվել է 2006 թվականին՝ Պեպոյի երգի հիման վրա։
-Կամո, ի՞նչ խոչընդոտներ եք ունեցել՝ շոու-բիզնես մուտք գործելիս։
-Դե, դժվարություններ եղել են, բայց հաղթահարել եմ իմ աշխատանքով։ Շատ է պատահել, որ հեռուստատեսային որեւէ հաղորդման ժամանակ իրենից ոչինչ չներկայացնող մի երգչի կամ երգչուհու տեսահոլովակն է առաջին հորիզոնականում եղել, իսկ իմը՝ ցածր հորիզոնականում։ Առաջ շատ էի նեղվում, բայց հիմա դա ինձ բացարձակ չի անհանգստացնում եւ չեմ էլ թողնում, որ իմ տեսահոլովակները լինեն որեւէ հիթ-շքերթում։ Ուղղակի ծիծաղելի է, որ որոշ մարդիկ օրերով փող են հավաքում, որ իրենց երգերը բարձր հորիզոնականներում լինեն։
Կարդացեք նաև
-Դուդուկ նվագողները շատ են մեր երկրում, արդյոք քանակն ու որակն այս պարագայում համահո՞ւնչ են։
-Այո, մեր երկրում փայլուն դուդուկահարներ շատ կան։ Մեր մյուս վարպետ-դուդուկահարներից ոմանք միայն ասում են ես, ես, ես… Դուդուկի թագավորը Վաչե Հովսեփյանն է, եւ ես ինձ համարում եմ նրա դպրոցի շարունակողը։ Մեր երկրի դուդուկահարների 99 տոկոսի համար էլ Վաչե Հովսեփյանն է առաջինը։ Ինչպես Բրազիլիայում չի կարող վատ ֆուտբոլիստ լինել, նույնն էլ մեր երկրում չի կարող վատ դուդուկահար լինել, բայց կան դուդուկահարներ, ովքեր իրոք շատ պրոֆեսիոնալ են, իսկ ոմանք՝ ավելի պակաս։ Ուզում եմ նշել, որ իմ վարպետը Կարապետյանն է եղել եւ իրենից շատ բան եմ սովորել։
-2012-13 թվականներին տեսահոլովակ չնկարահանեցիք, ի՞նչն էր պատճառը։
-Աշխարհահռչակ տասը երաժիշտների էի հրավիրել Հայաստան եւ միասին Հանրապետության հրապարակում համերգ ունեցանք։ Նախապատրաստական աշխատանքները, փորձերն այնքան աշխատատար էին, որ չէի կարող հասցնել: Բայց կարեւորն այն էր, որ համերգը հրաշալի անցավ։ Հետո նկատեցի, որ նոր դեմքեր են հայտնվել դուդուկի ասպարեզում, բայց որպեսզի ժողովուրդը հանկարծ չմտածի, որ ես չկամ, նկարահանեցի նոր տեսահոլովակ՝ «Իրիկնայինը»։ Այդ աշխատանքս բավականին լավ անդրադարձ ունեցավ, անգամ ամենաքննադատները լավ խոսքեր ասացին։ Դրական էր նաեւ կոնսերվատորիայի ավագ սերնդի պրոֆեսորների կարծիքը։
-Ունե՞ք պրոդյուսեր, ով զբաղվում է գործնական հարցերով։
-Մինչեւ այսօր ես միայնակ եմ գործերս անում, մարդիկ կան, ոչ մեկ, ոչ երկու, արդեն յոթ հոգի հետեւներից ման են տալիս։ Իմ առաջին քննադատը ես եմ, նաեւ ասեմ, որ սուր հոտառություն ունեմ, գիտեմ՝ որ պահին ինչ է պետք ու եթե մտածում եմ, որ տվյալ աշխատանքը լավն է լինելու, այդպես էլ լինում է եւ առանց պրոդյուսերի էլ գործերը հաջողվում են։
-Ո՞րն էր վերջին համերգը, եւ առաջիկայում ի՞նչ է սպասվում։
-Վերջին մեծ համերգներից մեկը Փարիզում էր, մի քանի երգիչ ընկերներիս հետ մասնակցում էինք Փարիզի «Արարատ» պարախմբի տասնամյակին նվիրված համերգին։ Պատրաստվում եմ նոյեմբերի 1-ին ԱՄՆ մեկնել, որտեղ ընկերոջս՝ Ռազմիկ Ամյանի մենահամերգն է լինելու «Կոդակ» թատրոնում եւ ինձ հրավիրել է՝ մի քանի երաժշտական համարով նվագակցելու իրեն։ Եվ երեւի թե կմասնակցեմ նաեւ դեկտեմբերի 12-ին նույն «Կոդակ» թատրոնում Հարութ Փամբուկչյանի 60-ամյակին նվիրված մեծ համերգին, որտեղ կատարվելու են նրա գործունեության ընթացքում եղած բոլոր լավագույն երգերը։
-Մասնակցո՞ւմ եք կորպորատիվ միջոցառումների, հարսանյաց արարողությունների։
-Այո, ու դա չեմ թաքցնում։ Եթե ոմանք հերքում են դա, բա ինչո՞վ են ապրում։ Մենք այդ երկիրը չենք, որ տեսահոլովակ նկարահանելուց հետո տանք հեռուստաընկերություններին, որոնք էլ մեզ գումար տան՝ դրանք հեռարձակելու համար եւ այդպես գումար վաստակենք։
-Հաճախ մեկնում եք արտերկիր՝ համերգների, միջոցառումների։ Կոլեգաների նախանձ նկատո՞ւմ եք:
-Ինձ մտերիմ մարդկանց կողմից՝ ոչ, բայց ընդհանրապես՝ այո, ու ասեմ, որ դա ինձ չի էլ հետաքրքրում։ Մտերիմներս հաճախ են ասում, որ քեզ աչքով կտան, բայց ես նման բաների չեմ հավատում։ Աստված վերեւից նայում է ու բոլորին իրենց սրտի չափով տալիս է։ Եթե դիմացինդ քեզնից նեղվում է, ուրեմն դու քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում։ Ինձ համար նախանձը խթան է հանդիսանում, որ ավելի շատ աշխատեմ։
-Ինչպե՞ս կբնորոշեք դուդուկը։
-Դուդուկը տիեզերական գործիք է, որը հիպնոսացնում է պարզապես։ Եղել է համերգ, որից հետո արտասահմանցի լուրջ պրոդյուսեր մոտեցել է ինձ ու մի քանի րոպե ձեռքս սեղմել է, չի էլ կարողացել բառեր ասել։
-Ընդունված է ասել, որ դուդուկը տխուր առիթների գործիք է։ Համամի՞տ եք։
-Տխուր առիթն էլ ծիսակատարություն է, բայց ես միայն ուրախ առիթների ժամանակ եմ նվագում։ Վերջին 50, 60 տարին է մեր երկրում կլառնետը նորաձեւ դարձել, բայց մինչեւ այդ միշտ եղել է դուդուկ, զուռնա, դհոլ։
-Դուք շատ համերգների ժամանակ նվագակցում եք, մասնակցում տարբեր համերգների։ Իսկ ե՞րբ է լինելու Ձեր մենահամերգը:
-Ուզում եմ իմ մենահամերգը շատ յուրահատուկ լինի, մի ուրիշ կերպ եմ պատկերացնում, որի համար մեծ աշխատանք է պետք, թե չէ՝ վաղուց ունեցած կլինեի։
-Դուք տասը տարուց ավելի է՝ դասավանդում եք կոնսերվատորիայում։ Ձեր սաների մեջ տեսնո՞ւմ եք արժանի ապագա դուդուկահարներ։
-Այս տարի հինգ դուդուկահար է ընդունվել իմ կուրս, հինգն էլ փայլուն երիտասարդներ են, արդեն երեւում է, որ իրենք նվագելու են։ Միշտ ուսանողներիս խորհուրդ եմ տալիս լսել Վաչե Հովսեփյանի երաժշտությունը, դա է առողջ երաժշտությունը, դուդուկի ձայնը շատ կարեւոր է։
-Ձեր երաժշտությունը տարբերվում է, հաճախ փոփոխում եք վաղուց հայտնի գործերը, դժվար չէ՞։
-Վերջին տարիներին ես փորձում եմ սեփական ձեռագիրս ունենալ, եւ ինձ թվում է՝ ստացվում է։ Շատերն ասում են՝ լսեցինք հեռուստատեսությամբ երաժշտություն, առանց էկրանի մոտ գտնվելու արդեն հասկացել էինք, որ դու ես նվագում։ Ես ամեն ինչ լսում եմ. ջազ, բլյուզ եւ այլն, ու կարող է դուդուկով փորձեմ ստանալ այն ձայնը, որն այլ գործիքի միջոցով եմ լսել ու այդ գործիքի մտածելակերպը դնեմ դուդուկի մեջ։ Անդրադառնում եմ նաեւ բալետային գործերի։ Ես դա անում եմ իմ երկրի համար։ Շատ առիթներ են եղել, որ կարող էի ապրել այլ երկրում եւ ունենալ փայլուն կարիերա, բայց չեմ մնացել։ Կարծում եմ, որ դուդուկահարը պետք է Հայաստանում ապրի։
-Կա՞ տարիք, որից հետո դուդուկահարն այլեւս չպետք է նվագի։
-Այո, կոնկրետ չի կարելի ասել, բայց ցանկացած դուդուկահար, երբ հասնում է որոշակի տարիքի, պետք է պատվով թողնի իր գործը: Դա է ճիշտը:
-Ադրբեջանցիներն ասում են, թե դուդուկն իրենց գործիքն է, մենք որքանո՞վ ենք հակառակը պնդում:
-Եթե լրիվ չեզոք մարդու բերես ու նա լսի, թե ինչպես է հայը նվագում դուդուկ եւ ինչպես ադրբեջանցին, միանգամից ձայնից, հնչողությունից նա կհասկանա, որ դուդուկը հայկական գործիք է։ Մի գործիք, որը պատրաստվում է ծիրանի փայտից, ծիրանն էլ հայկական միրգ է, ուրեմն այստեղ ուրիշ կարծիք լինել չի կարող։ Պետք է պայքարենք տարբեր երկրներում դուդուկը հնչեցնելով ու հայկական գործեր կատարելով:
Զրուցեց
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
24.10.2014