ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով միջոցառում: Համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրեր-դուստրեր լուսանկարների ցուցահանդեսի և «Արմնյուզ» հեռուստաընկերության պատրաստած փոքրիկ տեսաֆիլմի միջոցով հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծեց, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը խնդիր է ոչ միայն առողջապահության ոլորտի, այլև հասարակության համար:
«Այստեղ առկա է սոցիալական, հոգեբանական, աշխարհայացքի, ինչպես նաև ազգային մտածելակերպի խնդիր, որի լուծումը պետք է լինի առողջապահության համակարգի և հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ: Ֆլեշմոբի մասնակիցները մեկ անգամ ևս փորձեցին հանրությանը ցույց տալ, որ աղջիկ երեխա ունենալը մեծ հարստություն է և այս փաստը պետք է բոլորն ընդունեն»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և միջազգային փորձագետներն ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Բանակցություններ են վարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։ Արդյունքում կմշակվի «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ, որը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը։ Նախարարությունը նպատակ ունի հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ այնպիսի կարգավորումներ և մեխանիզմներ մշակել, որոնք մոր առողջության համար ռիսկեր չեն ավելացնի։ Առաջնային կլինի նորածնի սեռի նախապատվության առումով կնոջ, ընտանիքի, հասարակության վարքագծի վրա ազդող մեխանիզմների մշակումը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ ֆլեշմոբ անցկացնելու գաղափարն առաջացել է ինքնաբուխ: Նա շնորհակալություն հայտնեց ֆլեշմոբի հեղինակ Արամազդ Ղալամքարյանին, ով ֆեյսբուքյան էջում առաջինը դրեց իր դստեր նկարը` ներկայացնելով խնդրի վերաբերյալ իր անձնականը տեսակետը:
«Այս ֆլեշմոբը ցույց տվեց, որ իրականում տվյալ խնդրի մասին խոսելու հասարակական պահանջ կա: Եվ, որ սոցիալական ցանցն այն միակ հարթակն էր, որտեղ հայրերը հպարտությամբ էին տեղադրում իրենց աղջիկների լուսանկարները»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:
Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված «Իսկ դու ունե՞ս աղջիկ» էջը չորս օրում ունեցել է 120 հազար դիտում, ինչը ՏՏ ոլորտի մասնագետների գնահատմամբ բարձր ցուցանիշ է: Ֆեյսբուքյան Էջում, ընդհանուր առմամբ, տեղադրվել է չորս հազարից ավելի նկար: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում տարեկան 1500-2000 աղջիկ երեխա չի ծնվում միայն սեռի պատճառով: Աշխարհում ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղան՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածնի հաշվով: Մինչդեռ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում այս հարաբերակցությունն էականորեն խախտված է, ինչն ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին:
Օգոստոսից մեկնարկած ֆեյսբուքյան ֆլեշմոբը սոցիալական կարևոր նախաձեռնություն էր, որը մեծ հանրային արձագանք ստացավ՝ առաջին իսկ շաբաթվա ընթացքում հասնելով ավելի քան հարյուր հազար մարդու։ Միտված էր հանրային կարծիքի և վարքագծի փոփոխությանը: «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբի նախաձեռնողներից Արամազդ Ղալամքարյանի և իր համախոհների կարծիքով օրենսդրական փոփոխություններին համընթաց պետք է քայլեր ձեռնարկվեն մեր երկրում հասարակության գիտակցությունը խնդրի շուրջ բարձրացնելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 11-ին, արդեն երրորդ անգամ Հայաստանում նշվել է Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի շրջանակում կազմակերպված միջոցառման շնորհիվ ՀՀ առողջապահության նախարարությունը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ցանկանում են ևս մեկ անգամ հրավիրել հասարակության ուշադրությունը այս կարևոր խնդրի վրա:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Ֆլեշմոբի մասնակիցներին նվիրեց հայ տասը թագուհիների մասին պատմող գիրք:
ՀՀ առողջապահության նախարարություն