Թեև Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունից «Ազատությանը» պաշտոնապես հայտնել են, որ «մերժել են ռուսաստանյան «Գռոզնի Ավիա» ընկերության Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտը», սակայն ավիատոմսերի վաճառքով զբաղվող երևանյան մի քանի ընկերություններում, ինչպես նաև «Գռոզնի Ավիա»-ի կայքէջից այսօր կարելի է ձեռք բերել այդ չվերթի տոմսեր:
«Գռոզնի Ավիա»-ի առաջարկած տոմսերի գինը սկսվում է 8 700 ռուբլուց, երևանյան ընկերություններում ZG-740 կոդն ունեցող Երևան-Սիմֆերոպոլ չվերթի տոմսերը սկսվում են 87 500 դրամից։ Նաև տեղեկացնում են՝ «Զվարթնոց» օդանավակայանից առաջին թռիչքը կայանելու է նոյեմբերի 17-ին, 15:00-ին, թռիչքը տևելու է մոտ երկու ժամ և թռչելու են «Յակ-42» ինքնաթիռով:
Այն, որ «Գռոզնի Ավիա» ընկերությունը մտադիր է կանոնավոր ուղիղ ավիաչվերթներ կազմակերպել Երևանի ու Սիմֆերոպոլի միջև, առաջինը սեպտեմբերի 30-ին հայտնեց ռուսաստանյան «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը հղում կատարելով Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինին:
«Գռոզնի Ավիա»-ի փոխադրումների ծառայության ղեկավար Տիմուր Շիմաևը «Ազատության» հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը: Ի սկզբանե նախատեսվում էր, որ կանոնավոր չվերթները իրականացվելու են հոկտեմբերի 10-ից: Սակայն հետո ժամկետները հետաձգվեցին, և երեկ «Ինտերֆաքսի» հետ զրույցում Ղրիմի տրանսպորտի նախարար Ցուրկինը հայտարարեց, որ թռիչքները սկսվելու են նոյեմբերի 16-ին:
Կարդացեք նաև
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ դեռ 2011-ի մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ լինել Երևան-Ստեփանակերտ ավիաթռիչքի առաջին ուղևորը։
«Անցել են տարիներ, սակայն չնայած խոստմանը Հայաստանի իշխանությունները բացեցին ոչ թե դեպի Ստեփանակերտ չվերթը, չնայած այնտեղի օդանավակայանը վաղուց պատրաստ է, այլ պատրաստվում են բացել դեպի Սիմֆերոպոլ չվերթը»,- ասաց փորձագետը.- «Քաղաքական առումով սա ուղղակի անպատվություն է հայկական պետականությանը։ Հայաստանը էապես կփչացնի իր հարաբերությունները նախ և առաջ Ուկրաինայի հետ, իսկ Ուկրաինան Հայաստանի համար չափազանց կարևոր երկիր է։ Իհարկե, Հայաստանը կփչացնի իր հարաբերություններն Արևմուտքի հետ, ընդ որում դիմացը չստանալով ընդհանրապես ոչինչ»։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում