Այսօր մենք ձեր կողքին ենք ՝ հիմնական խնդիրները կարգավորելու, միասնական լինելու, համախմբելու», Ազատության հրապարակում հայտարարեց Գագիկ Ծառուկյանն՝ ասելով, որ ոչ մի անօրինական բան իրենք չեն անում:
Նրա խոսքերով՝ «Ամենակարեւորը՝ մենք պետք է միասնական լինենք: Շտապելը հաջողության չի բերի: Մենք գործը սկսել ենք, պետք է ավարտենք: Ես ձեր կողքին եմ մինչեւ վերջ»:
Գագիկ Ծառուկյանը նաեւ հայտարարեց մի քանի դրույթ. «Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Հայաստանին անհրաժեշտ են նոր որակի իշխանություն, համաձա՞յն եք»:
Կարդացեք նաև
Հավաքվածները գոռացին` այո՜:
Նա ասաց, որ իրենք կողմ են խաղաղ իշխանափոխությանը. «Մենք մայդանի կոչ չենք անում, բայց մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը եւ ամեն գնով իշխանության վերարտադրման ծրագրերի իրականացումը»:
Նա ասաց, որ պետք է վերանայվի Հայաստան-Սփյուռք հարաբերութունները, օգտագործվի Սփյուռքի ներուժը:
«ԲՀԿ-ն երկրի ներսում չունի թշնամիներ: Երկրին պետք չեն ներքին թշնամիներ»- ասաց նա՝ ավելացնելով. «Որեւէ մեկի մոտ կասկած չպիտի լինի, որ մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը: Այսօրվանից սկսած՝ մենք սկսում ենք միասնական շտաբերի ձեւավորում՝ Հայաստանով մեկ՝ համախմբելու ոչ իշխանական ուժերին, ողջ ժողովրդին: Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Եթե իշխանությունը շարունակի անտեսել ժողովրդական շարժումը, մենք միասնական շարժմամբ հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն եւ արտահերթ ընտրություններ: Մեր գործն արդար է:
Նա նաեւ հայտարարեց, որ ոչ մի նստացույց այսօր չի լինելու: Եթե դրա կարիքը լինի, մյուս հանրահավաքին այդ հարցը կբարձրացնեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ