Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտորեն նկատվեցին Ծառուկյանի անձնական ամբիցիաները». Խոսրով Հարությունյան

Հոկտեմբեր 24,2014 20:37

«Ծառուկյանն այլեւս այլընտրանք չէ, այլեւս ընդդիմություն է: Նա այդ մասին հրապարակավ այսօր հայտարարեց»,- այսօր եռյակի հանրահավաքի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից  այս տպավորությունն է ստացել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած դրույթներին, պարոն Հարությունյանն ասաց, որ դրանցից գոնե մեկում հակասություն է նկատել.«Փորձեց ստանալ հավաքվածների հավանությունը սահմանադրական բարեփոխումների անխուսափելիության անհրաժեշտության դեմ: Այսինքն, մեր իրականության մեջ այդ բարեփոխումների անխուսափելիություն չկա եւ դա իբր թե  պարտադրված քաղաքականություն  է իշխանությունների կողմից վերարտադրվելու իրավական հիմքեր ստեղծելու նպատակով, սա միֆ է: Այդ հայտարարությունը ակնհայտորեն հակասության մեջ է մտնում նույն Ծառուկյանի կուսակցության նախընտրական ծրագրի առանցքային թեզերից մեկի հետ: Որովհետեւ ինձ համար անհասկանալի է, թե ինչ փոխվեց 2012 թվականից, որ այն ժամանակ այս կուսակցությունը սահմանադրական բարեփոխումները խիստ անհրաժեշտ էր համարում, այսօր գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա: Գոնե այս կուսակցության դեպքում այդ հարցը արհեստածին է»:

Պարոն Ծառուկյանի ներկայացրած երկրորդ դրույթը, պարոն Հարությունյանի մեկնաբանմամբ կազմակերպչական էր.«Թեեւ պաշտպանեց Տեր-Պետրոսյանի այն թեզը, որ ճանապարհային քարտեզ, մարտավարություն չեն հրապարակի, ու մարտավարությունը եռյակի խնդիրն է, նաեւ մերժեց նստացույցի անհրաժեշտությունը, այնուհանդերձ հստակեցրեց տեղերում համաժողովրդական շարժման շտաբերի ձեւավորման անհրաժեշտությունը:

Ճիշտն ասած, այդ մարտավարությունն ինձ հիշեցնում է Ղարաբաղ կոմիտեի մարտավարությունը, որը Հայաստանի գոնե խոշոր քաղաքներում ստեղծեց իր ենթաճյուղերը, որոնք քաղաքական ակտիվություն ու շարժմանը մարդկային ռեսուրսն էին ապահովում: Թե որքանով կհաջողվի այս համաժողովրդական շարժմանը, չեմ կարող ասել, բայց որոշ վտանգների եմ տեսնում: 1988- 90-թվականների փորձից հստակ է, որ տեղերում ու շատ դեպքերում անօրինական ձեւավորում են իշխանություններ, այսինքն` մարդկանց խմբեր, որոնք սկսում են հավակնել ոչ ռեալ իշխանություն, ու սա առաջացնում է անկառավարելիության անհասկանալի մթնոլորտ: Նման պարագաներում հեղափոխական դիրքերից հանդես է գալիս ամեն մեկը , ընդորում, մարդիկ, որոնց անցյալը նույնպես բավականին կասկածելի է: Սա իր վնասը բերելու է այս շարժման ղեկավարներին»:

ԲՀԿ առաջնորդի՝ «Եթե իշխանությունը շարունակի անտեսել ժողովրդական շարժումը, մենք միասնական շարժմամբ հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն  եւ արտահերթ ընտրություններ» հայտարարությունից, ՀՀԿ-ական պատգամավորը նկատել է Ծառուկյանի ամբիցիաները.«Ակնհայտորեն նկատվեց Ծառուկյանի անձնական ամբիցիաները, այլեւս Ծառուկյանը չի թաքցնում, որ ինքը գոնե հոգեբանորեն պատրաստ է ստանձնել ամենաբարձր պատասխանատվությունն այս ամենի մեջ, փորձառություն, գիտելիք եւ այլն սա ժամանակը ցույց կտա: Սպասե՞լի էր նման հայտարարություն, թե՞ ոչ, քաղաքականության մեջ ամեն ինչ կարելի սպասել: Ժամանակը ցույց կտա, թե որքանով այս ամենը օգտակար կլինի: Ոչ մի հեղափոխություն լավ բանի չի բերել, իսկ իրենք խոսում են հեղափոխության մասին: Իրենք ասում են, թե մայդանի կոչ չեն անում, բայց ասում են՝ պատրաստ ենք հարյուր հազարներով ճնշում գործադրել: Դա էլ մայդանի մի այլ ձեւ է»: Պատգամավորը առայժմ իշխանափոխության ռեսուրս չի տեսնում, իսկ իշխանություններն էլ, վստահեցնում է, որ քաղաքական մրցակցությունից չեն խուսափում ու այս ամենին հանգիստ են վերաբերում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031